ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթար Զաքարյանի գործով նախաքննական մարմինը որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանի գործով նախաքննական մարմինը որոշում է կայացրել:

ArmLur.am-ի տեղեկություններով ՀՀ քննչական կոմիտեն Մեղրիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարել: Վերջինս կալանքի տակ է եւ գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2016 թվականից Մեղրին ղեկավարած Զաքարյանը կազմակերպել է համայնքին պատկանող և վաճառքի ոչ ենթակա արգելոցի տարածքի վաճառքն իր մտերիմին։ Այս գործով մեղադրյալ են նաև Զաքարյանի նախկին տեղակալն ու քաղաքապետարանի գլխավոր մասնագետը։

Զաքարյանի փաստաբանները շարունակում են այս քրեական գործը համարել քաղաքական հետապնդում։

Վերջինիս պաշտպան Երեմ Սարգսյաը հայտնել էր, որ իշխանությունները խնդիր ունեն Սյունիքի համայնքապետերի հետ։ Բացի Զաքարյանից, տարբեր, այդ թվում և ընտրական հանցագործություններով մեղադրյալներ են նաև Գորիսի, Սիսիանի, Քաջարանի, նաև Որոտան և Քարահունջ համայնքների ղեկավարները.

«Էստեղ, իմ կարծիքով, ավելի շատ Սյունիք պրոբլեմն ա։ Սյունիքի համայնքապետերին փորձում են մեկուսացնել ինչ-որ այլ նպատակների համար։ Այլ նպատակները բոլորս հասկանում ենք, և վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք կտեսնենք, թե սա ինչի համար է արվում, ինչը բացարձակապես ո’չ կապ ունի իրավական պետության հետ, ո’չ ժողովրդավարական, ո’չ էլ ընդհանրապես իրավական օրինական պրոցեսների հետ»։

Ի դեպ «Հայաստան» դաշինքի պատգաավորները շարունակաբար հայտարարում են, որ ինչպես Զաքարյանն, այնպես էլ մեկ այլ քրեական գործով անցնող կալանավորված Սիսիանի նախկին քաղաքապետ, դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը պատգամավորի անձեռնմխելիություն ունեն և չեն կարող քրեական հետապնդման ենթարկվել։

Մինչդեռ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը պնդել էր, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել մինչև պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը, և դրանից հետո պատգամավոր դառնալը ոչինչ չի կարող փոխել:

Քնար Մանուկյան




Լրահոս