«Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ, որ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցում երեկ մրցույթ-քննություն պետք է կայանար` պատմության ուսուցիչ ընտրելու համար: Թեկնածուները երկուսն են, սակայն մարզպետն ընտրությունը «մաղարիչով» վաղուց կատարել է: Խմբագրություն զանգահարած անձը խնդրեց ժամը 13:00-ին դպրոցում լինել եւ տեսնել իրականությունը: Բնականաբար, գնացինք:Տնօրենից տեղեկացանք, որ քննության օրը փոխել են, այն կայանալու է այսօր` ժամը 14:00-ին: Տեղեկացանք նաեւ, որ հոկտեմբերի 3-ից դպրոցի տնօրենը եւս փոխվել է, ու նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Նախ զրուցեցինք ԺՊ Վարդան Սարիբեկյանի հետ, ով ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու են քննության օրը տեղափոխել, ապա դպրոցի նախկին տնօրեն Լիդա Դանիելյանի հետ: Վերջինս, լսելով մեր հարցը, թե ճիշտ է, որ արդեն գումար են վերցրել եւ որոշել, թե որ թեկնածուն է հաղթելու, ասաց. «Ա՛յ քեզ բան, ո՞վ ա նման բան ասել, կարող ա ես էլ եմ շատ բան ասում, ո՞ւմ են էդ գումարը տվել, տենց բան ո՞նց կարա լինի: Էդ մրցույթը պիտի տեղի ունենա, նոր որոշվի»:Տիկին Դանիելյանից տեղեկացանք, որ մասնակիցներից մեկը` Արթուր Մխիթարյանը, նոր է բանակից զորացրվել եւ այժմ պատմության ժամանակավոր ուսուցիչ է աշխատում, մինչեւ ընտրությունը կկայանա. «Հարցաշարերը երկուսին էլ տվել ենք, երկուսն էլ նախապատրաստվել են: Քննությանը հանձնաժողով է ներկա լինելու, եւ ես անգամ այդ հանձնաժողովի կազմը չեմ հրապարակել, որ չգնան սրա նրա մոտ…»: Մեր զրուցակիցը նշեց, որ երկու թեկնածուներն էլ նոր են ավարտել համալսարանը: Մինչ մենք զրուցում էինք արդեն նախկին տնօրեն տիկին Դանիելյանի հետ, ներս մտավ թեկնածուներից Աննա Թորոսյանը եւ հարցրեց, թե երբ գա` մրցույթին մասնակցելու: «Ժողովուրդ»-ը, տեղեկանալով, որ Աննան է մասնակիցներից մեկը, նրան մի քանի հարց տվեց: Հարցին, թե ինչ հույսեր ունի` քննության հետ կապված, Աննան ասաց, որ ամեն ինչ արդեն որոշված է. «Մենք էլ ենք մարզպետի մոտ գնացել, որ խոսենք, բայց իրա վարորդը մեզ ասել ա, որ 3 հազար ԱՄՆ դոլար գումարն իր միջոցով տվել են մարզպետին, ու հարցը փակված է: Վարորդն իմ գյուղացի է` Վահանիկից: Ավելին, նա ասաց, որ եթե ինքն իմանար` ես եմ մյուս թեկնածուն, էդ գործը չէր անի, բայց արդեն ուշ է: Դրա համար էլ ես ոչ մի հույս չունեմ, որ կարող է էդ քննությունն անցնեմ: Ես անպատասխանատու հայտարարություններ չեմ անում»: Այս ամենն Աննան ասաց տնօրենների ներկայությամբ: Դպրոցի նախկին տնօրեն Լիդա Դանիելյանն Աննային խնդրում էր նման բան չասել, բայց Աննան վստահ պնդում էր, որ դա իրականություն է: Արդեն առանձին զրույցի ժամանակ Աննա Թորոսյանը մեզ տեղեկացրեց, որ տնօրեն Լիդա Դանիելյանն իրեն անգամ քննության բանավոր հարցաշարը չի տվել. «Բայց մյուս մասնակցին տվել են: Էդ թեկնածուն ամբողջ դասի ընթացքում հեռախոսով խաղում ա, ինքն ամբողջ դասին դաս չի պատմում, ես կոնկրետ աշակերտների ասելով եմ ասում, ես չեմ էլ վախենում: Նորից եմ ասում` իրենք վարորդի միջոցով 3 հազար դոլար տվել են մարզպետին»: Մեր զրուցակիցը շատ սրտնեղած էր, անգամ արտասվեց, որ անարդարության դեմ չի կարողանում պայքարել ու հեռացավ:«Ժողովուրդ»-ը Գեղարքունիքի մարզպետ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանից փորձեց ճշտել կաշառքի մասին պատմությունը: Պողոսյանը, նախ մարզպետարանի լրատվության բաժնի վարիչ Հասմիկ Նալբանդյանի միջոցով տեղեկանալով մեր հարցի մասին, ասել էր, որ եթե նման չճշտված ինֆորմացիա հրապարակվի, ինքը «Ժողովուրդ»-ին դատի է տալու, իսկ որոշ ժամանակ հետո որոշեց զրուցել մեզ հետ. «Մրցույթը լինելու է օրինականության դաշտում, ես ձեզ ասեմ` էդ ձեր ահազանգը տվել ա նախկին տնօրենը, որ ուզում էր երկար աշխատել, բայց դե ժամանակն այդքան էր, պետք է գնար»: Մինչդեռ նախկին տնօրենը «կուրծք էր ծեծում» մարզպետի համար: Հավանաբար Պողոսյանը գիտի, որ տնօրենի նկատմամբ էլ արդար չի եղել, դրա համար նրան էր կասկածում: Ինչեւէ, հարցրինք նաեւ կաշառքի մասին: «Ես հերյուրանքներին չեմ պատասխանում, ես առաջին անգամ եմ լսել դրա մասին եւ ուրիշ հարցերի չեմ պատասխանում»,-ասաց ԲՀԿ-ական մարզպետն ու անջատեց հեռախոսը:Իհարկե, մարզպետի վրդովմունքը հասկանալի է, քանի որ «բռնվել է գործի վրա», բայց ցավալի է, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնք այդ աղքատ գյուղացիներից կարողանում են կաշառք վերցնել ու «մարսել»: Հասկանալի է, որ մարդիկ իրենց ունեցվածքը վաճառելով են այդքան գումար հավաքել: Հ.Գ. Երեկ երեկոյան տեղեկացանք, որ մրցույթի մասնակից Արթուր Մխիթարյանին հանձնարարվել է լավ պատրաստվել այսօրվա քննությանը, որ «օրենքով» անցկացնեն:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՐԶՊԵՏԸ ԿԱՇԱՌՔ Է ՎԵՐՑՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ