80-138 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման եւ ատեստավորման արդյունքում ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգի նախագիծը: Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար  կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը եւ  լրավճարի տրամադրման  միջոցով  կնպաստի դասավանդման որակի եւ արդյունավետության բարձրացմանը։ Նախագծով սահմանվել է.

 

-2023 թվականից սկսած՝ ատեստավորմանը կմասնակցեն պետական եւ համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ ոճի եւ հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձեւերի, ինչպես նաեւ արվեստի եւ երաժշտական դպրոցների դաշնամուր եւ երաժշտության տեսություն (սոլֆեջո եւ երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողները:

-2024 թվականից սկսած՝ ատեստավորմանը կմասնակցեն նաեւ պետական եւ համայնքային մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։

-2023 թվականից սկսած՝ ատեստավորմանը կարող է մասնակցել նաեւ որեւէ հաստատությունում չաշխատող եւ մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, որը լրավճար կարող է ստանալ որեւէ հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։

Համաձայն նախագծի՝ ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ: Մանկավարժական աշխատողի ատեստավորման գործընթացի ժամանակացույցը՝ ըստ ուղղության եւ քննական կենտրոնների, հաստատվում է ԿԳՄՍ նախարարի հրամանով եւ հրապարակվում նախարարության եւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կայքերում ժամանակացույցով հաստատված առաջին ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ: Ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար տրվում է 5 տարի ժամկետով, որը հաշվարկվում է ատեստավորումից սկսված։

Ատեստավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակվում է նախարարության եւ ԳԹԿ-ի կայքերում: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ներկայացվում է այն ուղղությունների ցանկը, որոնցով դասավանդող մանկավարժական աշխատողները կարող են հայտ ներկայացնել, ինչպես նաեւ տվյալ ուղղության ատեստավորմանը հատկացվող ժամանակահատվածը: Մանկավարժական աշխատողները հայտերը կարող են ներկայացնել յուրաքանչյուր տարվա մարտի 15-ից մինչեւ առաջին ատեստավորմանը նախորդող 20-րդ օրը: Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում՝ կցելով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը։ Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։

Տվյալ ուղղությամբ ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովը ձեւավորվում է ԳԹԿ տնօրենի հրամանով։ Թեստերը, մեթոդական ուղեցույցները, առաջադրանքներում ընդգրկվող նյութը եւ առաջադրանքների նմուշները, ըստ ուղղությունների, մշակվում են ԳԹԿ-ում տվյալ ուղղությամբ ոլորտային եւ առնվազն 7 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից, տվյալ որակավորմամբ մասնագիտական կրթություն տրամադրող բուհում եւ տրամադրվում ԳԹԿ-ին։ ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձեւաթղթի լրացման կարգը եւ առաջադրանքների նմուշներ։ Հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների ցուցակների հիման վրա՝ ԳԹԿ-ն Երեւան քաղաքում եւ մարզկենտրոններում ընտրում է ատեստավորման կենտրոններ, որտեղ գործընթացը կազմակերպում են կենտրոնի ղեկավարը եւ ներկայացուցիչները: Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով։ Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:

Պատասխանների ձեւաթղթերը ստուգվում են ԳԹԿ-ում համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով: Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորման օրվանից հետո՝ հինգերորդ օրը,՝ ԳԹԿ-ի կայքում։ Ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մանկավարժական աշխատողն արդյունքների հրապարակմանը հաջորդող օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է բողոքարկման դիմումը էլեկտրոնային եղանակով ուղարկել մասնագիտացված բուհի մասնագիտական հանձնաժողովին։ Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին:

Լրավճար տրվում է միայն հաստատությունում աշխատող մանկավարժական աշխատողին: Մեկ հաստատությունից այլ հաստատություն տեղափոխման արդյունքում լրավճարը պահպանվում է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների, կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է ամրագրված լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.

-ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138.300 դրամ լրավճար,

-ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար,

-ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար:

 

 

 

 

ԵՎՐՈՊԱՅԻ 2027 Թ.-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախաձեռնությամբ եւ ՀՀ կառավարության աջակցությամբ մարմնամարզության Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց 2027 թվականի առաջնությունը կանցկացվի Երեւանում:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ՝ սա շատ կարեւոր իրադարձություն է, որն իրականություն դարձնելու համար ՀՀ կառավարությունն ու Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան արել են հնարավորը. «Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է: Մարմնամարզությունն այժմ մեծ տեմպերով է առաջ գնում եւ ամենաուժեղ մարզաձեւերից մեկն է»: Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտը ներկայացրել է շուրջ 4 ամիս առաջ. «Մարմնամարզությունն «Ա» դասի մարզաձեւ է, որով ամբողջ աշխարհում զբաղվում է շուրջ 30 միլիոն մարզիկ: Այսպիսի մարզաձեւից Եվրոպայի առաջնություն ընդունելն իսկապես շատ մեծ նվաճում եւ հաջողություն է մեզ համար: Մշտապես զգացել ենք Հայաստանի կառավարության աջակցությունը, եւ, առանց այդ աջակցության, ոչինչ չէր ստացվի»,- ասում է Հակոբ Սերոբյանը: Գլխավոր մարզչի խոսքով՝ Երեւանում անցկացվելիք Եվրոպայի առաջնության շնորհիվ՝ կլուծվի նաեւ մարզագույքի հարցը. «Սա իսկապես մեծ հնարավորություններ կտա մեր երիտասարդներին: Սրանով նաեւ լուծում են ստանում ենթակառուցվածքների, դահլիճի, գործիքների եւ մի շարք այլ հարցեր: Սա նշանակում է, որ 15-20 տարի մեր երիտասարդները որեւէ բանի կարիք չեն ունենա: Կունենանք միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան դահլիճ, գործիքներ եւ շատ լավ պայմաններ, այն ամենը, ինչի մասին մենք երազում էինք»: Մասնագետի խոսքով՝ Հայաստանում մարզաձեւի մասսայականացման եւ տարածման տեսանկյունից եւս Եվրոպայի առաջնության հյուրընկալումը կարեւոր քայլ է: Նշենք՝ 2023թ. բավականին հագեցած է լինելու մարմնամարզիկների համար: Փետրվարի 7-ից Հայաստանի մարմնամարզության երիտասարդների եւ մեծահասակների հավաքականներն ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաքի են մեկնելու Թբիլիսի, այնուհետեւ Գերմանիայում եւ Կատարում մասնակցելու են Աշխարհի գավաթի փուլերին: Մարտ-ապրիլ ամիսներին մարմնամարզիկները Թուրքիայի Անթալիա քաղաքում կմասնակցեն երիտասարդների աշխարհի առաջնությանը, մեկ շաբաթ անց էլ՝ Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր մարզչի խոսքով՝ իրենք շատ պարտավորված են եւ ամեն ինչ անելու են պատվով հանդես գալու համար: Այդուհանդերձ, տարվա կարեւորագույն ստուգատեսը սեպտեմբերի վերջին մեկնարկող աշխարհի առաջնությունն է, որտեղ խաղարկվելու են Փարիզի՝ 2024 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրեր:

 

 

 

 

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողները Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի գործընկերների հետ պեղումներ են իրականացրել Ջրաձորի ամրոց-բնակավայրում: Արդյունքում բացահայտվել են որոշակի համադրելի իրողություններ Շիրակի՝ Ք.ա. IX-VIII դդ. իրարից հեռու տեղադրված բնակավայրերում: «Ջրաձորի N 5 կացարանի տափանված հատակի վրա բացվել են սաջ եւ աղորիքներ: Նույն տեղում հայտնաբերվել է հոր՝ լցված Ք.ա. IX-VIII դարերին բնորոշ առարկաներով:

Պատկերը նույնն է Ազատանի ամրոցի պարսպին հարող համաժամանակյա կացարանում եւ Շիրակավանի ամրոցում: Նման ընդհանրությունների առկայությունը տարբեր հուշարձաններում թույլ է տալիս եզրակացնել, որ Ք.ա. VIII դ. երկու ամրոցները եւ բնակավայրերը ենթարկվել են հարձակման: Եթե Ազատանի բնակավայրում այն արտահայտվել է խոշոր հրդեհով, ապա Ջրաձորի ամրոց-բնակավայրում եւ Շիրակավանի ամրոցում հայտնաբերվել են ուրարտական ջարդված եւ ծռված զենքեր, պարսպի մեջ մտած նետասլաքներ: Այս իրողությունների համադրումը Շիրակում գտնվող ուրարտական երկու արձանագրությունների տվյալների հետ թույլ է տալիս դիտարկել ուրարտական զորքերի՝ հյուսիսից հարավ-արեւելք եւ հարավ-արեւմուտք, այնուհետեւ՝ Ախուրյան գետի ավազանով դեպի Արարատյան դաշտ շարժման ուղղությունները»,- ասում է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Հայրապետյանը:

Ըստ նրա՝ Ջրաձորի եւ Ազատանի պեղումներով հնարավորություն է ստեղծվել հետեւել Շիրակում Ք.ա. IX-VIII դարերում տեղի ունեցած քաղաքական, ռազմական տեղաշարժերին։ Ուրարտուի արքա Արգիշտի Ա-ի օրոք դեպի Էրիախի երկիր կատարված ռազմական գործողությունների երթուղին, ըստ գրավոր աղբյուրների, նշմարվում էր, սակայն բացակայում էին դրանց հնագիտական հիմնավորումները։

«Շիրակի՝ Ք.ա. 1-ին հազարամյակում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադրության հետազոտությունը հնարավորություն է տալիս հետեւել Ուրարտական պետության ընդարձակման տրամաբանությանը։ Այս առումով, բացի հնագիտական նշանակությունից, տվյալներ են կուտակում նաեւ ուրարտագիտության համար»,- նշում է Արմեն Հայրապետյանը:

Ջրաձորի հուշարձանի հնագիտական հետազոտությունները սկսվել են «Շիրակի պաշտպանական կառույցների հետազոտություն» թեմատիկ ծրագրի շրջանակներում: Այնուհետեւ արշավախումբը գործել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի եւ Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի արշավախմբի համատեղ ֆինանսավորմամբ։

Ջրաձորի եւ Ազատանի ամրոց-բնակավայրերի պեղումների արդյունքների մասին հոդվածներ, հաղորդումներ են տպագրվել հայկական եւ արտասահմանյան պարբերականներում։

 




Լրահոս