Ուր է շինարարության գումարը. Գարեգին Բ-ի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. հոկտեմբերի 30-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Դիլիջանում կատարեց եկեղեցու հողօրհնեքի արարողություն` այդպես տալով եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկը: Այն պետք կառուցվեր Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով, Ռուբեն Վարդանյանի եւ Գագիկ Ադիբեկյանի բարերարությամբ: Երկուսուկես տարի է անցել, սակայն եկեղեցու շինարարությունը չի սկսվել, թեեւ Դիլիջանում ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ՝ նպատակ ունենալով այդ գործի համար ներգրավել լրացուցիչ ֆինանսներ:

Դիլիջանի քահանա Տեր Շավարշ Սիմոնյանն ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, թե շինարարության մեկնարկի ուշացման պատճառը եկեղեցու նախագծում նախատեսված փոփոխություններն են եղել: Երկուսուկես տարին ավելի քան բավարար էր նախագծում փոփոխություններ կատարելու համար: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ 18.667 բնակիչ ունեցող Դիլիջանում եկեղեցի չկա, 2010 թվականից Տեր Շավարշ քահանան հոգեւոր արարողություններ է կատարում «Թուֆենկյան» թանգարանային համալիրի մաս կազմող սենյակներից մեկում: Այդ սենյակի համար Հայ առաքելական եկեղեցին «Թուֆենկյան» ընկերությանը ամսական վճարում է 90 հազար դրամ: Փոքր սենյակը չի տեղավորում հոգեւոր արարողություններին մասնակցել ցանկացողներին: Դիլիջան քաղաքից ամենամոտ եկեղեցին գտնվում է շուրջ 15 կմ հեռավորությամբ, Հաղարծին վանական համալիրում:

Դիլիջանի քաղաքապետարանի «Դիլիջան» պաշտոնաթերթը տարիներ առաջ տեղեկացրել է, որ ամերիկահայ, Ֆրեզնո քաղաքում բնակված (այժմ լուսահոգի) Ջոն Սթիվենսը (Հովհաննես Ստեփանյան) Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար 2006թ. նվիրաբերել է 1 միլիոն ամերիկյան դոլար: Հավաստի տեղեկություններով` Ջոն Սթիվենսը, որը ջերմ հարաբերություններ ուներ նախկինում Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի հետ, Տավուշի մարզի Դիլիջան եւ Բերդ քաղաքներում եկեղեցիներ կառուցելու համար նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլար: Բերդում եկեղեցու հիմնարկեքը կատարվեց 2012թ. մայիսի 20-ին, օծումը` 2014-ի սեպտեմբերի 14-ին: Գարեգին Բ Կաթողիկոսը, տպավորված Հովհաննես Ստեփանյանի մեծահոգությամբ, ով մահացավ` չտեսնելով նորակառույց եկեղեցին, Բերդի Սուրբ Գեւորգ եկեղեցու տեղում կառուցված եկեղեցին վերանվանեց բարերարի բարեխոս Սրբի` Սուրբ Հովհաննես առաքյալի անունով:

Բերդի եկեղեցու նախահաշվային արժեքը կազմել է 430 միլիոն դրամ: Շինարարության հիմնական մասն իրականացվել է սփյուռքահայ Հովհաննես Ստեփանյանի նվիրաբերած գումարով: Շինարարական աշխատանքներին մասնակցել է նաեւ Բերդ համայնքը եւ հանգանակության արդյունքում ձեռք է բերել եկեղեցու 55 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ զանգը: Ո՞ւր գնաց Դիլիջանում եւ Բերդում եկեղեցիներ կառուցելու համար բարերարի նվիրաբերած 2 միլիոն 250 հազար դոլարի զգալի մասը: Դիլիջան այցելող զբոսաշրջիկները զարմանում են, որ աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած Հայաստանի` 18 հազար բնակիչ ունեցող քաղաքում ոչ մի եկեղեցի չկա:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս