ԼՀԿ-Ի ԱՌԱՋԱՐԿԸ ՄԵՐԺՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: «Առաջարկում ենք առկա կարգավորումը վերաշարադրել նոր խմբագրությամբ՝ զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց»,- ասել է Սիմոնյանը: Նա հիշեցրել է, որ առկա կարգավորումը նախատեսում էր, որ չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար, իսկ մինչեւ այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չէր տրամադրվում: ՍԴ-ն 2018-ին այդ դրույթը հակասահմանադրական է ճանաչել: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատել է, որ մարդը կարող է ամեն տարի իր հասանելիք արձակուրդից չօգտվել, ինչի արդյունքում պետության վրա մեծ բեռ կարող է կուտակվել: Սիմոնյանի կարծիքով՝ կարելի է գալ համաձայնության եւ առկա գումարը տալ ոչ թե միանգամից, այլ մասերով:

 

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը: «Սակայն այս պահին վերջնական որոշում կայացված չէ՝ նկատի ունենալով, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարվում են փոփոխություններ, եւ այս հարցին եւս պարտադիր կերպով անդրադարձ է կատարվելու համապարփակ փոփոխությունների շրջանակներում»,- ասել է Սարգսյանը: Ըստ նրա՝ թիվը շատ մեծ է լինելու նույնիսկ այն դեպքում, երբ վճարվի միայն 2018-ին ՍԴ-ի որոշումից հետո: Այսպիսով, կառավարությունն այս պահին առաջարկում է սպասել փոխնախարարի կողմից հիշատակված օրենքում կատարվող փոփոխություններին, համապարփակ անդրադարձին:

ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանի խոսքով էլ՝ ՍԴ-ի 2018-ի որոշմանը հետադարձ ուժ չի տրվել, նաեւ չի նախատեսվել ժամկետ, թե երբ պետք է օրենսդրական փոփոխություն արվի: «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով ասվում է, որ երբ որեւէ ակտ հակասահմանադրական է, ապա Արդարադատության նախարարությունը եռամսյա ժամկետում պարտավոր է  նախագծային գործընթաց իրականացնել: Դա 2018-ին արվել է նախարարության կողմից, նախագիծը մշակվել, շրջանառվել է: Բայց ֆինանսների նախարարությունն առաջարկել էր, որ ներկայացվի նախագծի ֆինանսական գնահատական, ինքնաբերաբար արդարադատության նախարարությունը մեզնից պետք է ուզեր դա, մենք փաստացի չկարողացանք տալ, դրա համար գործընթացը դադարեց դեռեւս 2018-ին»,- ասել է նա:

Սակայն Սիմոնյանը վստահեցրել է, որ այս պահին ՊՆ-ում մշակվող նախագծում մշակվել են նաեւ այդ նորմերը, դրանց տրվել են հետադարձ ուժ՝ ի դեմս «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2017-ի դեկտեմբերի 16-ից: Այսպիսով, կառավարությունն առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի ընդունումից առավել ընդգրկուն եւ ամբողջական կարգավորում կատարելու նպատակով: Համապատասխան  օրենքի նախագիծը մինչեւ մարտի վերջ կդրվի շահագրգիռ պետական մարմինների քննարկմանը, նաեւ հանրային քննարկման:

Տարոն Սիմոնյանը, սակայն, առաջարկել է օրենսդիրներին օգտագործել իրենց իշխանությունը՝ շահագրգռելու կառավարությանը, որ ակտիվ աշխատեն, առաջին ընթերցումով հաստատեն օրենքի նախագիծը, որպեսզի կառավարությունը մինչեւ երկրորդ ընթերցում ավելի ակտիվ աշխատի, գոնե առաջարկ ներկայացնի: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է մեկ ամսով հետաձգել օրենքի նախագծի քննարկումը: Տ. Սիմոնյանը արձագանքել է, որ կառավարությանը չվստահելու փորձ ունի, այսպիսով մերժել է այդ առաջարկը: Քվեարկությամբ նախագիծը դրական եզրակացություն չի ստացել:

 

 

 

 

317 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում մարտի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 317 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 178 702 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 776 843, վերջին մեկ օրում` 2460 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8190 պացիենտ. մեկ օրում ավելացել է 77-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 166 410 անձ, վերջին մեկ օրում՝ 205 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 3265 է:




Լրահոս