ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, թե ով է քննելու Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի  կողմից լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այն ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել է դատավոր Անի Դանիելյանին:

 

ՀՀ քննչական կոմիտեն  պարզել էր, որ  ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանն առերեւույթ խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ: «Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վլադիմիր Գասպարյանը, գտնվելով Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղում գտնվող, իր ընտանիքին պատկանող առանձնատանը, նկատել է, որ առանձնատան տարածքը նկարահանվում է անօդաչու թռչող սարքի միջոցով, եւ սարքի շահագործողներին պարզելու նպատակով իրեն պատկանող կվադրոցիկլով շարժվել է անօդաչու թռչող սարքի հետագծով:

Նկատելով նկարահանումներ իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռոբերտ Զարգարյանին եւ նրա նկարահանող խմբին՝ Վ. Գասպարյանը հայհոյանքներ եւ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել նրանց հասցեին: Տեղեկանալով, որ վերջիններս իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը եւ ռեպորտաժ են պատրաստում Սեւանա լճի ավազանում գտնվող ապօրինի շինությունների վերաբերյալ՝ պահանջել է դադարեցնել այն, եւ շարունակելով հայհոյանքներ հնչեցնել՝ հոգեբանական ճնշումներ է գործադրել լրագրողների նկատմամբ՝ հարկադրելով ջնջել տեսագրությունը եւ հրաժարվել այն տարածելուց, ինչից հետո համոզվելով, որ տեսագրությունը ջնջված է՝ հեռացել է նշված վայրից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Եվ, ահա, այս գործը մտել  է դատարան: Նշենք որ Վլադիմիր Գասպարյանի մասով սա երկրոդ քրեական գործն է, որ մտել է դատարան. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բացահայտել էր ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Վլադիմիր Գասպարյանի եւ Լեւոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի եւ պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:

 

 

ԼԱՎՐՈՎԸ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել առաջիկա օրերին համաձայնեցված տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողական մեխանիզմները. այս մասին Լավրովը հայտարարել է հոկտեմբերի 19-ին Մոսկվայում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսում: 

 

«Որպեսզի հրադադարն աշխատի, անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմների ներդրումը: Մենք դրանում համոզվել ենք երկու փաստաթղթերի ընդունումից հետո, որոնք թույլ չտվեցին փոխել իրավիճակը գետնի վրա: Մենք այդ ուղղությամբ ակտիվ աշխատում ենք, առաջին հերթին՝ մեր պաշտպանության նախարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ: Հույս ունեմ, որ ամենամոտ ժամանակահատվածում կհամաձայնեցվի նման մեխանիզմը»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նրա համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամենագլխավորը առճակատման հռետորաբանության անհապաղ դադարեցումն է ինչպես կողմերի միջեւ, այնպես էլ պատասխանատու միջազգային խաղացողների մակարդակով: «Սա մեծ ջանքեր չի պահանջում»,-նկատել է Լավրովը՝ նշելով, որ հաջորդ անհրաժեշտ քայլը, որը պետք է կիրառել առճակատման հռետորաբանության դադարեցման հետ միաժամանակ, ռազմական գործողությունների, քաղաքացիական օբյեկտներին հարվածների դադարեցումն է:

«Սրանք այն պահանջներն են, որոնք ներառված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, եւ Մոսկովյան փաստաթղթում, որը համաձայնեցրել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 10-ին: Սա հաստատված է նաեւ փաստաթղթում, որը մենք համաձայնեցրել ենք հոկտեմբերի 18-ին՝ ձգտելով դադարեցնել արյունահեղությունը: Մոսկվայի հանդիպումից հետո, սակայն, մեր հույսերը չարդարացան, ռազմական գործողությունները շարունակվեցին, շարունակվեցին հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքներին, բնակավայրերին. դա անընդունելի է»,-ասել է Սերգեյ Լավրովը:

Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է էականորեն արագացնել հակամարտության քաղաքական կարգավորման ջանքերը: Դրա մասին եւս խոսվում է Մոսկովյան հայտարարության մեջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կան մանրամասն մշակումներ, որոնք կողմերի հետ քննարկվել են: Դրանք պարունակում են պատասխաններ բոլոր հարցերին: «Այսօրվա պատմական պահին պետք է կարողանալ կողմերին մղել համաձայնեցնելու առանցքային դրույթները, որոնք թույլ կտան ավելի երկարաժամկետ կտրվածքով կայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ապաարգելափակել տնտեսական, տրանսպորտային կապերը եւ ապահովել եւ Ղարաբաղի հուսալի անվտանգությունը եւ տարածաշրջանի այլ տարածքների»,-ընդգծում է ՌԴ ԱԳ նախարարը:

 

 

ՄԻՊ-Ը ԱՀԱԶԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել: Անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներ կան. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը եւ տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց, սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում: Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ լուսանկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո:

Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով: Ընդ որում, ինչպես մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հայ զինծառայողի եղբայրը, զանգերը կատարվել են իր եղբոր հեռախոսահամարով: Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր եւս: Այդ աշխատանքները շարունակվում են։

Դրանք բոլորը փաստագրված են անհրաժեշտ ձեւակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ:

 

 

ԴՊՐՈՑՆԵՐԸ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ-ների՝ վերջին օրերի հարվածների հետեւանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք եւ Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը եւ այլ աշխատակիցներ չեն տուժել։ Անմիջապես քայլեր են նախաձեռնելու՝ պատճառված վնասը վերականգնելու եւ ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ:




Լրահոս