Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքի ընդգծմամբ սկսված հաշվեհարդարը վերաճել է փոխադարձ հրաձգության և միմյանց սպանելու ծրագրերի։
ArmLur.am-ը ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացավ, որ 2026 թվականի հունվարի 21-ին Ծաղկաձորում Երևանի 33-ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը, ևս երկու անձի հետ ծեծի է ենթարկել 36-ամյա մի տղամարդու։
Վերջինս, չհանդուրժելով կատարվածը, ծրագրել է սպանել իրեն ծեծի ենթարկած տղամարդուն և ապօրինի հրազեն ձեռք բերել։ Իր հերթին 33-ամյա տղամարդը ևս զինվել է՝ նրան սպանելու նպատակով։
Արդեն օգոստոսին հակամարտող կողմերի միջև փոխադարձ հրաձգություն է տեղի ունեցել, իսկ հետագայում իրավապահներին հաջողվել է կանխել նախապատրաստվող սպանությունը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 5-ին իրականացված խուզարկություններից հետո ձերբակալվել են չորս անձ, այդ թվում՝ 33-ամյա տղամարդու հայրն ու ընկերը։
ArmLur.am-ը ՀՀ Քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե ինչ ընթացք է ստացել աղմկահարույց այս քրեական վարույթը. ովքեր են պատժվել, ովքեր են կալանքի տակ։«Քրեական վարույթի շրջանակում 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության փորձի, խուլիգանության, զենքի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով։ Նրանք կալանավորված են»,- ArmLur.am-ին հայտնեցին ՔԿ լրատվական ծառայությունից։
Ուշագրավ է, որ թեև քրեական վարույթը նախաձեռնվել է նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու հատկանիշներով, Քննչական կոմիտեի տրամադրած պատասխանում այդ հոդվածով քրեական հետապնդման մասին որևէ հիշատակում չկա։ Մինչդեռ քննությունը չպետք է շրջանցի օրենքով գողերին պատժելու կարևոր բաղադրիչը:




























