ՍԴ-ն կարճել է Արման Թաթոյանի դիմումը՝ ԱԺ-ում լրագրողների սահմանափակումների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ հոկտեմբերին ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան էր դիմել։

Օրեր առաջ՝ մարտի 29-ին ՍԴ-ն որոշում է հրապարակել, որով կարճել է այդ գործի վարույթը։ Որպես հիմնավորում ՍԴ որոշման մեջ նշվում է, որ դիմումի շրջանակներում վկայակոչված դիրքորոշումները չունեն սահմանադրաիրավական վեճի բովանդակությու, հետևաբար՝ Արման Թաթոյանի կողմից չեն առաջադրվել Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարցեր։

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը դիմումով, մասնավորապես, վիճարկում էր Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, որոնց համաձայն՝ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում։ Մյուս կարգավորումը, որը սահմանադրականությունը վիճարկել էր Թաթոյանը վերաբերում էր լրագրողների՝ ԱԺ-ում առանձնացված հատուկ վայրերում մասնագիտական գործունեությունը իրականացնելուն, ինչպես նաև ԱԺ նիստերի դահլիճում ներկա գտնվելու համար աշխատակազմի ղեկավարի թույլտվությունը ունենալու կետին։

Իր դիմումով Արման Թաթոյանը խնդրահարույց էր համարում այն, որ Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող հարցերն ԱԺ կանոնակարգում ունեն անորոշ կարգավորում: Սահմանված չեն առանձին, իրավական կոնկրետ կարգավորումներ, որոնցով կամ որոնց հիման վրա կամրագրվեն Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում հավատարմագրված լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները։ Հավատարմագրված լրագրողների նկատմամբ գործնականում կիրառվող հետևանքները, պատասխանատվության միջոցները չունեն իրավական հիմք, չեն ստացել օրենսդրական մակարդակով ամրագրում, ինչպես նաև կանխատեսելի չեն հենց իրենց լրագրողների համար:




Լրահոս