Արցախցիները մնացել են Ադրբեջանի իշխանությունների քմահաճույքներին. մարդկանց կյանքի հետ են խաղում. Արցախի ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանցի կեղծ «բնապահպանների» խումբը երեկ ահաբեկող գործողություններ է իրականացրել Հայաստանից Արցախ վերադարձող 19 երեխայի նկատմամբ: Ադրբեջանցիները դեմքերը փակած ներխուժել են երեխաներին տեղափոխող մեքենա ու ահաբեկել երեխաներին:
ArmLur.am-ը Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանից հետաքրքրվել է ՝ ինչպե՞ս է միջազգային հանրությունն արձագանքել միջադեպին:

Պարո՛ն Ստեփանյան, այս միջադեպից հետո դիմե՞լ եք երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին, ի՞նչ արձագանք կա:

-Դեպքի նկարագրության հայտարարությունն առանձին նամակով ուղարկվել է միջազգային տարբեր կազմակերպությունների և կառույցների: Արձագանք դեռևս չկա:

-Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք Ադրբեջանի անպատժելությունը և միջազգային հանրության լռությունը չի հանգեցնում Ադրբեջանի կողմից իրականացվող նոր ավելի ծանր հանցագործությունների արցախցիների նկատմամբ:

-Իհարկե, լռությունն է պատճառը, և եթե նայեք Ադրբեջանի վարքագիծը, կտեսնեք, որ որքան անպատժելիությունը պահպանվում է, այնքան Ադրբեջանն ավելի լկտի քայլերի է դիմում: Օրինակ, Արցախում գազամատակարարումը դադարեցվել է, այսինքն՝ խաղում են մարդկանց կյանքի հետ, 120.000 արցախցի Ադրբեջանի իշխանություննրի քմահաճույքներին է թողնված, սա անպատժելիության հետևանք է:

-Պարո՛ն Ստեփանյան, ըստ ձեզ, Հայաստանի և Արցախի իշխանություններն օգտագործո՞ւմ են իրենց ձեռքի տակ եղած ողջ դիվանագիտական գործիքակազմը միջազգային հարթակում:

-Որքանով տեղյակ եմ, դիվանագիտական տարբեր խողովակներով հարցը բարձրաձայնվում է: Հարցը քննարկվում է նաև Սփյուռքի մեր հայրենակիների աջակցությամբ և նրանց խողովակներով: Հարցն այն է, որ սա հետևողական աշխատանք պահանջող իրավիճակ է, որի հանգուցալուծման համար բոլոր կողմերի ջանեքերը պետք է ներդրվեն:

-Միջազգային հանրությունը թեև պարբերաբար հայտարարություններ է անում Արցախի շրջափակման մասով, սակայն դրանք հայտարարություններից այն կողմ չեն անցնում, որևէ շոշափելի քայլեր չեն արվում այս ուղղությամբ:
Ինչպե՞ս կգնահատեք միջազգային հանրության արձագանքը Արցախում ստեղծված ճգնաժամի մասով, արդյո՞ք միայն հայտարարություններ անելը բավարար է այս դեպքում:

-Բավարար կգնահատեի, եթե ճանապարհը բացվեր, բայց արդեն 38 օր փակ ճանապարհ ունենալը 21-րդ դարում աբսուրդ է, այս դեպքում ինչպե՞ս կարող եմ բավարար գնահատել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս