ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԿԱՍԿԱԾ, ՈՐ ԱՅԴ ՊԱՅՔԱՐԸ ԹԵԼԱԴՐՎՈՂ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն ըստ էության չի բացառել վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու հավանականությունը, թեեւ ասել է, որ չի հավակնում այդ պաշտոնին: Միաժամանակ մի քանի ուժեր հայտարարել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքար նախաձեռնելու մասին: Այս եւ ներքաղաքական այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան, քաղաքական դաշտում հիմնական թեմաներից մեկը վարչապետի ընտրության հարցն է, եւ որպես թեկնածու Սերժ Սարգսյանի անունն է շրջանառվում: Ըստ Ձեզ` Սարգսյանը ետ կկանգնի՞, ասելով, որ չի հավակնում այդ աթոռին, թե՞ ամեն պարագայում կանի ամեն ինչ` վարչապետի կարգավիճակում պաշտոնավարումը շարունակելու համար:
-Ինքը կործանել է այս երկիրը կոնկրետ քայլերով: 2015 թվականին, երբ մենք աջ, ձախ, գոռում, բոլորին համոզում էինք, որ Սահմանադրություն փոխելը նշանակում է իշխանության հավերժացում Սերժ Սարգսյանի ձեռքին, մեզ չէին հավատում, չէին ուզում հավատալ, լուրջ չէին վերաբերվում. կեղծ օրակարգ համարեցին, ծուղակ համարեցին: Մի փոքր «Ժառանգություն» կուսակցությունը մեզ աջակցեց այս հարցում եւ «Ազատություն» կուսակցությունը: Բայց հիմնական քաշող ուժը եւ մտահոգություն արտահայտողը Կոնգրեսն է եղել եւ ՀԺԿ-ն: Եվ մենք ասում էինք, որ եթե հանկարծ այս Սահմանադրությունն ընդունվեց` վե՛րջ, երկրի թիվ մեկ քաղաքական կամպանիան, որ կոչվում է նախագահական ընտրություններ, վերանում է: Իշխանությունը ժողովրդին զրկեց ամենադեմոկրատական միջոցառումից: Որտե՞ղ եք տեսել` ժողովուրդը չմասնակցի իր երկրի թիվ 1 ղեկավարի ընտրությանը: Եվ Սերժ Սարգսյանը ոչնչացրեց այս համակարգը միայն նրա համար, որ այս ապրիլին հանգիստ, առանց լարումների, առանց կրակոցների, առանց դեբոշների նստի վարչապետ: Եվ նա երբեք ետ չի կանգնի: Ինքը շատ լավ գիտի, որ եթե աթոռը չլինի, ինքը չկա: Եվ պատահական չէ, որ մի շարք օրինագծերով ուժեղացնում է եկող վարչապետի դիրքը: Բացի այդ` երկրորդ քայլն արեց. ընտրել այնպիսի խորհրդարան, որտեղ կրիմինալն է, խելոք թաթիկները բարձրացրած «քաղաքական գործիչներն» են, խորհրդարան, որտեղ համարյա չկա միտք, կամք: Նրանք փակ էլ քվեարկեն, 100 տոկոս են քվեարկում, բաց էլ քվեարկեն, էլի 100 տոկոս են քվեարկում: Միտք, մրցակցություն, այլընտրանք չկա այդ խորհրդարանում: Եվ այդ խորհրդարանի բոլոր ուժերը ճանաչել են այդ խորհրդարանը: Միայն մենք ենք, որ հայտարարել ենք այն մասին, որ ոչ լեգիտիմ է այս խորհրդարանը: Ձեզ թվում է` մենք չէի՞նք ցանկանա, որ այս գաղափարին հարյուրավոր ՀԿ-ներ ու տասնյակ կուսակցություններ միացած լինեին, որ ժողովուրդն էլ դուխով, վստահությամբ, որ իրեն չեն կոտրի, դուրս գար փողոց, ու Սերժ Սարգսյանին ասեինք` վե՛ր կաց ու քո կեղծված Սահմանադրությամբ հեռացի՛ր այս երկրից: Չկա, կերել են ամեն ինչ…
-ՀՀԿ-ականները վերջին օրերին պարբերաբար շեշտում են, թե Ս. Սարգսյանն անփոխարինելի է: Սրանով ի՞նչ են փորձում ասել:
-Իրենց տեսակի համար անփոխարինելի է: Ճիշտ են ասում. իրենց տեսակն է. մտածելու զոռ չեն տալիս, խնդիր լուծելու, որոշում կայացնելու խնդիր չունեն: Հրահանգը գալիս է, իրենք կատարում են:
-Մի շարք ուժեր, մասնավորապես «Երկիր Ծիրանի», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, «Հանուն Հայաստանի փրկության ճակատ» նախաձեռնությունը որոշել են պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Իրենք հնարավորություն ունե՞ն հաջողելու:
-Ես բոլորին հաջողություն եմ ցանկանում: Որքան հաջողեն, այնքան լավ, որքան շատ պայքարեն, այնքան լավ:
-Իսկ ժողովո՞ւրդը…
-Ժողովուրդն ինքը պետք է որոշի: Մենք, օրինակ, մեր ժողովրդին միշտ ազատ ենք թողել, իրենք պետք է որոշեն: Ժողովուրդը գրագետ է. ինքը տարբերում է թացը չորից, կեղծն անկեղծից, թելադրվողն ըմբոստից: Մենք ուշադիր հետեւում ենք իրադարձություններին, վերլուծում ենք: Թող որ հաջողեն այդ պայքարող ուժերը: Ունեմ ներքին վերապահումներ, բայց դրանք չեմ ներկայացնի, որպեսզի չխանգարի իրենց` մարդաշատ միջոցառումներ անելու հնարավորությանը:
-Այն, որ վերոնշյալ ուժերը որոշել են պայքարել Ս. Սարգսյանի հետագա վերարտադրության դեմ, Ձեր կարծիքով` կարո՞ղ է մտահոգել ՀՀԿ-ականներին, մասնավորապես Սերժ Սարգսյանին:
-Չեմ կարծում: Իրենք իրենց մտահոգությունների հարցն արդեն լուծել են: Այս խորհրդարանում այն հանգամանքը, որ 10.000 դրամով պատգամավոր են դարձել, այդ մարդկանցով հնարավոր չէ այս Ազգային ժողովում այլընտրանք բերել: Ես չեմ կարող պատկերացնել, որ այս խորհրդարանը կարող է հրապարակում եղածներից մեկին առաջարկի որպես վարչապետի թեկնածու: Դա հեքիաթի ժանր էլ չի, նման անլուրջ հեքիաթ որեւէ մեկը չի էլ գրի: Ես այս պայքարի նախաձեռնումը չէի համարի ուշացած կամ անարդյունավետ, եթե այդ մարդիկ այն ժամանակ` 2015-ին էլ պայքարած լինեին: Խորհրդարանական ընտրություններից հետո մենք դիմեցինք Սահմանադրական դատարան, ո՞վ մեզ միացավ: Որոշ ուժեր այդ ընտրությունների արդյունքներն ընդունել են, իսկ եթե բոլորը ընդունում են, էլ ինչո՞ւ այս խորհրդարանի որոշումը քեզ համար պետք է օրինաչափ չլինի: Դրա համար կարող է լինել կասկած, որ այս պայքարը թելադրվող է:

 

 

 

«Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ ԵՄ ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ՀԵՏ»

Մի քանի օր է` Ազատության հրապարակում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ընկերների հետ նստացույց է անցկացնում: Նպատակը մեկն է` զրկել Սերժ Սարգսյանին եւս մեկ անգամ պաշտոնավարելու հնարավորությունից արդեն վարչապետի կարգավիճակում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վոլոդյա Ավետիսյանի հետ:

-Պարո՛ն Ավետիսյան, նստացույցը հա՞րթ է ընթանում, թե՞ Ձեզ վրա փորձում են ճնշում գործադրել:
-Ինձ վրա դեռ ոչ, բայց երիտասարդ ունեինք` Արթուր անունով, իր մայրիկին Ապարանում տարել էին ոստիկանություն ու ստիպել, որ դիմում գրի, նշի, թե տղան երեք օր է` կորած է: Իսկ Արթուրին առավոտից զանգահարում էին ոստիկանությունից եւ ասում, որ գնա տուն: Ավելի ուշ, երբ նա այստեղից դուրս եկավ, որ գնա հիվանդանոց` մտերիմներից մեկին տեսակցության, ճանապարհին իրեն բռնել են ոստիկաններն ու տարել տուն: Այսպես ընկել են յուրաքանչյուրի ետեւից, որ դուրս չգան փողոց: Բայց մենք ի՞նչ ենք անում. պաստառներ ենք կպցրել, մի քանի հոգով ենք, բայց շուրջբոլորս ոստիկանները վխտում են:
-Բայց դրանով կարո՞ղ են ազդել Ձեզ վրա:
-Ինձ վրա չեն կարող ազդել, միանշանակ: Ում վրա կազդեն, չեն ազդի, դա չգիտեմ. ժամանակը ցույց կտա:
-Ձեր պայքարին այլ անձինք միանալո՞ւ են:
-Այո՛, այժմ քննարկվում է այդ հարցը. մի շարք մարդիկ որոշում են` ինչ ձեւաչափով պետք է պայքարը շարունակվի, որպեսզի Սերժ Սարգսյանի ռեժիմը չվերարտադրվի: Այդ վերարտադրությունը որ ընդհանրապես չլիներ, ավելի լավ կլիներ: Սա է ընդհանուր խնդիրը, որ ժողովրդին հանենք ոտքի:
-Ըստ Ձեզ` ինչո՞ւ Ս. Սարգսյանը չի ցանկանում հեռանալ:
-Չի ցանկանում, քանի որ այդ տիպի մարդիկ կան` աթոռից, իշխանությունից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Իրենց համար գոյություն չունի ընտանիք, երեխաներ, ժողովուրդ, պետություն. իրենք միայն հարստանան ու իշխանության լինեն: Ոնց ուզեն` անեն, ինչ ուզեն` անեն: Այդ տեսակ մարդ է նա, որը շատ վտանգավոր է: Ես իրեն համեմատում եմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այդ մարդն իր երկրում նախագահ մնալու համար ամբողջ Սիրիան ոչնչացրեց: Այդ տիպի մարդ է նաեւ Սերժ Սարգսյանը, դրա համար պետք է հեռացնենք:
-Եթե Ս. Սարգսյանը, այնուամենայնիվ, դառնա վարչապետ, ի՞նչ ենք ունենալու արդյունքում:
-Դե, տասը տարի ինչ ենք ունեցել` արտագաղթ, թալան, կոռուպցիա, սպանություններ, մարտի 1-եր, հոկտեմբերի 27-եր, եւ ինքն այդ ամենին մասնակից է` Ռոբերտ Քոչարյանի հետ միասին: Մեր երկիրը քանդել են, քարը քարին չեն թողել: Իրար հետ են իրենք արյուն թափել, իրար հետ էլ կիսել են իշխանությունը: ՀՀԿ-ում իրենց երեխաների ապագայի համար էլ չեն մտածում, այսինքն` երկար չեն մտածում, էլի: Այսօր, այս պահին լավ է, վերջացա՛վ: Իսկ թե հետո ի՞նչ կլինի, իրենց չի հետաքրքրում, ինչը շատ վատ է:

Նյութերը՝ ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ԿՐԿԻՆ ԴՌՆՓԱԿ
Ապրիլի 9-ից հետո մի շարք պաշտոնյաներ այլեւս հնարավորություն չեն ունենա մասնակցել կառավարության նիստերին, մինչդեռ հիմա նրանք ունեն այդ իրավունքը: Կառավարության նիստերին այդ պաշտոնյաները կմասնակցեն միայն վարչապետի կողմից նախատեսված դեպքերում: Մասնավորապես փոփոխություններ են կատարվել կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում, եւ ամրագրված է, որ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Երեւանի քաղաքապետը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, ՏՄՊՊՀ նախագահն ու Կենտրոնական բանկի նախագահը այլեւս իրավունք չեն ունենա մասնակցել կառավարության նիստերին՝ բացառությամբ, եթե առկա է հրավեր:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՄԱՐԶՊԵՏԻ
Դատական հայց է ներկայացվել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարզպետն աշխատանքից ազատել է մարզպետարանի աշխատակից Վարազդատ Հակոբյանին, վերջինս էլ իր իրավունքները վերականգնելու համար դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել աշխատանքի եւ վճարել հարկադիր պարապուրդի գումարը: Նկատենք, որ քաղաքացի Վարազդատ Հակոբյանը այսքանով չի բավարարվել եւ դատարան միջնորդություն է ներկայացրել, որ պատասխանողին, ի դեմս մարզպետի, արգելեն որոշակի գործողությունների իրականացումը: Սակայն դատարանը մերժել է Հակոբյանի միջնորդությունը, ինչը ըստ էության այդքան էլ զարմանալի չէ:

 

 

 

ԻՆՉՊԵՍ ՈՐՈՇՎԻ…
Նախարարները դեռեւս խուսափում են անդրադառնալ հարցին, թե արդյո՞ք իրենց երաշխիքներ տրվել են առաջիկայում ձեւավորվելիք կառավարության կազմում ընդգրկելու առումով: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հարցին` իր համար Սերժ Սարգսյա՞նն է վարչապետի նախընտրելի թեկնածու, թե՞ Կարեն Կարապետյանը, ասաց. «Հարցը… կուսակցությունն ինչպես որոշի` ում առաջադրի, նա էլ կլինի»: Իսկ հաշվի առնելով այն ծրագրերը, որ Կարեն Կարապետյանն իրականացրել է, արժի՞, որ շարունակի, շա՞տ գործ է արվել, այս կապակցությամբ Մարտիրոսյանն ասաց. «Գործերը բոլորը ներկայացվում են ժամանակի ընթացքում: Գործերը կատարվում են, եւ արդյունավետությունը կարող եք Դուք գնահատել: Ժողովուրդը պետք է գնահատի: Գիտեք, պարտադիր չի` մեկը գա, մի բան անի, ուրիշը գա` ուրիշ բան անի, երրորդը գա` ուրիշ բան: Գործերը շարունակական են»: Իսկ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, Մարտիրոսյանի կարծիքով` արդյո՞ք ինքը կլինի այդ կառավարությունում, նախարարը նշեց. «Ինչպես կուսակցությունը որոշի»: Մարտիրոսյանն անգամ չցանկացավ բարձրաձայնել իր ցանկության մասին` ուզո՞ւմ է մնալ նախարարի պաշտոնում, թե՞ ոչ, այլ այս դեպքում նույնպես վկայակոչեց կուսակցության որոշումը:




Լրահոս