Թավշյա իշխանությունը լղոզեց եւ որեւէ բան չասեց. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ թեժ քննարկվում է այն հարցը, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հարցերի նախարարությունը քննարկում է դպրոցներում այլեւս «Եկեղեցու պատմություն» առարկան չդասավանդելու հարցը: Թե՛ նախկին իշխանությունները, թե՛ կրթության ոլորտի մասնագետները սա համարում են անթույլատրելի ու որակում են խայտառակ որոշում: ArmԼur.am-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, պատմբան Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունի նա այս հարցի հետ կապված:

-Պարո՛ն Շարմազանով, քննարկվում է այն հարցը, որ այսուհետ «Եկեղեցու պատմություն» առարկան այլեւս չպետք է դասավանդվի, ինչը քննաատությունների բուռն ալիք է բարձրացրել: Կասե՞ք Ձեր դիրքորոշումը, որքանո՞վ եք ճիշտ կամ սխալ համարում այս որոշման ընդունումը:

-Դեռեւս 2018թ. հունիս ամսին, երբ կառավարությունը ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, ես ԱԺ-ում հանդես եմ եկել հայտարարությամբ այդ ծրագրի վերաբերյալ եւ ուղիղ հարց եմ տվել կրթության նախարարին: Իմ մտահոգությունները հայտնել եմ այն ժամանակ, ե՛ւ վարչապետին, ե՛ւ առաջին փոխվարչապետին, այսօր արդեն ԱԺ նախագահին անձնական զրույցի ժամանակ, հայագիտական առարկաների ոչ պատշաճ մոտեցման համար: Ես այն ժամանակ Արայիկ Հարությունյանին ուղիղ հարց տվեցի, ասեցի ինչպե՞ս եք կարծում հայագիտությունը պետք է ունենա կիրառական նշանակություն, թե՞ ոչ, հայագիտությունը պե՞տք է ունենա ազգային նկարագիր, թե՞ ոչ: Ուղիղ ասեք, կո՞ղմ եք «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդմանը որպես առարկա, թե՞ ոչ: Ի դեպ, նշել եմ, որ ես ոչ միայն կողմ եմ, այլ գտնում եմ, որ «Հայոց եկեղեցու պատմությունը » պետք է դրվի ավելի բարձր մակարդակի վրա, եւ դասաժամերն էլ պետք է ավելացնել: Այն ժամանակ, քանի որ դեռ ընտրություններ չկային, թավշյա իշխանությունը լղոզեց եւ որեւէ կոնկրետ բան չասեց: Հա՛մ մեխին տվեց, հա՛մ նալին: Երկորդ անգամ՝ դեկտեմբերյան ընտրությունների ժամանակ, Արայիկ Հարությունյանի հետ բանավեճի էինք, ես իմ ամբողջ կրթության եւ գիտության զարգացման թեզը դրեցի կրթության դաստիարակության վրա, մեջբերումներ բերեցի մեր ազգային գործերից, որ դպրոցը պետք է լինի հայրենասիրության տաճար, որ մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, եւ էլի ուղիղ հարց տվեցի նախարարին, արդեն եթերում, կո՞ղմ եք թե՞ դեմ եք, եւ էլի կոնկրետ բան չասեց: Այսինքն այն ժամանակ արդեն տեսնում էինք, որ այս իշխանությունը չունի գոնե կրթության ոլորտում ազգային նկարագիր: Սա խայտառակություն է:

Ես չեմ ճանաչում որեւէ պատմաբանի, որեւէ հայագիտության ոլորտի մասնագետի, անկախ կուսակցության պատկանելությունից, էստեղ կուսակցության հարց չէ, որը դեմ չէ «Հայոց եկեղեցու պատմություն»  առարկայի դասավանդումը չեղարկելու Նիկոլ Փաշինյանի ապազգային քաղաքականությանը  : Ի՞նչ է նշանակում «Հայոց եկեղեցու պատմությունը» հանենք: Այստեղ երկու հարց կա. առաջինը՝ մեր սահմանադրությամբ, չնայած սահմանադրությունը ոտնահարում են, բայց ըստ սահմանադրության Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի բացառիկ նշանակություն, որը ամրագրված է սահմանադրությամբ: Եվ ծիծաղելի է, երբ եկեղեցին փորձում են հավասարեցնել այլ կրոնական կազմակերպություններին: Մենք սահմանադրությամբ եկեղեցուն տվել ենք բացառիկ իրավունք: Երկրորդը՝ մասնագիտական առումով ուղղակի ծիծաղելի է: «Հայ եկեղեցու» դասաժամերը մտցնել հայոց պատմության դասաժամերի մեջ, չկա նման բան: «Հայ եկեղեցու պատմությունը» լրիվ առանձին կառույցի պատմություն է, նրա դերն ու նշանակությունը մեր ժողովրդի 2000-ամյա կյանքում, ավելին, նրա հոգեւոր դաստիարակությունը, Կաթողիկոսների պատմությունը, նրանց դերը ազգային ազատագրական պայքարում, նրանց դերը կրթության մեջ, հայապահպանության գործում… Ավելին, ի տարբերություն արեւմտյան Կաթոլիկ եկեղեցու, Հայաստանում գիտությունը եւ դպրությունը զարգացել է եկեղեցիներով: Այսինքն մեր եկեղեցին եղել է դպրության եւ հայրենասիության տաճար:

-Բայց իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են այն հիմքերը, որոնք պատճառ են դարձել նման որոշում կայացնելու համար:

-Նախ գիտականորեն այստեղ որեւէ հիմնավորում չկա, դա ապազգային է: Եկեղեցին հանեն, փոխարեն տրանսգենդեր սարքեն երեխաներին, սեռական փոքրամասնոթյունների կառույց սարքեն: Ամեն ինչի չափ կա: Ես՝ որպես մանկավարժական գիտությունների թեկնածու, շատ հստակ ասում եմ՝ մեր կրթությունը պետք է ունենա ազգային նկարագիր: Էդ որ ասում ենք հպարտ, երջանիկ քաղաքացի, մեր պետությունը քարտեզով գրել է ինչպիսի քաղաքացի պետք է ունենա: Ով է ասել, որ իմ երկրում իմ քաղաքացին չպետք է ունենա ազգային նկարագիր: Հայ եկեղեցու պամությունը ինչով է խանգարում, ում է խանգարում:

-Իրենք ներկայացնում են տարբերակներ, ասում են իրենց դիրքորոշումը…

-Իրենց տարբերակները ապազգային տարբերակներ են: Կրկնում եմ առաջինը սահմանադրության բացառիկության դեպք է, երկրորդը գիտական եւ դաստիարակության առումով Հայ եկեղեցին ունի եւ ունեցել է շատ բացառիկ դերակատարում, եւ սա ուղակի հարված է հայ եկեղեցուն: Ես այստեղ տեսնում եմ հստակ ապազգային քաղաքականություն Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից: Առաջին իսկ ժամանակահատվածից հենց եղել է հարձակում Վեհափառի վրա, վեհարանի վրա, նաեւ եկեղեցեկանների վրա է հարձակում եղել: Ես՝ որպես քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցությունը ազգային պահպանողական կուսակցություն է, որի համար հայոց լեզուն, հայոց գրականությունը, հայ մշակույթը, հայ եկեղեցին, հայ ընտանիքը,  բացարձակ արժեքներ են: Ե՛վ գիտական, ե՛ւ հայագիտության, ե՛ւ դաստիրակության, ե՛ւ պետականության առումով սա ուղակի հարված է մեր արժեքային համակարգին:

Զրուցեց Սոնա Գրիգորյան




Լրահոս