ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դրական եզրակացություն է տվել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին։ Օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը, հիշեցնենք, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ու փոխնախագահ Վլադիմիր Վարդանյանն ու Վահագն Հովակիմյանն են։

 

Օրենքների լրամշակված տարբերակով նախատեսվում է, որ, օրինակ, Քրեական դատավարության օրենսգրքում տեղ կգտնեն այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, դատական սանկցիայի նոր տեսակի՝ «իրավունքի իրականացման սահմանափակման» սահմանումը։ Նախատեսվում է նաեւ սահմանափակել պաշտպանից հրաժարվելու, միջնորդության, բացարկի, ապացույցների ներկայացման, բացման ու եզրափակիչ ելույթով կամ հայտարարությամբ հանդես գալու իրավունքները։ Նշված դրույթները, ըստ առաջարկվող փոփոխությունների, դատարանի կողմից կարող են սահմանափակվել դրանցից ոչ բարեխիղճ օգտվելու դեպքում։ Փաստորեն, օրենքի լրամշակված տարբերակը ենթադրում է, որ այն կարող է հակասության մեջ մտնել Սահմանադրության 61-րդ հոդվածի հետ, որ սահմանում է դատական պաշտպանության իրավունքը։ Կարող են սահմանափակվել նաեւ անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակով փաստաբանների կողմից կիրառվող տարբեր մարտավարությունները։ Ինչ վերաբերում է Դատական օրենսգրքում տեղ գտած փոփոխություններին, ապա դրանցով նախատեսվում է, որ ԲԴԽ դատավոր անդամներին բաշխվող գործերը ներկայիս 75 %-ի փոխարեն նվազեցվելու են 95 %-ով։ ԲԴԽ-ն նոր լիազորություններ է ստանալու. օրինակ՝ քննարկելու է դատարանների բնականոն գործունեության հետ կապված հարցեր ու լիազորությունների շրջանակում լուծելու դրանք կամ էլ դրանց լուծման նպատակով դիմելու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին։ Ստացվում է՝ օրենքի լրամշակված տարբերակով Բարձրագույն դատական խորհրդին չափազանց լայն լիազորություններ են տրվելու։ Սպասվող փոփոխությունների շուրջ զրուցեցինք Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, սպասվող փոփոխությունները ի՞նչ կտան դատական համակարգին:

-Որքանով հասկացա, նախ ցանկանում են թեթեւացնել դատավոր անդամների ծանրաբեռնվածությունը որպես դատավոր, ինչպես նաեւ ԲԴԽ-ին նոր լիազորություններով օժտել բնականոն գործունեություն ապահովելու համար: Չգիտեմ՝ ծանրաբեռնվածության անհրաժեշտությունը ինչով է պայմանավորված, եւ ինչ ծավալի աշխատանք պետք է անեն այդ ուղղությամբ, իսկ, ահա, ԲԴԽ-ի նոր լիազորությունների մասով կարող եմ ասել մեկ բան. ցանկացած ինստիտուտի երբ նոր լիազորություն ես տալիս, բավականին լուրջ քայլ է, եւ խորքային պետք է ուսումնասիրես հասկանալու համար դրական կամ բացասական կողմերը: Եթե ԲԴԽ-ին այնպիսի լիազորություններ պետք է տան, որ այն ապահովի դատավորների պաշտպանությունը, դատական համակարգի իրական խնդիրներին միտված կլինի, ապա դա ողջունելի կլինի: Ցավոք, այս մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխություններ այդ ուղղությամբ կատարվում են, միանգամայն հակառակ պատկերն է ցույց տալիս: Ոչ թե միտված են փոփոխությունները՝ ի նպաստ դատավորների պաշտպանության, այլ կոնկրետ փորձում են միջամտել դատավորի աշխատանքին, ինչն ինձ համար մտահոգիչ է: Շատ լավ կլիներ, որ ԲԴԽ-ն ունենար լիազորություն, որ ապօրինի, անհեթեթ կարգապահական վարույթի միջնորդություններ, որ ներկայացվում են ԲԴԽ, դա քննարկման առարկա չդառնար, այլ ոչ թե նիստ նշանակեն, դատավորին բերեն ԲԴԽ, եւ դատավորը կանգնի հիմնավորումներ բերի, որ ճիշտ է, ու շատ դեպքերում այդ նիստերը զավեշտի են նմանվում: Ես ինքս ներկա եմ եղել ԲԴԽ նիստերին իմ գործընկերների նկատմամբ կարգապահական վարույթների մասով եւ մոտ 40 րոպե չեմ հասկացել, թե ինչի մասին է, այս դատավորն ինչ է արել, ինչ խախտում է արել: Օրինակ՝ դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվում, որ նա ծանուցագիրը մեկ այլ հասցեի փոխարեն մեկ այլ հասցեով է ուղարկել, եւ դա այն դեպքում, որ հայցվորն է այդ հասցեն ներկայացրել, կամ դատավորին կարգապահական պատասխանավության են ենթարկում հայոց լեզվի քերականական կանոնների ենթադրյալ խախտման համար, այսինքն՝ ավելի շատ բառախաղի է նմանվում, որ մեկ բառը նախադասությունից կտրված չի դիտարկել այն դեպքում, երբ դա, իմ կարծիքով, որեւէ հետեւանք չի առաջացրել: Կամ պատասխանատվության են ենթարկում, որ նա դատական ակտը խորն է պատճառաբանել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ավելի լավ է քիչ պատճառաբանես, անձը զրկվի ազատությունից, քան շատ պատճառաբանես, եւ անձը չզրկվի ազատությունից, ինչն ինձ համար ընդունելի չէ:

Եվ, ի վերջո, դատավորին պատասպանատվության են ուզում ենթարկեն, որ նա 2 ամսով արձակուրդ է գնացել եւ գործերը հանձնել է: Բա ի՞նչ աներ, թողներ հետո գար, ու ողջամիտ ժամկետ խախտվե՞ր:

-Իսկ կարգապահական վարույթները վախեցնո՞ւմ են դատավորներին: Ձեր նկատմամբ եւս հարուցվել էր:

-Երբ տեսնում ենք, թե որ դատավորների նկատմամբ են հարուցվում վարույթները, այդտեղ զուգադիպություն չի կարող լինել, ես ինքս արդեն ենթադրյալ չարամտություն եմ տեսնում: Հարուցում են ռիսկով, հեղինակություն վայելող դատավորների նկատմամբ:

-Ձեզ վարույթներով կարո՞ղ են վախեցնել:

-Իմ մասով եւ իմ գործընկերների մասով կարող եմ ասել՝ չեն վախեցնում, բայց հոգեբանական առումով տհաճ է, դրանք դատավորին բուն գործից շեղում են, եւ նա ընկնում է այլ գործընթացների մեջ: Մեկ շատ կարեւոր բան նշեմ. վերջին մեկ տարում չեն տեսել նույն գործադիր մարմնի կողմից, որ խոսեն դատական համակարգի բուն խնդիրների մասին, գույքային պայմաններ, դատավորների ծանրաբեռնվածություն, անընդհատ խոսում են՝ դատավորներին պատժեն եւ կհասնեն իրական արդյունքի: Եվրոպական երկրներից են խոսում, գնացե՛ք, եվրոպական երկրների փորձն ուսումնասիրե՛ք, տեսե՛ք՝ այնտեղ երբ է հարուցվում, մեկ-երկու կոնկրետ դեպք կա, որ հարուցվում է, եւ նշեմ, որ գործադիր մարմնի միջամտություն էլ չկա, ոչ թե այստեղի պես:

Զրուցեց ՔնԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՎՆԱՍԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Սպիտակ քաղաքի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը բացահայտելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 5-ին՝ ժամը 18:35-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջնային պատի թափանցող վնասվածք, կրծքավանդակի առաջնային եւ հետին պատի վնասվածք, ձախ ազդրի հետին մակերեսի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սպիտակ քաղաքի՝ 1989թ. ծնված բնակիչ: Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժողի համաքաղաքացին է՝ 31 տարեկան: Նախնական տվյալներով՝ Սպիտակ քաղաքի 32-ամյա բնակիչը նախկինում ձեւավորված անբարյացկամ հարաբերությունների պատճառով հունվարի 3-ին Սպիտակ քաղաքի «Զավոդի թաղ» կոչվող հատվածում վիճաբանել է 31-ամյա համաքաղաքացու հետ, որից վրեժխնդիր լինելու պատճառով նույն օրը երեկոյան քարով հարվածելով կոտրել է նրա  բնակարանի պատուհանների ապակիները: Հիշյալ դեպքից օրեր անց՝ հունվարի 5-ին, փողոցում կրկին վիճաբանություն է տեղի ունեցել համաքաղաքացիների միջեւ, որի ընթացքում 31-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել 32-ամյա համաքաղաքացու մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով էլ վերջինս ստացել է վերոհիշյալ վնասվածքները: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին՝ 31-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

 

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

«Ճանապարհային երթեւեկության կանոններն ու նշաններն անփոխարինելի կարեւոր են, բայց պետությունը հաճախ է քաղաքացուն տուգանում` անտեսելով իր թերությունները»,- գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Օրինակ՝ արագաչափ սարքերի համար տեղադրված զգուշացնող նշանները չունեն որեւէ լուսավորություն, տեսանելիության համար անհամաչափ փոքր են: Հաճախ «թաքնված են» ծառերի կամ շինությունների հետեւում: Շատ են դեպքերը, երբ բացակայում են արագության սահմանափակումը ցուցադրող նշանները (արագության սահմանափակող կանոնները հաճախ են տարբերվում անգամ հավասար պայմաններում. օրինակ՝ միեւնույն բնակավայրում): Չկան արագաչափին մոտեցող մեքենայի արագությունը ցուցադրող սարքեր:

Սրան գումարած քիչ չեն դեպքերը, երբ հատկապես Երեւանից դուրս չլուսավորված փողոցների պատճառով է, որ արագաչափ սարքերն ու զգուշացնող նշաններն ընդհանրապես չեն երեւում:

Ճանապարհների գծանշումների (օրինակ՝ հոծ գծերը) բացակայությունը ու մի շարք այլ գործոններ ավելին են սրում խնդիրը եւ ավելացնում վթարների կամ պարզապես խախտումների ռիսկը: Քանի որ քաղաքացուն տուգանելու հիմքում ամբողջությամբ դրվում են արագաչափերի արձանագրումները, ապա պետք է ապահովվի նաեւ բավարար կանխատեսելիություն ու կոնկրետություն մարդկանց համար անհիմն տուգանքի չենթարկվելու համար: Լուսավորություն չունեն կամ արտահայտված տեսանելի չեն հետիոտնային անցումները (հարցը հատկապես սուր է մարզերում): Սա էլ իր հերթին լուրջ խնդիր է առաջացնում թե՛ հետիոտների, թե՛ վարորդների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Կան այլ նշանների օրինակներ եւս:

Իրականում ճանապարհային երթեւեկության հետ կապված պետության գլխավոր նպատակը ճանապարհային անվտանգ երթեւեկության ապահովումն է երթեւեկության բոլոր մասնակիցների համար, անհրաժեշտ կանոնների ու կանխատեսելի նշանների առկայությունը: Իսկ այս խնդիրը լուծելու լավագույն ճանապարհը կանխարգելումն է, այսինքն՝ պետությունը պետք է այնպես անի, որ մարդը կանոնների խախտում թույլ չտա: Հակառակ դեպքում կստացվի պետությունը, կանխարգելելու փոխարեն, շեշտը դնում է պատժելու վրա: Վերջապես մարդու իրավունքների լիարժեք երաշխավորումը ենթադրում է պետության կողմից մարդու նկատմամբ իր պարտավորությունների լիարժեք կատարում. հակառակ վիճակը միշտ բացասական է ազդելու ամեն մարդուն վերաբերող իրավիճակներում: Այս ամենից բացի, քանի դեռ պետությունը լիարժեք չի կատարել իր պարտավորությունները մարդու նկատմամբ, չի կարող ապահովել նրա աչքերում արդարացիության ընկալում իր արարքների, այդ թվում՝ տուգանքի համար: Մենք կբարձրացնենք այս հարցը եւ կնախաձեռնենք պետական պատասխանատու մարմիններին ուղղված անհրաժեշտ լուծումների առաջարկներ»:

 

 

 




Լրահոս