Խորհրդարանի մեծամասնությունն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է անկացրել։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նիստը դեռ օրեր առաջ պետք է տեղի ունենար, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է։ Մեզ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Փաշինյանի հետ երկու հարց է քննարկել։ Դրանցից առաջինը վերաբերել է նախագահի ընտրությանը, որ տեղի է ունենալու վաղը մեկնարկելիք ԱԺ լիագումար նիստի երկրորդ օրը, այսինքն՝ մարտի 2-ին։
Քանի որ ՔՊ-ն նախագահի թեկնածու առաջին փուլով ընտրելու համար բավարար ձայներ չունի, հետևաբար դա կարող է անել երկրորդ փուլով։ Փաշինյանը թիմակիցներին հորդորել է զգոն լինել, անպայման մասնակցել նախագահի թեկնածուի հարցով նիստին, քննարկումներին, հարցեր տալ, ելույթներ ունենալ։
ՔՊ-ի այսօրվա փակ նիստում քննարկված երկրորդ հարցը վերաբերել է ռուս-ուկրաինական պատերազմին։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե թեմայի վերաբերյալ պետք չէ ելույթներ ունենալ, հնարավորինս պետք է զսպվածություն ցուցաբերել՝ խուսափելով որևէ կողմի ջրաղացին ջուր լցնել կամ հակառակը՝ փառաբանել։
Հիշեցնենք, որ որպես նախագահի թեկնածու իշխող ՔՊ-ն առաջադրել է բարձր տեխնոլոգիաների նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատուրյանին։ Նրա ընտրություն առաջին փուլն ԱԺ-ում, ենթադրելի է, տեղի կունենա մարտի 2-ին կամ 3-ին։
Ս.Վ.