ԵՌՅԱԿԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության մասով, ես համարում եմ ոչ միայն կարեւոր, այլ իր տեսակով եզակի փաստաթուղթ. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ նման տեսակետ արտահայտեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Նա նկատեց, թե պետք է հաշվի առնել այն քաղաքական եւ դիվանագիտական ֆոնը, որի ժամանակ երեք երկրների ղեկավարներին հաջողվեց ընդունել միասնական հայտարարություն: Կոմիտեի նախագահը ընդգծեց, թե այդ ֆոնի ոչ բարենպաստ լինելու մասին կարելի էր հասկանալ՝ հաշվի առնելով այդ երկրների միջեւ երկխոսության բացակայության հանգամանքը:
Հիշեցնենք, որ երեկ հայտարարություն էին տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը: Հետաքրքիր է՝ երբ հայտնի դարձավ, որ պետք է նման հայտարարություն լինի, բոլորը կարծում էին եւ հույս էին փայփայում, թե հզոր հայտարարություն է լինելու, որը կարող էր փոփոխություններ մտցնել գործընթացում: Սակայն երկրների ղեկավարների տարածած հայտարարության մեջ ընդամենը ասվում էր. «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջեւ։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություններ ստանձնել բարեխղճորեն եւ առանց նախապայմանների առաջադրման վերսկսելու կարգավորման էական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»: Ստացվում է՝ միջազգային հանրության կողմից հերթական անգամ ականատես ենք լինում առանց հասցեատիրոջ հայտարարության՝ առանց իրավիճակի մասին սթափ գնահատականի, այնինչ նրանց հայտարարության հետ շատերն էին հույսեր կապում:
Սակայն կոմիտեի նախագահը մեզ հետ զրույցում նկատեց, թե հայտարարությունն իսկապես եզակի է ու ցույց տվեց, որ միջազգային դիվանագիտությունը դեռ ողջ է, եւ հանրությունը կարող է արձագանքել մարտահրավերներին եւ միասնական լինել՝ հետ թողնելով տարաձայնությունները: «Ես ուշադիր կլսեի նրանց տեսակետները: Այն հստակ ասում է, թե չի լինի աջակցություն նրանց, որոնք կրում են պատասխանատվություն շարունակվող ռազմական գործողությունների եւ քաղաքացիական անձանց զոհերի համար: Ուժեղ քայլ էր գերտերությունների ղեկավարների կողմից, եւ այն հույս է ներշնչում, թե իրավիճակը կբարելավվի», -նկատեց նա:
Հավելենք, որ երեք երկրների ղեկավարների հայտարարությունից հետո մեկը մյուսի հետեւից հայտարարություններ տարածեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առանձին-առանձին, եւ բոլորն էլ ընդգծում էին, թե իրենք տեղեկություններ ունեն այս պատերազմում վարձկանների առկայության մասին՝ դատապարտելով այն: Ստացվում է՝ ամեն դեպքում, հայկական կողմից հնչող այս օրերի հայտարարությունները տվեցին իրենց արդյունքը, եւ արդեն գերտերությունների ներկայացուցիչներն են խոսում Թուրքիայի ներգրավվածության մասին՝ դատապարտելով այն:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ ժամը 11-ին, Սահմանադրական դատարանի դատավորները նոր կազմով կհավաքվեն: Ըստ մեր տեղեկությունների՝ Արցախում տեղի ունեցող պատերազմական դությունը միավորել է նաեւ ՍԴ դատավորներին, վերջիններս որոշել են հավաքվել միասնական մեկ հարցի շուրջ` հանուն երկրի ապագայի: Բանն այն է, որ ՍԴ անդամները պետք է 6 միջազգային պայմանագրեր (վարկային համաձայնագրեր) քննարկեն՝ հասկանալու համար՝ արդյոք դրանք որեւէ ձեւով չեն խախտում ՀՀ սահմանադրությունը, որոնք էլ կօգնեն ՀՀ-ին մի քանի տարբեր երկրներից ֆինանսական լուրջ աջակցություն ստանալ: Իսկ քանի որ այժմ Արցախում պատերազմական իրավիճակ է, ու շատ գումար է անհրաժեշտ տարբեր նպատակներով, ՍԴ անդամները որոշել են թողնել բոլոր տարաձայնությունները եւ քննարկել այդ համաձայնագրերը: Նշենք, որ ՍԴ-ն անցած շաբաթ այդպես էլ չկարողացավ իր մեջից ՍԴ նախագահ ընտրել, որը կլինի երկրորդ փուլով, ինչը դեռեւս անհայտ է, թե երբ, իսկ այս իրավիճակում ոչ ոք ցանկություն չունի ՍԴ փոխնախագահի համար թեկնածու առաջադրել կամ ինքնառաջադրվել: Նկատենք, որ այս շրջանում, քանի որ ռազմական դրություն է եւ ընդհանուր զորահավաք, շատ իրադաձություններ տեղի չեն ունենում. գործուղումներ են չեղարկվում, նիստեր են հետաձգվում:

 

 

Կիրակի՝ վաղ առավոտից՝ Արցախում պատերազմի լուրն առնելուն պես, ամերիկահայ համայնքը գրոհեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենակը։ Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցումները, կարելի է ասել, րոպե առ րոպե ավելանում են, աշխարհագրությունն էլ՝ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ, ԵՄ երկրներ, Կանադա, Ավստրալիա, Արաբական միացյալ էմիրություններ, Արգենտինա, Ռուսաստան եւ նույնիսկ Մալազիա։ Այս պահին ամենախոշոր փոխանցումը Մայր Աթոռից է՝ 500 հազար դոլար, Ամենայն Հայոց կաթողիկոսն է կոչ արել, եւ թեմերը լծվել են դրամահավաքի գործին, գործարար Վարդանյան եղբայրներն են 250 միլիոն դրամ փոխանցել, նաեւ դիվանագիտական ներկայացուցիչներն են համայնքներում այս ուղղությամբ աշխատում։ Նկատենք, որ այստեղ կատարվող բոլոր փոխանցումների մասին հրապարակումներ են լինում, թե որ երկրից եւ որ անձի կողմից որքան փոխանցում է կատարվել: Սակայն գումարային փոխանցում միայն այս միջոցով չի կատարվում: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ամենամեծ օգնությունը եւ դրամական աջակցությունը կատարվել է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի կողմից: Սակայն նա ցանկացել է աղմուկ չբարձրացնել՝ թաքցնելով գումարի չափը:

 

 

Չնայած Բարձրագույն դատական խորհուրդը երեկ փոձել է գործընթաց սկսել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածության շուրջ, սակայն գործընթացը ձախողվել է, քանի որ դատավորները ցանկություն չեն հայտնել այս փուլում առաջադրել իրենց թեկնածությունը կամ որեւէ կարծիք հայտնել՝ պատճառաբանելով սահմանային իրավիճակը, ասելով, թե այս պահին դրա ժամանակը չէ: «Ժողովուրդ» օրաթերթը այսօր գրել էր, որ Բարձրագույն դատական խորհուրդը գործընթաց է սկսում եւ դիմելու է Վճռաբեկ դատարանի անդամներին, հետաքրքրվելու է, թե ովքեր ցանկություն ունեն առաջադրվել որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, կամ ում թեկնածությունն են տեսնում: Եվ, ահա, դատավորներն ասել են՝ հիմա դրա ժամանակը չէ: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, սակայն վերջինս մեկնաբանեց, թե ո՛չ սիրտ ունի, ո՛չ հավես: Նկատենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեռ մինչեւ հոկտեմբերի 18-ը ժամանակ ունի՝ աշխատանքներն ավարտելու համար: Հավելենք, որ մինչ այդ ԲԴԽ-ն պետք է հասկանա, թե դատավորներից ովքեր կարող են հավակնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին, ովքեր ինքնաբացարկ կհայտնեն, կամ, առհասարակ, ում շանսերն են ավելի մեծ:




Լրահոս