Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ ընտրատեղամասում առկա չէ տեխնիկական խնդիր, որի հետևանքով սարքերը չեն ճանաչում նոր կենսաչափական անձնագրերը կամ նույնականացման քարտերը։
Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
«Նոր կենսաչափական փաստաթղթով անձինք չեն կարողացել քվեարկել բացառապես այն դեպքում, երբ ընտրողը ընտրողների ցուցակում ընդգրկված է եղել իր նախկին՝ հին անձը հաստատող փաստաթղթի տվյալներով, սակայն քվեարկության ներկայանում է նոր փաստաթղթով։Նման իրավիճակում ընտրողը պետք է դիմի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ ստանալու տեղեկանք, որը կհաստատի, որ նախկին փաստաթղթի տվյալներով ընտրողների ցուցակում ընդգրկված անձին տրամադրվել է նոր անձը հաստատող փաստաթուղթ։Տեղեկացնում ենք, որ անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի ձևանմուշները նախապես պատշաճ կերպով մատակարարվել են հանրապետության տարբեր իրավասու մարմիններ, այդ թվում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պատշաճ փորձարկումների և սարգավորումների կարգաբերման համար։
Այսպիսով, խնդիրը կապված չէ ընտրատեղամասերում առկա սարքերի աշխատանքի կամ նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ, այլ ընտրողների ցուցակում առկա տվյալների և ներկայացված փաստաթղթի տվյալների անհամապատասխանության հետ», – ասվում է հայտարարության մեջ։



















































































