«ԹՇՆԱՄԻՆ ՄԻԱՅՆ ԶԵՆՔԻ ԼԵԶՈՒ Է ՀԱՍԿԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպաների համահայկական միությունը հայտարարություն է տարածել. «Սպաների համահայկական միությունն իր անվերապահ հավանությունն է հայտնում Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը արժանի հակահարված տալու՝ Հայաստանի զինված Ուժերի գործողություններին հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում, որի ժամանակ մեր զորքերը էապես բարելավել են իրենց դիրքերը՝ հաստատվելով տարածքի վրա իշխող բարձունքներում: Մի քանի օր ընթացող մարտական գործողություններում հայ սպան եւ զինվորը իրենց փայլուն դրսեւորեցին՝ ցուցաբերելով հաղթելու անկոտրում կամք, մարտական տեխնիկայի գերազանց տիրապետում եւ անհամեմատելի բարձր մարտունակություն:

Մարտական գործողությունները եւս մեկ անգամ ապացուցեցին՝ թշնամին միայն զենքի լեզու է հասկանում, պատասխանը պետք է լինի ոչ թե համարժեք, այլ մի քանի անգամ ավելի հզոր:

Սպաների համահայկական միությունը բանակում տեղի ունեցող որակական փոփոխությունների լուրջ ընթացքը կապում է նոր իշխանության՝ բանակաշինության ճիշտ ռազմավարության հետ։

Սակայն միամտություն է կարծել, որ այս դասը թշնամու համար խրատ կլինի, եւ թշնամին Հայաստան-Ադրբեջան հյուսիսային ողջ սահմանամերձ տարածքը այլեւս չի հրետակոծի, գնդակոծի, ինչը նա հետեւողականորեն կատարում է 30 տարի։ Ուստի Սպաների համահայկական միությունը համարում է, որ այլեւս օրակարգային պետք է դառնա հյուսիսային սահմանի ողջ երկայնքով 5-7 կմ լայնության անվտանգության գոտու ստեղծման ծրագիրը։ Այս 31,5-ամյա կոնֆլիկտային տարածքում խաղաղության հաստատման միակ ճանապարհը դա է, եւ Մինսկի խումբը պետք է դուրս գա անգործությունից եւ իր վրա վերցնի անվտանգության գոտու ստեղծման խնդիրը։ Հակառակ դեպքում, Ադրբեջանի ապակայունացնող, հակահայ չդադարող գործողությունները այլ ելք չեն թողնի հայ զինվորականությանը, քան սեփական ուժերով անվտանգության գոտու ստեղծումը։

Սպաների համահայկական միությունը, ողջունելով այս պահին պետության եւ բանակի կողքին կանգնած բոլոր հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին ու անհատ քաղաքացիներին, մեկ անգամ եւս հաստատում է, որ իր բոլոր հնարավորություններն ու կարողությունները դնելու է՝ ի սպաս մեր պետությանն ու ազգին՝ թշնամուն խաղաղություն պարտադրելու եւ երկրի սահմաններին անդորր հաստատելու համար:

Սպաների համահայկական միության նախագահ Վ. Շիրխանյան»:

 

10 ՆՈՐ ԴԵՊՔ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Վարակակիրներից 4-ը Մարտակերտ քաղաքից են, միեւնույն ընտանիքի անդամներ եւ գտնվում են մեկուսացման վայրում: 2 դեպք հայտնաբերվել է Ասկերան քաղաքի բնակիչների մոտ, որոնք վերադարձել են ՀՀ-ից, եւ COVID-19–ը հաստատվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ հանձնելու արդյունքում: Մյուս 4 նոր դեպքերը հաստատվել են Ստեփանակերտի բնակիչների մոտ, որից 3-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են, իսկ 1-ն էլ նոր օջախից է: Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում: Վարակի օջախ հանդիսացող վայրերը պարտադիր ախտահանվում են, իսկ կոնտակատավորներին՝ թեստավորում: Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 183 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի: Թեստավորումների նպատակով վերջին 24 ժամում 103 նմուշառում է իրականացվել:

 

 

2 ՇԱԲԱԹ

Սեւանի ծաղկման պրոցեսը, կապտականաչ ջրիմուռների ի հայտ գալու գործընթացը սկսվել է հուլիսի սկզբին, կտեւի մի քանի շաբաթ: Օգոստոսի կեսերին կունենանք ծաղկման պրոցեսի թուլացում: Ըստ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանի՝ նախորդ երկու տարիների համեմատ՝ Սեւանում կանաչելու պրոցեսի ինտենսիվությունը նույնն է, այսինքն՝ էական փոփոխություն, տարբերություն չի նկատվում: Այդ ավել կամ պակաս դրսեւորումները հիմնականում քաղաքացիների կողմից նկատվում են որոշակի տարածքներում:

Խոսելով Սեւանի ծաղկման պատճառների մասին՝ Գայանե Շահնազարյանը նշել է, որ դրանք մի քանիսն են: Նախ՝ տարիներ առաջ Սեւանի ջրի մակարդակի իջեցել է, որի հետեւանքով խախտվել է էկոհամակարգի հավասարակշռությունը, եւ տեղի ունեցող էկոհավսարակշռության պրոցեսներն իրենց ուղղությունները փոխել են: Դրանից բացի, տարիների ընթացքում Սեւանում կուտակվել են մեծ քանակությամբ սնուցող նյութեր, որոնք էլ այս ծաղկման պրոցեսների պատճառներից են:

Սեւանա լճի մակարդակի վերջին տվյալներով՝ 2020 թվականի հուլիսի 21-ին Սեւանա լճի մակարդակը կազմել է 1978 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ՝ ցածր է 3 սմ-ով: Հուլիսի 21-ի դրությամբ լճից բաց թողնված ջրի քանակը մոտ 18.9 խմ-ով ավելի է, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածում: Արփա֊Սեւան թունելով Սեւանա լիճ մուտք գործած ջրի քանակությունը 15.6 խմ-ով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

 

 




Լրահոս