Արցախցիները մտահոգ են, բայց՝ ոչ ընկճված․ Արցախի ԱԺ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 9-րդ օրն է, ինչ փակ է Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհն ու հումանիտար այն խողովակը, որով Արցախն ստանում էր այն ամենն, ինչ անհրաժեշտ է բնականոն կյանքի ու առօրյայի համար։ ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը։

Մեզ հետ զրույցում պատգամավորը փոխանցում է, որ Արցախում ընդհանուր տրամադրությունը մտահոգիչ է, բայց մարդկանց մոտ ընկճվածություն կամ խուճապ չկա։

«Մարդկանց մտահոգություններն, իհարկե, հիմնավոր են, քանզի բանական էակը հասկանում է՝ մեր կամքից անկախ ի հայտ եկած նոր խնդիրներ են առաջ գալու, որոնց պետք է կարողանալ համարժեք լուծումներ տալ։ Մարդիկ պետք է կարողանան ապրել, աշխատել ու կազմակերպել կենցաղը։ Արցախցու վճռականությունն անսասան է, ոգին՝ տոկուն, բոլորն էլ հասկանում են՝ պայքարը չի ավարտվել, իսկ դա հաղթահարելու ճանապարհը փշոտ է։ Մարդիկ դա էլ են շատ լավ գիտակցում»,- ասում է պատգամավորը։

Առանց Մայր Հայաստանի գործուն աջակցության, շարունակում է Հովհաննիսյանը, երկարատև շրջափակման պայմաններում կյանքն ու առօրյան կազմակերպելը դժվար և բարդ է լինելու։ Հետևաբար, ասում է, հարցին ճիշտ հանգուցալուծում տալու համար թե՛ քաղաքական դաշտում, թե՛ անվտանգության ոլորտում պետք է անել հնարավորը։ Թե ինչ գործընթացներից հետո կբացվի Լաչինի միջանցքը, պատգամավորն ինքն էլ չգիտի, ավելին՝ այդ մասին բարձրաձայնելը նպատակահարմար չի համարում, բայցև շեշտում է՝ այդ հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ միջազգային հանրության կոնկրետ, հասցեական արձագանքն ու Ադրբեջանի նկատմամբ ուղիղ ճնշումներ գործադրելը։

«Նախ պետք է ապահովել, որ Ադրբեջանը կատարի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր պարտակությունները, ապա թույլ չտալ, որ Արցախում հումանիտար աղետ տեղի ունենա։ Իսկ եթե բանը դրան հասնի, ապա Արցախի ժողովուրդն իրավունք է ունենալու իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանել իր կյանքի իրավունքը»,- ամփոփում է մեր զրուցակիցը։

Սևակ Վարդումյան




Լրահոս