ՏԵՍԱՅՈՒԹ. «Նենց հայհոյանքներ են տալիս, որ գետին ընկնի, գետինը կճաքի». բնակիչները բողոքում են խմող առևտրականներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից հնամաշ իրերի շուկայում լարված իրավիճակ էր տիրում: Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը մեկ ամիս ժամանակ է տվել այդ տարածքում վաճառքով զբաղվող անձանց՝ այլ տարածք տեղափոխվելու համար, միեւնույն ժամանակ հարակից տարածքի բնակիչներն էլ բողոքում էին շուկայում տիրող իրավիճակից եւ վաճառականների պահվածքից:

Բնակիչներից մեկը ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց՝ հնամաշ իրերի առևտրով զբաղվողները առավոտյան ժամը 06:00-ից մինչեւ երեկո վիճում են, հայհոյում, անգամ բնական կարիքներն են դրսում հոգում: ArmLur.am-ի հետ զրույցում հնամաշ իրերի վաճառքով զբաղվող մարդիկ չհերքեցին, որ աշխատելու ընթացքում ժամանակ առ ժամանակ ալկոհոլ են օգտագործում: Մեր զրույցի ընթացքում ևս նրանցից մեկի ձեռքին օղու շիշ էր. նրանք նշում են՝ «հաց են ուտում, պետք է՝ մեկ բաժակ էլ խմեն», սակայն վստահեցնում էին, թե հայհոյանքների մասին լուրերը չափազանցված են:

Իսկ ինչ է առաջարկել վաճառականներին Երևանի քաղաքապետարանը: Բողոքի ակցիայի ընթացքում այնտեղ էին նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն ու Արմեն Ներսիսյանը: Մանրիկյանը մեզ հետ զրույցում նշեց, թե Երեւանի քաղաքապետարանը երկու տարբերակ է առաջարկել վաճառականներին, սակայն վերջիններս էլ առևտրով զբաղվելու համար այլ տարածք տրամադրելու հարցն են բարձրացնում:Ի վերջո, թե ինչ որոշում կկայացվի, դժվար է ասել. ավագանու անդամները բնակիչներին եւ վաճառողներին խոստացան հարցը քննարկել նաեւ Երեւանի քաղաքապետարանում, ինչպես նաեւ Ոստիկանության հետ եւ չօգտագործվող տարածքը տրամադրել առևտրով զբաղվելու համար: Նկատենք՝ այդ տարբերակին կողմ էին նաեւ բնակիչները: Թե ինչ հանգուցալուծում կլինի, ցույց կտա ժամանակը:




Լրահոս