Armenian text to speach

«Հայաստանը դառնում է արհեստական բանականության համաշխարհային կենտրոն». ինչ է գրել միլիարդատեր Մայքլ Դելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի միլիարդատեր, Dell Technologies ընկերության հիմնադիր, նախագահ և գործադիր տնօրեն Մայքլ Դելը Հայաստանի մասին գրառում է արել LinkedIn-ի իր էջում՝ անդրադառնալով ամերիկյան Dell Technologies-ի և  Հրազդանում ստեղծված Firebird AI-ի համագործակցության ընդլայնմանը։

«Հայաստանը դառնում է արհեստական բանականության ենթակառուցվածքների համաշխարհային կենտրոն։ Մենք ուրախ ենք ընդլայնել մեր գործընկերությունը Firebird AI-ի հետ՝ Հայաստան բերելով համաշխարհային մակարդակի հաշվարկային ավելի մեծ հզորություններ և արագացնելով նորարարությունն ամբողջ աշխարհում»,- գրել է Դելը։

Նշենք, որ Մայքլ Դելը 1984 թվականին՝ 19 տարեկանում, հիմնադրել է Dell ընկերությունը՝ ընդամենը 1000 դոլար մեկնարկային կապիտալով։ Այսօր Dell Technologies-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջազգային ընկերություններից է, որը տրամադրում է համակարգչային տեխնիկա, սերվերներ, տվյալների պահպանման և արհեստական բանականության համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ։ Մայքլ Դելը շարունակում է զբաղեցնել ընկերության նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնները։

Մայքլ Դելի հրապարակումը հաջորդել է նոյեմբերի 20-ին Dell Technologies-ի և Firebird AI-ի համագործակցության ընդլայնման մասին հայտարարությանը։ Ըստ հրապարակված հաղորդագրության՝ Dell Technologies-ը ընտրվել է Հայաստանում Firebird AI-ի արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացման հաջորդ փուլին աջակցելու համար։

Հիշեցնենք, որ Firebird AI-ն Հրազդանում ստեղծել է արհեստական բանականության հաշվարկային կենտրոն, որի առաջին փուլն արդեն ավարտվել է։ Այն աշխատում է Dell PowerRack համակարգերով, Dell PowerEdge սերվերներով և NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով։ Համակարգը նախատեսված է արհեստական բանականության մոդելների ուսուցման և գործարկման համար։ Ընկերության հայտարարության համաձայն՝ ընդլայնման հաջորդ փուլում հաշվարկային հզորություններն ավելացվելու են՝ միջազգային հաճախորդներին ծառայություններ մատուցելու նպատակով։

 

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս