ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առանց վկայագրի գազալցակայաններում չեն լիցքավորի գազաբալոնները. նոր օրենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան գազալցակայաններում առանց վկայագրի ավտոմեքենան բնական սեղմված գազով չեն լիցքավորի: Գազալցակայանները պետք է լիցքավորեն միայն այն մեքենաները, որոնք ունեն փորձարկման վկայագիր, հակառակ դեպքում գազալցակայանը կտուգանվի: Ըստ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների՝ գազաբալոնով շահագործվող մեքենաների վարորդները պետք է դիմեն լիցենզավորված կազմակերպություններին՝ իրենց տվյալներն էլեկտրոնային շտեմարան մուտքագրելու և գազաբալոնների վկայագրում իրականացնելու համար: Նշենք, որ գազաբալոնային համակարգերի վկայագրման ժամկետ սահմանվել էր այս տարվա փետրվարի 15-ը: Սակայն այն երկարաձգվեց մինչև օգոստոսի 1-ը:

«Էքսպերտ Թեչ» գազաբալոնների փորձարկման, վկայագրման եւ տեղադրման լիցենզավորված ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը ArmLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն գազալցակայաններում հայտարարություններ կան փակցված այն մասին, որ առանց վկայագրի չեն լիցքավորելու ավտոմեքենան: Ընկերության տնօրենի խոսքով, վարորդները գազաբալոննների փորձարկման, վկայագրման գործընթացը թողել են վերջին օրերին:

Նշենք, որ վարորդները պետք է 2 տարին մեկ, կախված բալոնի տեսակից, ճնշափորձարկում անցնեն, վկայագիր ստանան: Մասնագետի խոսքով, ճիշտ կլիներ, երբ տաքսիների գազաբալոնները փորձարկվեն ավելի հաճախ:

Բալոնի տեղադրումից կամ փորձարկումից հետո մեքենայի տվյալները մուտք կարվեն էլեկտրոնային հարթակ: Ի դեպ, տեսչական մարմնի աշխատակիցների կողմից է վերահսկողություն իրականացվելու, բայց որոշ ժամանակ հետո միասնական համակարգի միջոցով դա կվերահսկվի:

Նշենք, որ վերջին շրջանում գազալցակայաններում մեքենաների գազի բալոնների պայթյունները հաճախակի են դարձել, որոնք նաև մարդկանց կյանքեր են խլում:

Սակայն մասնագետը համոզված է, որ գազաբալոննների փորձարկման, վկայագրման գործընթացը դրական ազդեցություն կունենա: Նախ՝ կպակասի գազալցակայաններում մեքենաների գազի բալոնների պայթյունների քանակը:

Բացի այս, շատերը մտավախություն ունեն, որ վարորդները կարող են վկայագրեր ձեռք բերել՝ առանց գազաբալոնները փորձարկելու՝ ծանոթ-բարեկամի միջոցով: Սակայն Մկրտիչ Տիգրանյանը վստահեցնում է, որ լիցենզավորված ընկերությունները կեղծումներ հաստատ չեն անի:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս