ԳՈՐԾԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԸ, ԶԶՎԵՑՆՈՂՆԵՐԸ, ՓՈԹՈՐԻԿԸ ԵՎ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի ուսուցիչները զանգվածային գործադուլ են անցկացնում, որն ուղղված է աշխատատեղերի կրճատման դեմ: Գործադուլին մասնակցում է նախակրթական եւ տարրական կրթական համակարգի ուսուցիչների 53,8%-ը եւ միջնակարգ կրթական համակարգի ուսուցիչների 50 տոկոսը: Մինչ Ֆրանսիայում զանգվածային գործադուլներ են ընթանում զանգվածային գործազրկության ֆոնի վրա, Բարաք Օբաման էլ իր երկրում գործազրկությունը վերացնելու փոխարեն ելույթներ է ունենում ԱՄՆ տարբեր նահանգներում` հանգանակություն հավաքելու 2012-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի համար: Սակայն փաստը մնում է փաստ, որ իսկապես չի կարողանում նույնիսկ իր համար գումար հավաքել, էլ ուր մնաց պետության, քանի որ նրա վերջին ելույթը Կալիֆորնիայում ուղղակի տապալվել է: Ելույթի հենց սկզբում մի տղամարդ սկսել է բղավել` «Հիսուսն աստված է»: Նրան, իհարկե, անմիջապես դուրս են բերել դահլիճից: Այնուհետեւ մեկ ուրիշը բղավելով Օբամային հիշեցրել է, որ մարիխուանան նաեւ բժշկական միջոց է:  Թե՛ ֆրանսիացի ուսուցիչների եւ թե՛ Օբամայի համար ավելի լավ կլիներ այդքան ջանք գործադրելու փոխարեն դիմել բրիտանական ծովային ընկերությանը, որն Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել է 237 մլն արժողությամբ մոտ 200 տոննա արծաթ: Այն գտնվում է 1941-ին գերմանական սուզանավի կողմից խորտակված բրիտանական Gairsoppa բեռնատար նավում: Նավը գտնվել է  4.7 հազար մետր խորության վրա: 1941-ին Իռլանդիայի ափերի մոտ նավը խոցել է գերմանական սուզանավից արձակված ականը: Իսկ հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը կարծես բավարարվել է ամեն ինչով եւ արդեն սկսել է հանրությանը հոգնեցնելով զբաղվել, քանի որ գլխավորել է  բրիտանական Parade ամսագրի կողմից հրապարակված վարկանշային ցուցակը, որում նշված են բոլորին զզվեցրած հայտնի դեմքերը: Հարցվածներին վրդովեցնում է այն հանգամանքը, որ Քարդաշյանը ոչ մի տաղանդ չունի, ոչ մի բանով հայտնի չէ, սակայն նրա եւ նրա հարսանիքի մասին անչափ շատ են գրում: Երկրորդ տեղն այս ցուցակում զբաղեցնում է հոլիվուդյան աստղ Չարլի Շինը` հայտնի իր մի քանի սկանդալային պատմություններով: Երրորդը  «Լողափ» ռեալիթի շոուի մասնակից Սնուկին է: Մի խոսքով, լավ կլիներ, որ ոչ միայն վերը նշված մարդիկ, այլեւ աշխարհում գրեթե բոլորը  թողնեին իրենց համար շատ կարեւոր մի շարք զբաղմունքներ եւ պատրաստվեին աշխարհի վրա գրոհող հերթական,  բայց այս անգամ շատ ուժգին մագնիսական փոթորկին: Հետազոտողների հավաստմամբ` այն արեգակի վրա տեղի է ունեցել երկուշաբթի օրը, եւ սեպտեմբերի 29-ին մագնիսական ալիքները երկիրը խոցելու համար կլինեն  ամենահարմար դիրքում:ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ




Լրահոս