«Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողներն արդեն տեղյակ էին կառավարությունում սպասվող կադրային կարևորագույն փոփոխության մասին. դեռևս օգոստոսի 1-ին մենք բացառիկ տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Թադևոսյանը նշանակվելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ փոխարինելով Մխիթար Հայրապետյանին։ Եվ ահա, երեկ պաշտոնապես հրապարակված որոշումներով մեր լուրն ամբողջությամբ հաստատվեց։ Երեկ՝ օգոստոսի 3-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Թադևոսյանը պաշտոնապես ստանձնեց ԲՏԱ նախարարի պաշտոնը։ Հրամանագրում ամրագրված է, որ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը և համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի ու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի դրույթների, Դավիթ Թադևոսյանը նշանակվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
Քանի որ կառավարության կադրային փոփոխություններն ու առանցքային պաշտոնյաների անցած ուղին մշտապես «Ժողովուրդ» օրաթերթի խոշորացույցի տակ են, ապա հետահայաց անդրադարձով առավել մանրամասն ենք ներկայացնում բարձր տեխնոլոգիական ոլորտի նոր ղեկավարի կենսագրությունը։ Նրա անձնական մասնագիտական հարթակների, մասնավորապես LinkedIn-ի օգտահաշվի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դավիթ Թադևոսյանը ծնվել և մեծացել է Երևանում։ Նա հաճախել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցը, ընդ որում՝ դպրոցական տարիներին որոշ ժամանակ կրթություն է ստացել նաև արտերկրում՝ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում և ԱՄՆ-ի Այդահո նահանգում։ Զուգահեռաբար նա ավարտել է Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։
Բարձրագույն կրթությունը նորանշանակ նախարարը սկսել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ 1999-2003 թվականներին ստացել է պետական և մունիցիպալ կառավարման բակալավրի, իսկ 2003-2005 թվականներին՝ նույն մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան։ Ուսումն ավարտելուց հետո մոտ մեկ տարի նա աշխատել է Երևանում՝ ինտերնետային տեխնոլոգիաների ոլորտում գործող սկսնակ ընկերությունում, որից հետո որոշել է կրթությունը շարունակել արտերկրում։ 2007 թվականի գարնանը նա մեկնել է Չինաստան և Պեկինում մասնակցել չինարեն լեզվի ուսումնասիրման մեկամյա ծրագրի։ Հետագայում՝ արդեն 2012-2014 թվականներին, Դավիթ Թադևոսյանը կրթություն է ստացել հեղինակավոր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT)՝ դառնալով այդ կրթօջախի շրջանավարտ և ստանալով ճարտարագիտության և կառավարման մագիստրոսի աստիճան (Master of Science in Engineering and Management)՝ համակարգերի նախագծման և կառավարման մասնագիտացմամբ։
Անդրադառնալով նրա աշխատանքային փորձին՝ հարկ է նշել, որ Հայաստան վերադառնալով՝ նա 2008 թվականից որպես բիզնես խորհրդատու աշխատանքի է անցել «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերությունում։ Նրա մասնագիտական կենսագրության մի ստվար հատված կապված է եղել «Վալլեքս Մայնինգ» ընկերության հետ, որտեղ նախ զբաղեցրել է վարչակազմի ղեկավարի և տեղակալի պաշտոնները, իսկ 2017-2018 թվականներին եղել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը։ 2019-2020 թվականներին Թադևոսյանը եղել է SberSpinoff ընկերության գործառնական գծով փոխնախագահը (VP of Operations), ինչպես նաև աշխատել է Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտում որպես տեխնիկական տնօրեն։ Իսկ մինչև կառավարությանն անցնելը և վերջերս «Միջազգային ռադիոցանց»-ի ղեկավարումը ստանձնելը, 2024-2025 թվականներին նա զբաղեցրել է Նուբար Աֆեյանի Afeyan Initiatives for Armenia կազմակերպության տնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք, որ ի տարբերություն գործադիրի մյուս անդամների, ովքեր պահպանեցին իրենց պորտֆելները, արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը չվերանշանակվեց, վերջինս Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններ էր ունեցել ու հրաժարվել էր վերանշանակվել:
Սոնա Գրիգորյան



























