Ինչու՞ պետք է Երևանի ավագանու նիստերը փակ լինեն, իսկ Գյումրու նիստերը` բաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Դավիթ Հարությունյանը ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն` ավագանու նիստերին արգելված է լրագրողների ներկայությունը: «Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններում հավատարմագրված լրագրողները իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որը ապահովված է ավագանու հրապարակային նիստերը առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակմամբ դիտելու եւ ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ, իսկ ավագանու նիստերի դահլիճում կարող են ներկա լինել Երեւանի քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ»,- նշված է նախագծում: Իսկ այն ուժի մեջ կմտնի ապրիլի 9-ից՝ ՀՀ նորընտիր նախագահի լիազորությունները ստանձնելու օրվանից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գյումրիի ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, անդրադառնալով այս օրինագծին, ասաց. «Դավիթ Հարությունյանը սպասարկում է Սերժ Սարգսյանի շահերը` ինչքան որ իրենից պահանջեն։ Օրինագիծը ամբողջովին հակասում է տեղական ինքնակառավարման մասին օրենքին, Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենիքն եւ Երեւանի ավագանու կանոնակարգին։ Այդ նիստերը պետք է լինեն հրապարակային. հրապարակային նշանակում է պարզ, մարդկանց համար մատչելի, մարդկանց ներկայությամբ: Դավիթ Հարությունյանը փայլուն հասկանում է այս ամբողջը ու որոշել է օրենքի մեջ նման փոփոխություններ կատարել, որովհետեւ իր պատվիրատուները այդպես են պատվիրել իրեն։ Սա տեղական ինքնակառավարման, ժողովրդավարության, բացության, թափանցիկության, հանրային մասնակցության հետ որեւէ կապ չունցող բան է»։

Ըստ Բարսեղյանի` այս նախագիծն ամենեւին էլ զարմանալի չէ: «Սա արվում է` իշխանության վարքը, գործողությունները հանրությունից հետզհետե փակելու նպատակով, այլ նպատակ այստեղ չկա։ Իրենք կարծում են, որ իրենց գործողությունները հանրության համար թափանցիկ չպետք է լինեն, բայց աջ ու ձախ խոսում են թափանցիկությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, ժողովրդավարությունից, բայց օրենքների մեջ կատարում են թափանցիկությունը սահմանափակող գործողություններ,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով,-ես հարց ունեմ իրենց, ինչու՞ պետք է Երեւանի ավագանու նիստերը փակ լինեն, իսկ Գյումրու, կամ Լճաշենի ավագանու նիստերը` բաց, ի՞նչ սկզբունքով։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքը ասում է, որ Երեւանն էլ է համայնք, ամենափոքրիկ գյուղն էլ է համայնք, մնացած բոլոր քաղաքներն էլ համայնք են։ Սա նշանակում է, որ կառավարության նիստերը փակելուց հետո էդ մարդիկ չանչերը գցում են քաղաքների ավագանու նիստերը փակելուն։ Ընդհանրապես ամեն ինչ ուզում են փակած լինեն։

Դեռ լրագրողները մի կողմ, լրագրողներին հանգիստ թողնենք, բոլոր քաղաքացիները գործող օրենսդրությամբ իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու նիստերին: Ուրիշ բան, որ փակում եւ չեն թողնում ներկա գտնվել, եւ շատ քաղաքներում մարդիկ օգտվում են այդ իրավունքից, բացառություն է միայն Երեւանը»։

Լյուսի Պողոսյան




Լրահոս