ԱԱԾ-ն կարող է հարցաքննության կանչել Հովիկ Աբրահամյանի առանձնատունը գնած Նալբանդյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործով Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը որոշել է քննության առարկա դարձնել նաեւ առանձնատունը պատշաճ գնելու գործընթացը, ինչը ենթադրում է, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրելու առանձնատունը գնած Նարեկ Նալբանդյանին, որը հասարակությանը հայտնի դարձավ «Գոլդեն Փելիս» գերթանկարժեք հյուրանոցը գնելով: Ինչպես հայտնի է, գործարքն արվել է այս տարվա մարտի 1-ին։ Նալբանդյանի ընտանիքն առանձնատան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2.452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչեւ օգոստոս կվճարի։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել էր Մոնումենտում գտնվող իր շքեղ առանձնատունը, որը դեռեւս 2018 թվականից ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում կալանքի տակ էր պահվում: Եվ, ահա, նախկին վարչապետի առանձնատան վաճառքի թեման դարձել է լուրջ կռվախնձոր, թե ինչպես եւ ում թեթեւ ձեռքով նախկին վարչապետը կարողացավ կալանքի տակ գտնվող տունը վաճառել:

Առանձնատան վաճառքի գործընթացի օրինականությունը ստուգելու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ուղարկել էր ԱԱԾ՝ ստուգելու, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն ուսումնասիրել է եւ դատելով իրավիճակից՝ բավարար հիմքեր է գտել, որ առանձնատան գնման գործընթացը ինչ-ինչ ճանապարհով է իրականացվել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս