ՖՈՏՈ. Dalma Garden Mall-ը նշում է իր 10-ամյակը. ինչ նոր ծրագրեր կիրականացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Dalma Garden Mall-ը նշում է իր 10-ամյակը: Dalma Garden Mall-ը որոշել է իր հոբելյանը նշել կարևոր սոցիալական ծրագրեր իրականացնելով, որի մեկնարկը տրվեց այսօր՝ հուշագրերի ստորագրմամբ: Dalma Garden Mall-ի Ներքին և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ իրենց ռազմավարության առանցքում ապագան և զարգացումն են։

«Այդ նպատակով մենք ընտրել ենք հետևյալ ուղղությունները, որտեղ շարունակաբար ուղղելու ենք մեր ջանքերն ու ռեսուրսները՝ երեխաների զարգացում, սահմանամերձ մարզեր, հայրենիքի պաշտպաններ, կրթություն, էկոլոգիա։ Մեր 10-ամյակի միջոցառումների հիմնական մասը հենց այս ծրագրերն են, որոնք մշակել ենք այնպիսի կարևոր կազմակերպությունների հետ, որոնց հետ նախատեսում ենք երկար ճանապարհ անցնել», – նշեց նա։

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հուշագրեր ստորագրվեցին հինգ կազմակերպության հետ: Առաջին հուշագիրը ստորագրվեց «Բարի մամա» հասարակական բարեգործական կազմակերպության հետ, որի շրջանակներում Dalma Garden Mall-ը կանոնավոր կերպով աջակցելու է սահմանամերձ մարզերում բնակվող երեխաներին ու իր ներդրումն է ունենալու նրանց զարգացման գործում:

Դալման համագործակցելու է նաեւ «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամի հետ (1000+)։ Հուշագրերի ստորագրումից հետո Դալմայի ամսական գովազդային հասույթի 10 տոկոսը փոխանցվելու է հիմնադրամին։ Այս համագործակցությունը եւս ամրագրվեց հուշագրով:

Դալման համագործակցելու է նաեւ COAF-ի (Children of Armenia Fund) հետ, որի շրջանակներում Դալման պարտավորվելու է ՀՀ մարզերից երեք երեխաների ուսման վարձը վճարել և ամեն տարի ավելացնելու է ևս 3 երեխա։ Ապագա ուսանողը ընտրվելու է COAF-ի կրթական ծրագրերից որևէ մեկին մասնակցելու և բարձր առաջադիմությամբ ԲՈՒՀ ընդունվելու արդյունքում (մարքեթինգ, բիզնես, հաշվապահություն և իրավաբանություն ուղղություններով):

Իր մյուս նախագիծը Դալման իրականացնելու է «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ։ Ընտրվելու են 4 շահառուներ, որոնց բիզնես նախագծերը ֆինանսավորվելու են այս համագործակցության արդյունքում։

Հուշագիր ստորագրած բոլոր ընկերությունների ներկայացուցիչներն իրենց խոսքում կարեւորեցին այս համագործակցությունն ու այն հանգամանքը, որ Dalma Garden Mall-ը մշտապես այսպիսի կարևոր նախաձեռնությունների կողքին է: Մամուլի ասուլիսի ժամանակ Dalma Garden Mall-ի Ներքին և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Մարիամ Չաքարյանը նաեւ նշեց, որ այս տարի Դալման էկո արշավ էր նախաձեռնել՝ դառնալով էկոլոգիապես ավելի պատասխանատու ընկերություն։

Նոր նախագծի շրջանակներում Դալմայում տեղադրվելու են թափոնամաններ, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան տեսակավորել աղբը։

Ն.Հ.




Լրահոս