ԿԳԲ-Ի ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Քաղաքական նորությունների գործակալություն» կայքը հանդես է եկել սկանդալային հրապարակմամբ, որը վերնագրված է. «Հայկական «խլուրդը». ով եւ ինչու է պահում Վլադիսլավ Հասումյանովին նախագահական ապարատում»:Կայքը ներկայացրել է ՌԴ նախագահի աշխատակազմի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային ու մշակութային կապերի վարչության պետի տեղակալ Վլադիսլավ Հասումյանովի ստվերային հանցավոր գործունեությունը: Ըստ այդմ՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից՝ ներառյալ Աբխազիան ու Հարավային Օսիան, մինչեւ ՌԴ նախագահ Մեդվեդեւն է հասնում կոռուպցիայի մի խճողված թել, որի գլխավոր տարածողը ծագումով հայ, բայց Բաքվում ծնված Վլադիսլավ Հասումյանովն է: Կայքը գրում է, որ դեռ ուսանողական տարիներին նա մի կողմից լայն կապեր է ունեցել հանցավոր աշխարհի, մյուս կողմից ՊԱԿ աշխատակիցների հետ: Ու շնորհիվ իր այդ կապերի` նա տարիների ընթացքում ավելի ու ավելի է ընդլայնել իր գործունեության շրջանակները: Ռուսական հատուկ ծառայությունների հետ ունեցած կապերը Հասումյանովին օգնել են գրանցելու պաշտոնական լուրջ առաջխաղացումներ:Կայքը նշում է, որ մի պահ ամեն ինչ ջուրն է ընկել Հասումյանովի մի սխալի պատճառով. ՌԴ նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը 2009թ. փետրվարին նրան հեռացրել է աշխատանքից, քանի որ նա Պուտինին է ներկայացրել ՌԴ պետական ռեզերվների գործակալությունում կոռուպցիայի մասին տվյալներ՝ ողջ մեղքը բարդելով այդ կառույցի հանգուցյալ ղեկավար Գրիգորեւի վրա: Սակայն ուշագրավն այն է, որ Գրիգորեւը  բավական մտերիմ է եղել Պուտինի հետ, եղել է նրա վստահելի մարդկանցից մեկը: Բայց Հասումյանովի գրության հիման վրա անցկացված ծառայողական քննության զոհը դարձել է հենց ինքը եւ հեռացվել աշխատանքից: Միայն հետո՝ Մեդվեդեւի օրոք, նրան հաջողվում է վերադառնալ Կրեմլ, այն էլ բավական լուրջ փորձերից հետո: Կայքը գրում է, որ այստեղ եւս նրան օգնել են հանցավոր եւ ռուսական հատուկ ծառայությունների հետ ունեցած կապերը: Արդյունքում նա զբաղեցնում է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային ու մշակութային կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնը: Այժմ ի պաշտոնե նրա ձեռքում են կոորդինացված Հարավային Օսիայի եւ Աբխազիայի վերաբերյալ ՌԴ ծրագրերի փաթեթները, բացի այդ, նա ակտիվ լոբբինգ է իրականացնում հայկական ու ադրբեջանական հարցերի վերաբերյալ: Մյուս կողմից, ըստ այդ կայքի՝ Հասումյանովի անվան հետ են առնչվում մի շարք հանցագործություններ` կապված թմրաբիզնեսի հետ: Բացի այդ, նշվում է, որ Հասումյանովի համար 2010թ. Վրաստանի հատուկ ծառայությունները 50 մլն եվրո են հավաքել, որպեսզի նա կարողանա կանխել Վրաստանի ընտրություններին ՌԴ-ի միջամտությունը:Համաձայն կայքի տեղեկությունների` Հասումյանովը փորձել է իրենով անել Սուխումիի օդանավակայանը, սակայն փորձը ձախողվել է: Աբխազիայի նախկին նախագահ Սերգեյ Բագապշն այդ մասին հայտնել է անձամբ Պուտինին: Դրանից որոշ ժամանակ անց Սուխումիում Բագապշի անժամանակ մահը կապում են հենց այս միջադեպի հետ:  Կայքը պատմում է նաեւ, որ Հարավային Օսիայի վերականգնման համար 2010թ. հատկացված 50 մլրդ ռուբլուց տեղ հասավ միայն 30 տոկոսը, իսկ մնացած մասը ճանապարհին կորավ՝ հենց Հասումյանովի շնորհիվ: Հասումյանովի դեմ լուրջ խոչընդոտ է Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտինը: Թեեւ վերջինս չէր ցանկանում փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, այնուամենայնիվ, լուրջ հետաքննություն է կատարել կորած գումարների առնչությամբ: Կոկոյտինը հասավ նրան, որ ՌԴ-ից Հարավային Օսիային հատկացվի անմիջական ֆինանսավորում, այլ ոչ թե գումարները գան Հասումյանովի միջոցով: Ու դա էլ եղավ պատճառ, որ Բաքվում ծնված ծագումով հայը պայքար սկսի նաեւ նրա դեմ: Այս տարվա նոյեմբերի 13-ին Հարավային Օսիայում նշանակված են ընտրություններ, որտեղ Հասումյանովն ունի իր թեկնածուն` Հարավային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարար Անատոլի Բիբիլովը: Նրա թեկնածուի դեմ լուրջ դժգոհություն կա: Սակայն Հասումյանովը բոլոր պաշտոնյաներին անձամբ սպառնացել է, որ եթե իր թեկնածուին նախագահ առաջադրելու որոշում չկայացվի «Միասնություն» կուսակցության համագումարում, ապա իր հետ լուրջ խնդիրներ կունենան: Նույնիսկ սպառնացել է, որ եթե Բիբիլովը չլինի նախագահը, Հարավային Օսիայի՝ ՌԴ նախագահից պարգեւներ ստացած պաշտոնյաները կզրկվեն դրանցից: Կայքը գրում է, որ իր խոսքում Հասումյանովը հաճախ է հիշատակում, որ ինքը ՌԴ հատուկ ծառայությունների՝ Ղհը գեներալ է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ մինչ այդ, Հարավային Օսիայում ոչ պաշտոնական ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ Հասումյանովի: Եւ առաջիկայում այդ ստորագրահավաքի տվյալները փոխանցելու են ՌԴ վարչապետ Պուտինին: Ի դեպ, Հասումյանովը 1993 թվականից սերտ կապեր է ունեցել նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ դեռ Ղարաբաղում մտնելով նրա շրջապատի մեջ: Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են: Մերն իրոք ուրիշ է:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս