ՀՈՂԵՐՆ ԷԺԱՆ ՕՏԱՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում բազմիցս փաստական տվյալներով ներկայացրել եմ, որ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը մեծ թափով օտարում է Դիլիջան քաղաքի բնակելի կառուցապատման հողերը, դրանք վաճառում ոչ միայն դիլիջանցիների, այլ նաեւ Երեւան քաղաքի եւ հանրապետության այլ վայրերի բնակիչների։ Դիլիջան քաղաքում բնակելի կառուցապատման հողամասերի մեկ քառակուսի մետրի շուկայական նվազագույն գինը գերազանցում է 10 հազար դրամը, սակայն Դիլիջան քաղաքի կառուցապատման համար նախատեսված հողերը ձեւական աճուրդներով օտարվում են շուկայականից ցածր գներով: Որ աճուրդները ձեւական բնույթ են կրում, վկայում է այն հանգամանքը, որ աճուրդներում արվում է ընդամենը երկու քայլ, եւ այդպես որոշվում է աճուրդի հաղթողը։ Այդպիսի աճուրդների հետեւանքով համայնքի բյուջե չեն մտնում հարյուրավոր միլիոն դրամներ։ Երեւան քաղաքի բնակչուհիները որտեղի՞ց են տեղյակ, որ Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա եւ Սարալանջի փողոցներում աճուրդի դրված հողամասեր կան, դրանք իրենց համար պիտանի են բնակելի առաձնատուն կառուցելու համար։ Մայրաքաղաքի բնակչուհիները եւ բնակիչները ժամանում են Դիլիջան քաղաք եւ աճուրդներում հաղթող ճանաչվում։ Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, անձնական գործում իր սեռը «արու» գրած, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ? փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանը շարունակում է Դիլիջանի հողերն արագ օտարել։

 

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ հունվարի 25-ին Դ. Սարգսյանը որոշում է կայացրել Դիլիջան քաղաքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» Սայաթ-Նովա փողոցի 7/7 հասցեում գտնվող 546.9 քմ հողամասը բնակելի տան կառուցման նպատակով Երեւան քաղաքի Գրիգոր Զոհրաբի փողոցի բնակիչ Մանե Մարտիրոսյանին օտարելու մասին։ Ըստ այդ որոշման՝ աճուրդում հողամասի մեկնարկային գինը եղել է 3 միլիոն 828 հազար 300 դրամ, աճուրդում առավելագույն գինը կազմել է 4 միլիոն 19 հազար 715 դրամ։

Հունվարի 25-ին Դ. Սարգսյանը որոշում է ընդունել Դիլիջան քաղաքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» Դիլիջան քաղաքի Հովքի փողոցի 1/1 հասցեում գտնվող 4425.9 քմ հողամասը տան կառուցման նպատակով Երեւան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ Աննա Վասիլյանին օտարելու մասին։ Ըստ այդ որոշման՝ աճուրդում հողամասի մեկնարկային գինը եղել է 30 միլիոն 981 հազար 300 դրամ, աճուրդում առավելագույն գինը կազմել է նույնքան՝ 30 միլիոն 981 հազար 300 դրամ։ Երբ աճուրդի մեկնարկային եւ առավելագույն գները նույնն են, էլ ի՞նչ աճուրդ։ Նույն օրը՝ հունվարի 25-ին, Դ. Սարգսյանը որոշում է կայացրել Դիլիջան քաղաքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» Սարալանջի 6-րդ նրբանցք, 22/2 հասցեում գտնվող 439.0 քմ հողամասը բնակելի տան կառուցման նպատակով Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ Արամ Ամիրյանին օտարելու մասին: Ըստ այդ որոշման՝ աճուրդում հողամասի մեկնարկային գինը եղել է 3 միլիոն 73 հազար դրամ, աճուրդում առավելագույն գինը կազմել է 3 միլիոն 226 հազար 300 դրամ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

ՏԱՆԿԵՐԸ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ԳԱՐՆԱՆԸ

Ուկրաինայի զինված ուժերն Արեւմուտքից ձեռք բերած տանկերը, հավանաբար, գարնանը գործի կդնեն. այս մասին կիրակի օրն ունեցած հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Հեռահարձակման համար Արեւմուտքից մեզ տրամադրված տանկերը, հուսով եմ, գարնանն արդեն կօգտագործենք,- հարցազրույցի ժամանակ ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու շարունակել:- Վստահ եմ, որ առաջիկայում տանկերի նոր խմբաքանակ էլ կստանանք, ու սա (տանկերի տրամադրման գործընթացը) ոչ թե պատմության ավարտն է, այլ դեռ սկիզբն է»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունվարի 25-ին, ԱՄՆ-ն հայտարարել էր՝ Ուկրաինային պատրաստվում է M1 Abrams տեսակի 31 տանկ փոխանցել։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔԸ

Երեկվանից մեկնարկել է Առաջավորաց պահքը։ Այն տեւում է հինգ օր:

Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, եւ հենց այդ պատճառով էլ կոչվում է Առաջավորաց` առաջին:

Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ որեւէ առնչություն չունի: Պահք պահելուց առաջ ցանկալի է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության եւ աղոթել, որ Աստված զորացնի պահքը ճիշտ անցկացնելու եւ հոգեւոր օգուտներ քաղելու համար: Պահքից դուրս գալու համար կարեւոր է Ս. Սարգսի տոնին մասնակցել Ս. Պատարագին եւ հաղորդություն ստանալ: Իսկ ինչո՞ւ ենք հինգ օր պահք պահում։

Մեր եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:

Ինչպես արդեն ասվեց, Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ՝ ողջ արքունիքը եւ հայ ժողովուրդն ապաշխարության եւ պահքի մեջ եղան 5 օր:

Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) եւ շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն եւ ջանա այլեւս չմեղանչել:

Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։

Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն, եւ թեեւ մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռեւս չէր տվել։

Այդ հրամանը (տես` Ծննդ. 1:29-30) մարդուն ու կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո:

 

 

ՁՄՌԱՆԸ ԾԱՌԵՐԸ ԷՏՈՒՄ ԵՆ

Դիլիջանի համայնքապետարանի ֆեյբուքյան էջը հայտնում է, որ Դիլիջան համայնքում կատարվում է չորացած, ընկած եւ վնասված ճյուղերի էտ տարածքը բարեկարգելու նպատակով։ Ծառերի էտը սովորաբար կատարում են գարնանը, ոչ թե ձմռան կեսին։ Դիլիջանի համայնքապետարանում գյուղատնտեսությունից հասկացող չկա՞։

 

 

 

 

2000 ԴՈԼԱՐ՝ ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՀԱՄԱՐ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Արթուր Լեւոնի Չոբանյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայի Հանրապետությունում ապրող ծանոթից՝ Կարեն Մելքոնյանից, եւ վերջինիս կնոջից՝ Ռուզաննա Հայկանյանից ստացել է առաջարկ 2000 ԱՄՆ դոլար գումար վարձատրության դիմաց մեկնել Թուրքիա, նրանցից ստանալ առանձնապես խոշոր չափի Մեթամֆետամին տեսակի թրամիջոց, դրանք տեղափոխել Հայաստանի Հանրապետություն եւ իրացնել իրենց նախանշած անձանց։  Ա. Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ  267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

 

 

 

 

ԲԱՆԿԸ՝ ԻՋԵՎԱՆԻ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ

Իջեւանի կենտրոնական զբոսայգու հյուսիսային մասում տարիներ շարունակ գործում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՀայԷկոնոմբանկ»-ի Իջեւանի մասնաճյուղը։ Բանկի մասնաճյուղի սպիտակավուն երկու շենքեր են գտնվում զբոսայգում։ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ կանաչապատ տարածքներում, զբոսայգիներում արգելվում է կապիտալ շինությունների կառուցումը։ Բանկի մասնաճյուղի շենքը եւ կից շինությունը կառուցվել են նախկին իշխանությունների օրոք։ 9 տարի՝ 2010-2019 թվականներին «ՀայԷկոնոմբանկ»-ի Իջեւանի մասնաճյուղի կառավարիչն է եղել Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանը։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս