ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջիկայում ստուգումներ է իրականացնելու 40-ից ավելի կաթնամթերք արտադրող ընկերություններում: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանի խոսքով արդեն աշխատանքները մեկնարկել են, ու երկու ընկերությունում արտադրական գործունեությունը կասեցնելու որոշում է կասեցվել:

 

«Խախտումները բազմաթիվ են ու բազմաբնույթ. արտադրական տարածքների ոչ պատշաճ վիճակ, մաքրման, ախտահանման աշխատանքների թերի իրականացում, հանդերձարանների ոչ պատշաճ կահավորվածություն, սանհանգույցների բացակայություն կամ եղածի ոչ պատշաճ վիճակ եւ այլն: Հումքի ընդունումից մինչեւ պատրաստի արտադրանքի թողարկում. այս ամբողջ շղթայում արձանագրել ենք նման իրավիճակ: Խախտումներ գրանցվել են թե՛ պահեստներում, թե՛ հումքի մթերման փուլում եւ այլն: Այդ ամենը հիմք են, որպեսզի մենք արտադրական գործընթացը կասեցնենք»,-ասել է նա:

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող երկու ընկերության գործունեությունը կասեցնելու որոշումից հետո ընկերություններից մեկը թերությունները վերացրել է եւ կասեցումից հանվել: Մյուս ընկերության դեպքում դեռ չեն իրականացվել այն հանձնարարականները, որոնք տրվել են տեսչական մարմնի կողմից: Բացերը լրացնելուց, թերությունները շտկելուց հետո ընկերությունը կդիմի տեսչական մարմին, ինչից հետո ստուգումների արդյունքում համապատասխան որոշում կկայացվի: Վահե Դանիելյանը նշել է, որ  սահմանափակումներին զուգահեռ կիրառում են նաեւ վարչական պատասխանատվության միջոցներ:

Առաջիկայում ստուգումները շարունակվելու են այլ ընկերություններում եւս՝ ներառելով ինչպես փոքր եւ միջին արտադրողներին, այնպես էլ խոշոր կազմակերպությունները: Տեսչական մարմնի աշխատողների ուշադրության կենտրոնում են լինելու նաեւ պաղպաղակ արտադրողները: Ստուգումների համար ինչպե՞ս են ընտրվում արտադրողները: Վահե Դանիելյանը նշեց, որ ունեն ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանություն: Այն տնտեսավարողների մոտ, որտեղ ռիսկը բարձր է, տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի: Հաշվի են առնվում նաեւ քաղաքացիներից եկած ահազանգերը: Այս փուլում կաթնամթերքի շուկայում մեծածավալ ստուգումներ իրականացնելը ինչպես կապված է սեզոնի հետ (ամռան շոգին ռիսկերը մեծանում են) այնպես էլ ունեցած փորձն ու ահազանգերը:

Անդրադառնալով ընդհանուր կաթնամթերքի ոլորտում առկա իրավիճակին՝ Վահե Դանիելյանը նշեց, որ վիճակը բավարար է, սակայն շատ անելիքներ կան: Մասնագետն ընդգծեց, որ ամեն դեպքում զերծ են մնալու կտրուկ քայլերից:

Վահե Դանիելյանը նկատեց, որ մրցակցությունը հանգեցրել է նրան, որ խոշոր ընկերություններում կան նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններ: Չնայած դրան՝ քննարկումներով, ցուցումներով, առաջարկություններով, շտկումներով փորձում են աշխատանքը հասցնել միջազգային մակարդակի:

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

280 ՆՈՐ ԴԵՊՔ

Անցյալ շաբաթվա ընթացքում ողջ աշխարհում ավելի քան 4 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ: ԱՀԿ տվյալներով` վարակման նոր դեպքերի թիվը 3 տոկոսով գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշները, մինչդեռ մահացության ցուցանիշը նվազել է 8 տոկոսով: Օգոստոսի մեկի դրությամբ կորոնավարակակիրների թիվը հասել է 197 788 117-ի, մահացածներինը` 4 219 578-ի: Հիվանդացության մակարդակը հատկապես աճել է Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում (37%) եւ Արեւմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (33%): Վարակման դեպքերի նվազում է նկատվել Եվրոպայում (9 %-ով), Հյուսիսային Ամերիկայում (3 %-ով), ինչպես նաեւ Աֆրիկայում (1%):  Մահվան ելքով դեպքերի զգալի անկում է գրանցվել Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (29%):

Հայաստանում օգոստոսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230993 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1364854, վերջին մեկ օրում` 6897 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4808 պացիենտ. մեկ օրում ավելացել է 127-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 220438 անձ, վերջին մեկ օրում՝ 149 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4625 է:

 




Լրահոս