ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Անահիտ Ավանեսյանն արձագանքում նախկին փոխնախարարի քրեական գործին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի մեկնաբանում նախկին նախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Ինչպես հայտնի է, Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ էր ներկայացրել, թե ինչու է հանրային քրեական հետապնդում հարուցվել նրա նկատմամբ։

Մասնավորապես, Սիմոնյանը նշանակված է եղել որպես պատասխանատու կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգի համար։ Սակայն կեղծ հաշվետվություններ են ներկայացված եղել ՀՀ առողջապահության նախարարություն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, խոսքը 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածի մասին է։ Նկատենք ՝ առողջապահության նախկին նախարար, ներկայումս Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այլևս նախարար չէ 2021 թվականի հունվարից։ Նույն տարվա հունվարի 18-ից մինչև այժմ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում է Անահիտ Ավանեսյանը։ Այսինքն, ստացվում է՝ Գևորգ Սիմոնյանին և կլինիկայի ղեկավարությանը մեղսագրվող արարքները կատարվել են ավելի շատ Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման շրջանում՝ մոտ 11 ամիս, իսկ Արսեն Թորոսյանի դեպքում՝ յոթ ամիս։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախաքննական մարմինը պատրաստվում է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, որպեսզի նա ներկայանա նախաքննական մարմին և հարցաքննվի որպես վկա։ Վերը նշված փաստերը խոսում են այն մասին, որ նույն ծանուցումից պետք է ուղարկվի նաև Անահիտ Ավանեսյանին, քանի որ այդ արարքը կատարվել է նաև նրա պաշտոնավարման ժամանակ։

Եվ ահա, Ժողովուրդ օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանին՝ հասկանալու համար, թե ինչպես է Անահիտ Ավանեսյանը մեկնաբանում Գևորգ Սիմոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը : Ի պատասխան Հռիփսիմե Խաչատրյանը նշեց. «Նախաքննությամբ պայմանավորված` մեկնաբանությունը տեղին չէ, ինչ վերաբերում է հարցաքննության հրավիրելուն, ապա, եթե կարիքը լինի, օրենքին համապատասխան քայլն էլ կհաջորդի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս