Հպարտ եմ. Սերժ Թանկյանը` Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին գրառում է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում նոր գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Նա գրել է.

«Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար: Հայերը, օգտագործելով քաղաքացիական անհնազանդությունը եւ իրենց ձայները, ստիպել են վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Իհարկե, շատ ավելի մեծ աշխատանք կա անելու, քանզի երկրում բարեփոխումների անհրաժեշտություն կա, որպեսզի մարդիկ իմանան, որ սա իրական հաղթանակ է և ոչ սիմվոլիկ: Բայց հիմա ես պարզապես ուզում եմ ասել, թե որքան հպարտ եմ, բոլոր երիտասարդներով, որոնք դուրս էին եկել փողոց և իրականացրեցին այս ամենը: Իմ ողջ սերը Ձեզ»:

Նշենք, որ ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանն ակտիվորեն հետեւում եւ մեկնաբանում էր Հայաստանում տիրող իրավիճակը: Երաժիշտն օրերս իր սոցցանցի-ի էջում անդրադարձել էր Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը. «Անհավանական է՝ Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին՝ բռնությամբ եւ մարտիմեկյան իրադարձությունների կրկնողությամբ, եթե վերջիներս չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցն ու դիմադրությունը: Նա, ասես, ոչ մի բանից տեղյակ չէ: Ես խնդրում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ որոշում կայացնել եւ անհապաղ հրաժարվել իշխանությունից, որպեսզի խուսափեն արյունահեղությունից եւ չդրդեն մարդկանց դա անել: Կարծում եմ՝ տեսանյութն ամբողջությամբ ցույց է տալիս, թե ինչ քիչ է նա մտածում իր ժողովրդի մասին»,-գրել է նա՝ անդրադառնալով նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ շարժման մյուս առաջնորդների հանդեպ ոստիկանության գործողություններին. «Ոստիկանությունը տարավ Նիկոլ Փաշինյանին եւ շարժման մյուս առաջնորդներին: Ամոթ»,-նշել էր նա:




Լրահոս