ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական համալսարանը, «Նաիրի Ինշուրանս» եւ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունները հայտնվել են տհաճ իրավիճակում: ԵՊՀ կարիքների համար հայտարարված հրատապ բաց մրցույթում մասնակցել են նշված ապահովագրական ընկերությունները, սակայն «Ռոսգոսստրախ»-ը պնդում է, որ խախտվել են իր իրավունքները:

«Երեւանի պետական համալսարան հիմնադրամը» իր կարիքների` «Առողջության ապահովագրության ծառայությունների» ձեռքբերման նպատակով հայտարարել էր հրատապ բաց մրցույթ: Դրան մասնակցելու նպատակով սահմանված կարգով հայտեր են ներկայացրել «Ռոսգոսստրախ Արմենիա», «Նաիրի Ինշուրանս» եւ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գնահատող հանձնաժողովը «Նաիրի Ինշուրանս»-ի հայտը ճանաչել է մրցույթի հրավերի որոշ կետերին չհամապատասխանող: Սակայն այս որոշման հետ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը չի համաձայնել եւ բողոքել է` պնդելով, որ գնահատող հանձնաժողովը կայացրել է ՀՀ օրենսդրության մի շարք դրույթների խախտմամբ որոշում եւ պահանջել է դադարեցնել դրանք: Եւ «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը հասել է իր նպատակին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ չնայած այս ամենին` ԵՊՀ-ն, այնուամենայնիվ, շարունակել է բանակցել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ:
Ըստ ԵՊՀ պարզաբանման՝ ընտրվել է երրորդ նվազագույն գնային առաջարկ ներկայացրած կազմակերպությունը` «Նաիրի Ինշուրանս»-ը, որից էլ պահանջվել է ներկայացնել որակավորման չափանիշների համապատասխանությունը հիմնավորող հրավերով սահմանված փաստաթղթեր: Ավելին` ԵՊՀ-ն գնի նվազեցման նպատակով «Նաիրի Ինշուրանս»-ի հետ սկսել է բանակցություններ վարել, քանի որ ներկայացրած գնային առաջարկը գերազանցել է հոգաբարձուների խորհրդի նիստում մրցույթի արդյունքում հաստատված նախահաշվային գինը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԵՊՀ-ի եւ «Նաիրի Ինշուրանս»-ի «բանակցություններին» դեմ է դուրս եկել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը:
Իր հերթին «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը հայց է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ ԵՊՀ գնահատող հանձնաժողովի: Մինչդեռ ԵՊՀ հիմնադրամը, անտեսելով այս փաստը, շարունակել է բանակցությունները «Նաիրի Ինշուրանս»-ի հետ եւ ընկերությանը ժամանակ է տրամադրել` փաստաթղթեր ներկայացնելու համար: Ըստ «Ռոսգոսստրախ»-ի` սրանով ԵՊՀ-ն խախտել է ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես «Նաիրի Ինշուրանս»-ին հաղթող ճանաչելու դեպքում «Նաիրի Ինշուրանս»-ին հաղթող ճանաչելու մասին որոշումը անվավեր համարելու հայցապահանջը դառնում է իմաստազրկված, քանի որ նույնիսկ դատական գործը շահելու պայմաններում վերջինս զրկված կլինի մրցույթին մասնակցելուց, որովհետեւ այդ պահին մրցույթն արդեն ավարտված կլինի:
Այսպես` խորհուրդն արձանագրել է, որ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն, հաշվի առնելով, որ իր շահերը կարող էին խախտվել «Նաիրի Ինշուրանս»-ի կողմից ընթացակարգի գնահատող հանձնաժողովի կայացրած որոշումների բողոքարկման հիմք ծառայած գործողությունների արդյունքում, իրավունք ուներ մինչեւ բողոքի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը խորհուրդ ներկայացնել համանման բողոքը: Արդյունքում խորհուրդը որոշել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից ներկայացրած բողոքը մերժել:
Ասել է, թե «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, որ ըստ մամուլի հրապարակումների` պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` Լեւոն Քոչարյանին, հաղթել է ռուսական «Ռոսգոսստրախ»-ին:
Ի դեպ, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ առողջության ապահովագրական ծառայություններ կնքում են գրեթե բոլոր գերատեսչությունները: Դրանց թվում է նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Փաստորեն մայր բուհը եւս համալրել է դրանց շարքերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲՆԱԿՎԵԼ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Լիլիթ Ստեփանյանի ու Արմինե Հարությունյանի ընտանիքները բնակվում են Վանաձորի Երեւանյան խճուղում գտնվող վթարային հանրակացարանի վերջին՝ երրորդ հարկում: Դժգոհում են՝ պատերը, առաստաղը քանդվում են, անձրեւաջուրը իրենց սենյակներն է լցվում, միջատներն ու կրծողները՝ եւս:

«Էս տարի, որ ձյուն չեկավ, էնքան ուրախացել էինք, որովհետեւ ձյունը մեր տներում է հալվում; Ինչքան ենք աղոթել, որ էս ձմեռը սենց անցնի, ոչ մեկիս տանը հալոց, կաթոց չլինի, գոնե չգնանք, բողոքենք»- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց տիկին Լիլիթը: Նրա խոսքով` վառարանից վնասվել է նաեւ սենյակի պատը: ԱԻՆ-ի աշխատակիցները եկել, այրվածքներ են գրանցել, ցուցումներ տվել: «Քաղաքապետարանից եկան, կոսմետիկ վերանորոգումից խոսեցին, բայց ինչի մասին է խոսքը, եթե շենքը հիմք ու տանիք չունի»:
Շենքային պայմաններից բացի` վերջինս մտահոգում են նաեւ այդտեղ պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը՝ ոստիկանների, բնակիչների եւ այլոց մասնակցությամբ:
Նրանք տնակային ավաններից հանրակացարան են տեղափոխվել երկու տարվա պայմանով, բայց տասը տարուց ավել նույն տեղում են: Բնակապահովման խնդրով բազմիցս դիմել են տեղական իշխանություններին, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ոչինչ չի փոխվում:
Քաղաքապետարանից նրանց առաջարկվել է բնակվել Լենինգրադյան փողոցի բարձրահարկ շենքերից մեկում, որի պայմաններն իրենց ունեցածից չեն տարբերվում: «Մենք պահանջում ենք ինչ-որ ձեւով փոխհատուցեն կամ բնակարան հատկացնեն, ոչ թե քանդված շենքը ցույց տան, ասեն՝ գնացեք»:
Տիկին Լիլիթն ասում է՝ երբ խնդրով դիմում ենք քաղաքապետին, պատասխանում է՝ բյուջե չունենք, բայց ես տեղյակ եմ, որ քաղաքը բարեկարգելու համար 650մլն դրամ է մտել բյուջե, թող դրանից հատկացնեն:
Վանաձորի ավագանու` օրերս կայացած նիստում նրանք ներկա էին, եկել էին` կրկին բարձրացնելու իրենց հուզող հարցերը: Ավագանին որոշում է կայացրել խնդիրն ուսումնասիրելու համար հանձնաժողով ստեղծել: Ասում են` չենք պատրաստվում հանձնվել:

ՄԱՐՋԱՆ ՉՈԲԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔՐԳՈՐԾ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում գրանցված ընկերությունների դեմ` Լեռնային Ղարաբաղի տարածքում ծավալած հանքարդյունաբերական գործունեության համար: Հետաքննության թիրախում են Vallex Group, Base Metals, ACP, «Թեղուտ» ընկերությունները, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը», ինչպես նաեւ մի շարք ֆիզիկական անձինք: «Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում եւ այլ երկրներում իրավաբանական գրանցում ունեցող այս ընկերությունները, ինչպես նաեւ մի շարք անհատներ Հայաստանի տարածքից բազմիցս անօրինականորեն հատել են Ադրբեջանի պետական սահմանը: Նրանք գրավյալ տարածքներում, առանց պատշաճ գրանցման, ձեռնարկություններ են ստեղծել եւ անօրինական շահույթ են ստացել մեծ քանակի ոսկու եւ այլ գունավոր մետաղների արդյունահանման շնորհիվ», – պնդում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը: Ադրբեջանի իշխանությունների այս քայլերն իսկապես ծիծաղելի են թվում, ամենամեղմ բառերով ասած:

 

 

ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶԵԼ Է
Ըստ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի` վերջին 3-4 տարիների ընթացքում ձկնային ռեսուրսները Սեւանում գնալով ավելանում են, իսկ խեցգետնինը, հակառակը, գրեթե կրկնակի անգամ նվազել են։ Նրա խոսքով՝ Սեւանա լճի էկոլոգիական վիճակը վերջին երկու տարիների ընթացքում բավականին լավացել է, ինչն էլ դրական է ազդել լճում ապրող կենսառեսուրսների վրա։
«Բավականին լավ միտում է նկատվում ձկների աճի առումով։ Արդյունագործական պաշարները սիգի դեպքում հավասարվել է մոտ 554 տոննայի, ծածանը կազմում է մոտ 47 տոննա, իսկ իշխանի պաշարները տատանվում են 15-17 տոննայի սահմաններում»,- հայտնել է Է. Ղուկասյանը։ Սակայն խեցգետնի հարցում իրավիճակը հակառակն է։ Ոչ ճիշտ արդյունահանման արդյունքում խեցգետնի պաշարները նվազել են գրեթե կրկնակի անգամ։
«Չինական ծալովի որսագործիքների օգտագործման հետեւանքով խեցգետինների պաշարները լճում կտրուկ կրճատվեցին։ Սխալ գործիքի օգտագործման դեպքում հանվում են նաեւ մանր խեցգետինները»,-նշել է նա։ Հարցին, թե Սեւանա լճից պարբերաբար ջրի բացթողումը չի՞ վնասում կենսառեսուրսներին, Է. Ղուկասյանն ասել է. «Քանի որ լիճը բավականին մեծ էկոհամակարգ է եւ անմիջապես չի կարող բացթողման հետեւանքով իջեցմանն արձագանքել, առայժմ դեռեւս ոչ մի բացասական երեւույթ չի նկատվել։ Սակայն այս տարվա եղանակային պայմանները բնության համար բարենպաստ չէին։ Ջրամբարներում ջուրը շատ քիչ է, եթե երաշտային վիճակ լինի, բնականաբար նորից կանդրադառնան Սեւանա լճի բացթողումների հարցին, ինչը անցանկալի է, եւ ցանկացած իջեցում բացասաբար է անդրադառնում էկոհամակարգի վրա»։




Լրահոս