ՀՀԿ-Ն՝ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքները խոչընդոտելու նպատակով իշխանությունների ջանքերը սկսել են դառնալ անարդյունավետ: Չնայած ոստիկանությունը շրջափակել է Երեւանը, ՀԱԿ ակտիվիստները մարզերից հիմա էլ ոտքով են հասնում Ազատության հրապարակ: Այդպես էր նաեւ երեկ՝ շուրջօրյա հանրահավաքի 7-րդ օրը. Աբովյանի ՃՈ պոստից սկսած Աբովյանից, Սեւանից, Հրազդանից, Վանատուրից, Չարենցավանից մարդիկ ոտքով եկել էին Ազատության հրապարակ:Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին ասուլիսից մնացած մի քանի հարցի պատասխանեց: Հարցին՝ ճիշտ է, որ «Արմենթել»-ին մենաշնորհ տրվել է նրա նախագահության ժամանակ, եւ ճիշտ է, որ դրա համար ինչ-որ կազմակերպության կողմից փոխանցվել է 25 մլն դոլար, նա պատասխանեց. «Սա այն նույն կեղծիքի ժանրից է, երբ մի փոքր խառնում են ժամանակները եւ իրադարձությունները վերագրում են մարդու, որը կապ չունի դրանց հետ: «Արմենթել»-ի գործարքը ստորագրվել է իմ հրաժարականից հետո` Քոչարյանի կողմից, եւ եթե այս 25 մլն դոլարի պատմությունը ճիշտ է, ապա այդ դոլարի հասցեն պիտի փնտրեք ուրիշ տեղ: Նույն ձեւով ինձ էին վերագրում Կոնյակի գործարանի գործարքի կնքումը: Հայտարարում եմ՝ Կոնյակի գործարանի գործարքը նույնպես ստորագրվել է Քոչարյանի կողմից»: 96թ. նախագահի ընտրությունները կեղծելու եւ այդ պաշտոնը Վազգեն Մանուկյանից խլելու մասին հարցին ասաց. «Այդ ինչպես է, որ 96-ին ընտրյալ նախագահ Վազգեն Մանուկյանը 98-ին ստացավ 13 տոկոս ձայն: Բացի այդ, իր ընտրողներին կոչ չարեց երկրորդ փուլից առաջ Կարեն Դեմիրճյանին սատարել: Դրանից հետո Քոչարյանը կեղծեց շատ ավելի այլանդակ, այսինքն՝ Վազգեն Մանուկյանը Ռ. Քոչարյանին մատուցեց այն նույն ծառայությունը, ինչ որ 2003-ին Գեղամյանն իր 10 տոկոսով մատուցեց Ռ. Քոչարյանին: 98-ին Վ. Մանուկյանը ստացավ 13 տոկոս, 2003-ին՝ 0.43, 2008-ին, որի արդյունքները բոլորը չեն ընդունել, բացի երկուսից՝ Վազգեն Մանուկյան ու Արամ Հարությունյան, ստացավ 1 տոկոս, ես՝ 21 տոկոս: Անգամ Վազգենի կողմից արդար ընտրություններում 20 անգամ ավելի ձայն եմ ստացել»: Նա առավել հանգամանալից անդրադարձավ նժդեհյան ուսմունքին՝ ՀՀԿ գաղափարախոսությունն անվանելով ֆաշիստական: Այդ մասին հարցին ի պատասխան ասաց, թե «ցեղապաշտություն» ու «ցեղակրոնություն» բառերը ռասիզմի տերմինի հայերեն համարժեքն են, եւ դա բոլոր բառարաններում է այդպես: «Վաղուց էի ուզում անդրադառնալ այս հարցին, Նժդեհի ողջ հրապարակախոսական ու փիլիսոփայական ժառանգությունը ուսումնասիրել եմ, հարուստ նյութ եմ հավաքել՝ աշխատություն գրելու համար: Ժամանակ է պետք: Հայ ժողովրդի հերոսներից ու մեծագույն երախտավորներից մեկն է Նժդեհը: Ավելին, ես կարդացել եմ բոլոր ականավոր դաշնակցական գործիչների բոլոր աշխատությունները՝ Ռուբեն Մինասյան, Շանթ, Ավ. Ահարոնյան, Կարո Սասունի, Քաջազնունի: Կարող եմ ՀՅԴ-ական ականավորների հետ մրցել` ոչ մեկը ինձանից լավ չգիտի ՀՅԴ պատմությունը»: Տեր-Պետրոսյանը նշեց, որ իր ուՀՀԿ-ի տարբերությունը Նժդեհի գնահատման հարցում այն է, որ ինքը գնահատում է Նժդեհի մեծագործությունը, իսկ ՀՀԿ-ն նրա ուսմունքը` ցեղապաշտությունը կամ ցեղակրոնությունը: «Սրանք բոլորովին տարբեր մարդիկ են` մի բան է Նժդեհ հերոսը, մեծագործը, ազգափրկիչը, մեկ այլ բան՝ նրա ուսմունքը, որն ընդամենը եղել է ժամանակավոր մոլորություն, դա բոլորովին չի նսեմացնում այդ մարդու կերպարը, հակառակը՝ ուսմունքը շեշտելով՝ ՀՀԿ-ն նվազեցնում եւ հողին է հավասարեցնում այդ մարդու մեծագույն արժեքը»,-նշեց նա: Տեր-Պետրոսյանը լուրջ դասախոսություն կարդաց այդ թեմայով: Ըստ նրա՝ Նժդեհը հետագայում հրաժարվել է իր ուսմունքից, բայց ՀՀԿ-ն այդ ճանապարհով է ընթանում. «Ֆաշիզմի դրսեւորումներն էին՝ հակալիբերալիզմ, հակապառլամենտարիզմ, հակասեմիտիզմ, հակաժողովրդականություն, սոցիալ-դարվինիզմ: Հավերժ գոյապայքար՝ ֆաշիստը կամ սպիտակ ռասսան, հավերժ գոյապայքար պիտի լինի մյուս ռասաների հետ: Հակախաղաղություն՝ առանց պայքարի խաղաղությունը չեն ընդունում: Հաջորդը՝ վոժդիզմ, ֆյուրերիզմ… այդ ամենին ուշադի՛ր եղեք, դրանց ականատեսն եք այսօր: ՀՀԿ-ի համար Նժդեհի մոլորությունը դարձել է գաղափարախոսության հիմք: Այն ոչ միայն գաղափարախոսությամբ, այլեւ գործով ֆաշիստական կուսակցություն է, ուրիշ՝ ոչինչ: Ես դրանց խորհուրդ կտամ՝ մի՛ ապականեք Նժդեհի սուրբ անունը, հանե՛ք ձեր ծրագրից նրա ուսմունքը»: ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս