«ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԹԱՓԱՆՑԻԿ ՉԻ ԱՇԽԱՏԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմի հանգամանքներն իշխանությունը միայնակ՝ առանց ընդդիմադիրների կքննի: Խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հենքի վրա ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի հետեւյալ պատճառաբանությամբ՝ հանցագործության մասին վարկածը չի կարող քննել ենթադրյալ հանցագործը: Նույն տեսակետն են հայտնում նաեւ Արցախի Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորները: Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ասում է, որ հանձնաժողովը պատերազմի հանգամանքների մասին ոչինչ էլ չի բացահայտելու, ու ոչ ոք իրականությունն այդպես էլ չի իմանալու: Սա, նրա համոզմամբ, իրականությունը ծածկադմփոց անելու հերթական քայլն է: Պատգամավոր Գալստյանը չի բացառում, որ Արցախի իշխանությունները նույնպես, հետեւելով հայաստանյան գործընկերներին, քննիչ հանձնաժողով ստեղծելու ցանկություն ունենան: Ցանկությունն ու նպատակները, մեր զրուցակցի գնահատմամբ, նորից նույնն են լինելու՝ արդարանալու ու սրբագրելու թույլ տված ակնհայտ ու անթույլատրելի սխալները:

 

-Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ուզում են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է եւ չի մասնակցում: Արցախում տեսակետներն ինչպիսի՞նն են: Այսինքն՝ այն  իշխանությունը, որի ժամանակ տեղի է ունեցել պատերազմը, կարո՞ղ է օբյեկտիվ եւ հանգամանալից քննել պատերազմի  հետեւանքները:

-Իհարկե ոչ, բայց քննիչ հանձնաժողովը պետք է քննի իշխանական օղակների կողմից կատարված եւ չկատարված գործողությունները, հետեւաբար փորձը ցույց է տվել՝ թե՛ 2016 թվականի քննիչ հանձնաժողովը, թե՛ այս նոր ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը չի կարող օբյեկտիվ քննություն տանի: Կա այսպիսի ասացվածք՝  այն իշխանությունները, որոնք այսօր ստեղծում են քննիչ հանձնաժողով, դա հենց ծածկադմփոց անելու համար է ստեղծվում, որպեսզի հանրությանը մի ձեւ մոլորեցնեն, այսինքն՝ իշխանության մեղքերը ծածկեն: Նույնն էլ Արցախում է. մենք նախ չենք նախաձեռնել քննիչ հանձնաժողով ստեղծել, որովհետեւ, անձամբ  իմ մոտեցմամբ, գիտեմ, որ քննիչ հանձնաժողովը այսօր որ ստեղծվի, օգտագործվելու են իշխանական լծակները, սահմանափակ եւ ոչ օբյեկտիվ քննություն է տարվելու՝ անկախ այն հանգամանքից՝ ընդդիմությունն ընդգրկված լինի, թե ոչ: Սա ձեւականություն է, որը միտված է ժողովրդին մոլորեցնելու ու իշխանության կողմից կատարված, թույլ տրված սխալները կամ չկատարված գործողություններ թաքցնելու համար:

-Այսինքն՝ Արցախում նո՞ւյնպես ցանկանում են քննիչ հանձնաժողով ստեղծել:

-Ոչ թե ցանկանում են, այլ դրա անհրաժեշտություն կա: Անպայման պետք է լինի նման հանձնաժողով, բայց այս իշխանության օրոք ստեղծված ցանկացած հանձնաժողով օբյեկտիվ չէ, եւ այդ հանձնաժողովները չեն աշխատելու թափանցիկ:

-Պարո՛ն Գալստյան, արդյոք  Արցախի իշխանությունները քննիչ հանձնաժողով ձեւավորելու ցանկություն հայտնե՞լ են գոնե մասնավոր զրույցներում, թե՞ Դուք սա ասում  եք, որ հետագայում պետք է ստեղծվի:

-Այսօր Արցախի իշխանությունները Հայաստանի իշխանությունների ածանցյալներն են, չի բացառվում, որ Հայաստանում ստեղծվելուց հետո ձեւական այստեղ էլ փորձեն ստեղծել հանձնաժողով, բայց չեմ կարծում, թե օբյկտիվ քննություն կարողանան տանել:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՇՈՒՇԻԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ՝ «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ» անվամբ: Նախագծում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ: Այդ հռչակագրով կնքվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում:

 

Թեեւ փաստաթղթում նշված է, որ այն չի ստեղծվել երրորդ կողմի դեմ, այդուհանդերձ դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ: Այն արձանագրում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների ռազմավարական նպատակները՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների: Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձեւակերպումները վկայում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար: Դատապարտելի է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ հարցի բովանդակությունը խեղաթյուրելով եւ այն տանելով պատմագիտական ուսումնասիրության տիրույթ:

Շուշիի հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ կանոնադրությունը կամ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» մոտեցումը: Այն հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին: Համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիայի՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են եւ չեն կարող ունենալ որեւէ միջազգային լեգիտիմություն»:

Ըստ այդմ, Ազգային ժողովը հայտարարում է՝

Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ եւ ապակառուցողական բնույթով, անընդունելի է Հայաստանի Հանրապետության համար: Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով:

Ն. Հ.

 

 

 

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել դրույթ, որի համաձայն ՀՀ-ում գործող հավատարմագրված բարձրագույն եւ պետական ու հավատարմագրված ոչ պետական նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով ՀՀ պետական բյուջեի հաշվին ընդունելության եւ ուսումնառության իրավունք կտրվի`

  1. զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողներին,
  2. երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին:

Պատգամավորը նշում է, որ նախագծի ընդունմամբ նպատակ է հետապնդվում նպաստել զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած բոլոր զինծառայողների, ինչպես նաեւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների՝ պահեստազոր տեղափոխված զինծառայողների նոր մասնագիտացման ձեռքբերմանը եւ քաղաքացիական կյանքին ավելի հեշտ հարմարվելուն, սոցիալական խնդիրների առաջացման կանխարգելմանը՝ արդյունքում հասնելով նշված զինծառայողների արտագաղթի հավանականության նվազեցմանը:

 

 

 

ՍԵՊ ՉՊԵՏՔ Է ԽՐԻ

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մշտապես է հետեւել ազգությամբ եզդի զինվորի շուրջը կատարվող իրադարձություններին: Ըստ տարբեր հրապարակումների՝ հիշեցնենք՝ զորամասում զինվորին ստիպել էին տարբեր տեսակի գործողություններ իրականացնել, ինչից հետո նա լքել էր զորամասը: Թովմասյանն ասում է՝ եղածն իսկապես աննախադեպ էր այն առումով, որ ընդամենը երկու օրվա ժամկետային զինծառայողը զորամասում որոշակի վերաբերմունքի էր արժանացել: Թ. Թովմասյանն ընդգծում է՝ հրամանատարական կազմն ու առավել վաղ զորակոչված զինվորները նորակոչակիների նկատմամբ պետք է առավել ուշադիր ու զգոն լինեն, քանի որ 18-ամյա նոր-նոր զորակոչված երիտասարդներն ադապտացման խնդիր ունեն: Վերջինս շեշտում է՝ չի ցանկանա, որ այս միջադեպը հանկարծ ու հանկարծ միջազգային երանգ ստանա: Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովն ուսումնասիրել ու պարզել է, որ դեպքն ազգային պատկանալիության հետ որեւէ կապ չունի, այն զինվորի ու զորամասի կանոնադրական հարաբերությունների ու պատշաճ կատարման հետեւանք է սոսկ: Երկու ազգերի բարիդրացիական հարաբերությունների միջեւ արհեստականորեն սեպ չխրելու ու անհարկի աղմուկ չբարձրացնելու մասին է խոսում նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը: Շահարկվող աղմուկն ու վարքագիծը, հավելում է, կարող է երկու ազգերի հարաբերությունների վրա ազդել, ինչը դատապարտելի է:




Լրահոս