ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը շարունակել է արդարադատության նախարար եղած տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Հրայր Թովմասյանի դատավարությունը։

 

ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվեցին հունիսի 26-ին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով, դրանք վերաբերում էին նեւ 12 տարուց ավելի պաշտոնավարած երեք դատավորների, որոնք լքեցին դատարանը։ Հենց փոփոխությունները ուժի մեջ մտան, Թովմասյանը արձակուրդ մեկնեց։

Այսօրվա դատական նիստին նրա փաստաբանները խնդրեցին հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, որ պատրաստվում են բացարկ հայտնել դատախազներին, քանի որ այս գործն, իրենց բնորոշմամբ, ապօրինի է։

«Ցանկանում ենք, որպեսզի գլխավոր դատախազը ներկա լինի այս պրոցեսին եւ պատասխանի, թե այս քրեական գործի ընթացքում որ գործողությունը ինչ նկատառումից ելնելով է իրականացվել: Մենք Հայաստանի պատմության մեջ չունենք նման բնույթի, այսինքն՝ հստակ պահանջ, թե որ գործերով այլ դեպքերում գլխավոր դատախազը կարող է դատախազական հսկողություն, մեղադրանքի պաշտպանություն իրականացնել, այսինքն՝ իր նախընտրությամբ է անում՝ բացառությամբ հենց Սահմանադրական դատարանի դատավորի հետ կապված մեղադրանքի գործերով: Հիմա եթե այս քրեական գործով էլ գլխավոր դատախազը չի գալիս դատարան, ապա մեր մոտ հարց է առաջանում, թե ինչով է զբաղված գլխավոր դատախազն առհասարակ», – նշեց փաստաբանը:

Պողոսյանի պնդմամբ՝ հենց գլխավոր դատախազը պետք է ամիսներ առաջ անցկացված նախաքննության ժամանակ հսկողություն իրականացներ այս գործի նկատմամբ, քանի որ մեղադրյալներից Հրայր Թովմասյանը, որպես ՍԴ նախագահ, անձեռնմխելիությամբ էր օժտված, հետեւաբար գլխավոր դատախազը պետք է դիմեր բարձր դատարան՝ համաձայնություն ստանալու քրեական հետապնդում սկսելու համար։

«Հաշվի առնելով, որ պարոն Թովմասյանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամ եւ նախագահ է ընտրվել 2005 թվականի գործող Սահմանադրության հիման վրա, վերջինս օժտված էր ամբողջական անձեռնմխելիության իրավունքով, գործընթացներ Գլխավոր դատախազության կողմից չեն իրականացվել՝ Սահմանադրությանն ինչ-որ մեկնաբանություն տալով», – նշեց  Միհրան Պողոսյանը:

Փաստաբանները միեւնույն ժամանակ ասում են՝ քանի որ գործն ապօրինի է, ապա առհասարակ որեւէ դատախազ չի կարող պաշտպանել եւ հիմնավորել մեղադրանքը։

Միեւնույն ժամանակ, դատախազությունը վերահաստատում է իր ավելի վաղ արված պնդումը, որ քրեական գործը վերաբերում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում երկու դրվագով առերեւույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, եւ որ քրեական այս գործը հարուցվել է անցած տարվա օգոստոսին՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության գործողության ժամանակ, հետեւաբար քրեական հետապնդում իրականացնելիս կիրառվում են այժմ գործող օրենքները:

Այսինքն՝ 2015 թվականի Սահմանադրությունը, ի տարբերություն 2005 թվականի Սահմանադրության, Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանում է բացառապես գործառութային անձեռնմխելիություն: Սա նշանակում է, որ թեեւ Թովմասյանի Սահմանադրական դատարանի անդամ նշանակվելու պահին գործել է 2005 թվականի Սահմանադրությունը, սակայն քրեական գործ հարուցվել է 2019 թվականի օգոստոսին, այսինքն՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորի գործառութային անձեռնմխելիություն սահմանող իրավադրույթն ուժի մեջ մտնելուց հետո:

Ըստ իրավապահների՝ նա որպես վարձակալության գումար ստացել է ավելի քան 11 միլիոն դրամ, բացի այդ, Հրայր Թովմասյանին փաստացի պատկանող տարածքների նորոգման համար Նոտարական պալատի բյուջեից ծախսվել է ավելի քան 2 միլիոն դրամ։

Այս գործով որպես Թովմասյանի հանցակից ներգրավված է նրա սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որն այդ ժամանակ Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետն էր։ Փանոսյանը եւս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Մեղադրանքը չի ընդունում։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՐԵՏԸ՝ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 14-30-ը կլինի արձակուրդում: Տիգրան Ավինյանին արձակուրդ տրամադրելու մասին վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության  e-gov.am կայքում: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված եւ մինչեւ սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության պարետն էր: Կառավարությունը սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունը չերկարաձգեց, այլ կայացրեց երկրում մինչեւ 2021 թվականի հունվարի 11-ը կարանտին սահմանելու որոշում:

 

 

ՀԱՏՈՒԿ ԽՈՒՄԲ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները նվազեցնելու, սպասարկման որակի բարձրացման եւ սպասարկման կենտրոններում կուտակումները բացառելու նպատակով, Կենտրոնական բանկի եւ այլ մարմինների հետ պարտապանին պատկանող մեկից ավելի հաշիվների միաժամանակ արգելադրումը նման անհրաժեշտության բացակայության դեպքում բացառելու, աշխատավարձն ամբողջությամբ արգելադրելը բացառելու եւ այլ անհարմարությունները կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքին զուգահեռ, ձեւավորել է #ՔոԱրգելանքը արագ արձագանքման հատուկ խումբ: Այսուհետ, օրենքով թույլատրելի դեպքերում, առանց Ծառայություն այցելելու կամ գրավոր դիմում ներկայացնելու, կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն Ձեր կամ Ձեր վստահորդի նկատմամբ կիրառված արգելանքների վերաբերյալ եւ հնարավորինս արագ լուծել հետեւյալ խնդիրները՝ կատարված վճարումների ճշգրտումը եւ արգելանքը չվերացնելու պատճառների պարզումը, կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայելը, անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելը, բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրումը, աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելը կամ արգելանքի չափը վերանայելը, բանկերում սառեցված գումարները գանձելը, կիրառված այլ արգելանքները վերացնելը եւ վարույթը կարճելը, հայցի ապահովման հետ կապված միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալը։

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝  ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

«Մենք չունենք այն տեսակետը, որ բոլորս աշխատում ենք կատարյալ կերպով եւ մոտեցումների առումով շտկումներ մտցնելու, քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չունենք»,- նշել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: «Բնականաբար, մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում պարոն Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին: Առաջիկայում եւս քննարկում կունենանք նախարարի հետ եւ մեր դիտարկումները կներկայացնենք»,-ասաց նա:

 

 

 

ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԻ ԴԵՊՔԵՐ

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ, ստիպողաբար անդամակցելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրված, 2012թ. մայիսի 6-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման եւ 2017թ. ապրիլի 2-ին կայացած 6-րդ գումարման ընտրություններին ձայներ են ապահովել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ վերջինիս տրամադրելով կուսակցության օգտին իրենց հորդորով կողմ քվեարկելու պատրաստակամություն հայտնած անձանց մասին տվյալներ: Բացի այդ, նույն ժամանակահատվածում «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության որոշ աշխատակիցներ Արարատի մարզի մի շարք բնակիչների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար տվել են կաշառք, առաջարկել եւ տրամադրել այլ առավելություններ:

Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերեւույթ վկայում են ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ պարունակող արարքների մասին, 2020թ. սեպտեմբերի 10-ին, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման եւ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ 154.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով հարուցվել է նոր քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

 

 

ՉԻ ԼԻՆԻ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ քննարկվում է քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնի վերացման հարցը: Նա ասել է, որ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոն կարող է այլեւս չլինել: «Ես հիմա կարող է սենսացիոն բան ասեմ, բայց մտածում եմ, որ Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի, փոփոխությունների ենթարկվի: Հնարավոր է, որ այլեւս չլինի գլխավոր ճարտարապետ»,- նշեց Մարությանը: Նրա խոսքով՝ գուցե լինի գլխավոր ճարտարապետի գործառույթներով զբաղվող մի մարմին կամ խորհուրդ: Ներկայում այդ ամենի շուրջ աշխատանքներ են տարվում:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, օգոստոսի 17-ին ազատվել էր պաշտոնից։




Լրահոս