ՖՐԱՆՍԻԱՆ ՊԵՏՔ Է ՍԱՆԿՑԻԱՆԵՐ ԿԻՐԱՌԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆԴԵՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը  փակ քննարկում-հանդիպում է ունեցել ռուս փորձագետների եւ քաղաքագետների հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում շոշափվել են տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին առնչվող բազմաբովանդակ հարցեր:

 

ArmLur.am-ը հանդիպման շուրջ զրուցել է ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի հետ, որը կարծիք հայտնեց, թե անկեղծ զրույց է եղել, եւ հնչել են նաեւ անհագստություններ:

«Իհարկե, մենք չէինք կարող քննարկել հենց մարտի դաշտում տիրող իրավիճակը, քանի որ այն ավելի շատ պաշտպանության նախարարների քննարկման տիրույթում է եւ ոչ միշտ է բաց լինում: Սակայն ընդհանուր առմամբ անհանգստություն էր առկա այն իրավիճակի շուրջ, որն առկա է: Իմ կողմից կարող եմ ասել, որ անհանգստություն է առաջացնում հատկապես հարավային ուղղությունը, հատկապես Հադրութի համար մարտերը, քանի որ ադրբեջանական զորքերի հաջողության դեպքում հնարավոր է ելք դեպի Ստեփանակերտ, դրա համար այն անհանգստություն է առաջացնում: Մենք քննարկել ենք նաեւ տարբեր երկրների մասնակցությունը կոնֆլիկտում: Հայաստանն այնքան էլ հաշտ հարաբերություններ չունի Իրանի հետ, Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, իմ կարծիքով, անհրաժեշտ չափով չեն աշխատում: Ես իրենց կողմից չեմ տեսնում ակտիվ քայլեր զինված հակամարտության լուծման համար, քանի որ միայն բժիշկներ ուղարկելը բավարար չէ: Եթե Ֆրանսիան սանկցիաներ կիրառեր Թուրքիայի նկատմամբ՝ ԵՄ-ի շրջանակներում, դա իրապես քայլ կլիներ՝ Հայաստանին աջակցող: Սակայն, չգիտես՝ ինչու, սանկցիաներ են կիրառվում ՌԴ-ի դեմ Նավալնիի հարցով: Իսկ Թուրքիայի հարցով սանկցիաներ չկան, սա կարեւոր պահ է», – նշեց նա:

Ռազմական փորձագետի խոսքով՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի ճանաչման հարցին, սակայն, նրա խոսքով, այս փուլում դա ոչինչ չի փոխի, դրա փոխարեն պետք է հավասարեցնել ուժերի բալանսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հատկապես՝ օդային տարածքում: «Իհարկե մենք քննարկել ենք Թուրքիայի պահվածքը, ռադիկալ իսլամիստների ուղարկումն Ադրբեջան, այդ թվում նաեւ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին հարցը: Ես կարծում եմ, որ հիմա ավելի կարեւոր է ոչ թե ԼՂ-ի ճանաչումը, այլ մարտի դաշտում ուժերի հավասարակշռումը: Հիմա ամենամեծ խնդիրը հայկական ուժերի հանդիսանում է  օդային տարածքը: Այդ պայմաններում շատ դժվար է մարտական գործողություններ իրականացնել: Այստեղ Ռուսաստանի Դաշնությունը կարող էր ինչ-որ քայլերի գնալ՝ հումանիտար իրավիճակի կարգավորման առումով, եւ ես կարծում եմ, որ պետք է ոչ օդային տարածք սահմանել Լեռնային Ղարաբաղը, որը հնարավորություն կտա բացառել խաղաղ բնակչության թիրախավորումը ԱԹՍ-ների կողմից: Ոչ օդային տարածքի հաստատումը կլիներ գլխավոր քայլերից մեկը», – հավելեց նա:

Միեւնույն ժամանակ, Եվսեեւի խոսքով, Ռուսաստանը կարող է գործի դնել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության մասին միացյալ համաձայնագիրը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության տարածք բերվի հավելյալ քանակությամբ տեխնիկա: «Իհարկե, ընդհանուր համաձայնագիր կա, բայց ոչ օդային գոտի հաստատելու համար Հայաստանի տարածք պետք է հավելյալ քանակությամբ տեխնիկա բերվի, որը կարող է բերվել միայն Իրանի տարածքով: Եթե Իրանը թույլ տա փոխադրման այդպիսի տրանզիտ, դա կարող է շատ բան փոխել: Դա հնարավորություն կտա կատարել ՌԴ-ի պարտավորությունները Հայաստանի հանդեպ, եւ դրա համար միջանցք է հարկավոր, որը կարող է հանդիսանալ միայն Իրանը», – հավելեց նա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Երիցյանին Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որոշում է ստորագրել:

 

 

ԿՈՉ Է ԱՐԵԼ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչ է անում պահպանել կորոնավիրուսի կանխարգելման հակահամաճարակային կանոնները: Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել. «Պատերազմական գործողություներին, ռազմական դրությանը զուգահեռ յուրաքանչյուրս մեր վարքագծով պետք է կանխենք նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը։ Կորոնավիրուսի տարածման վերջին օրերի տվյալները անհանգստացնող պատկեր են ցույց տալիս: Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն ու ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր բժիշկների, առողջապահական համակարգի համար։ Այսօր ավելի, քան երբեւէ, կենսական է բժշկական անձնակազմերի նվիրական աշխատանքը, որ փրկում է ռազմական գործողություններով վտանգված կյանքեր ու ճակատագրեր: Մենք պետք է միասնաբար պահպանենք կորոնավիրուսի կանխարգելման կանոնները»:

 

 

ՓՈՔՐԻԿԸ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Ունի վնասվածքներ նաեւ վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։ Ռմբակոծության հետեւանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը:

 

 

ՓՐԿԱՐԱՐՆԵՐ ԵՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ Արցախում գտնվող ԱԻՆ փրկարարական խմբերը շարունակում են իրենց ակտիվ ներգրավվածությունը փրկարարական աշխատանքներում: Նրանց մի մասն ընդգրկված է պատսպարված քաղաքացիներին անհրաժեշտ սնունդ մատակարարելու գործում: Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Կարեն Սարգսյանն այցելել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին, զրուցել անձնակազմի հետ: Վերջիններս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ անհրաժեշտության դեպքում գործել նաեւ այլ ստորաբաժանումներում:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ըստ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մոսկովյան հայտարարությանը համապատասխան:

 

 

ԱՑԵԼԵԼ Է ՇՈՒՇԻԻ ԵԿԵՂԵՑԻ

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է օրեր առաջ հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցի եւ այնտեղ աղոթք բարձրացրել  Հայաստան-Արցախ աշխարհի խաղաղության, զորացման, հաղթանակի եւ միասնականության համար։

 

 

ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերը կպահպանեն հրադադարի ռեժիմը. այս մասին ասել է ԿԽՄԿ Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեփը: «Մենք հուսով ենք, որ հրադադարի մասին մարդասիրական համաձայնագիրը կպահպանվի, եւ որ այն զգալի թեթեւություն կբերի նրանց, ովքեր տուժել են»,- ասել է նա։ «ԿԽՄԿ-ն պատրաստ է նպաստել մարտերում զոհվածների մարմինները կողմերին փոխանցելուն, ինչպես նաեւ բռնվածներին ազատելուն»,- շարունակել է Շուեփը։ «Սակայն ձեւաչափի շուրջ կողմերը պետք է պայմանավորվեն միմյանց միջեւ։ Մենք շարունակում ենք նրանց հետ բանավեճերը՝ հանդես գալով առաջարկներով»,-պարզաբանել է տարածաշրջանային տնօրենը։

Նրա խոսքով՝ կողմերը պետք է համաձայնության հասնեն «գործողությունների եւ լոգիստիկայի» հարցերի շուրջ, եւ այդպիսի պայմանավորվածությունները պետք է իրականացվեն։ «Դրանից բացի, պետք է երաշխավորվի մեր խմբերի անվտանգությունը, որ այդպիսի գործողությունը կայանա»,- շեշտել է Շուեփը։ Կարմիր խաչի ներկայացուցիչը նշել է, որ իր կազմակերպությունը «ներգրավված չէ քաղաքական բանակցություններին»։ «Մեր դերը բացառապես մարդասիրական է՝ որպես չեզոք միջնորդ»,- ամփոփել է նա։

Ըստ ԿԽՄԿ գնահատականների՝ առաջիկա ամիսներին տարածաշրջանում օգնության կարիք են ունենալու «տասնյակ հազարավոր մարդիկ»։ «Այս նպատակով մենք հանդես ենք եկել շտապ կոչով՝ ԿԽՄԿ մարդասիրական գործողությունների համար հատկացնելու լրացուցիչ 9,2 մլն շվեյցարական ֆրանկ (ընթացիկ փոխարժեքով՝ 10 մլն դոլարից ավելի)»,- եզրափակել է տարածաշրջանային տնօրենը։

 

 




Լրահոս