ArmLur.am-ը գրում է ․ Երեկ հայկական մեդիա և քաղաքական դաշտում իսկական փոթորիկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ իշխանությունների հետ ջերմ հարաբերություններով աչքի ընկնող գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը :Այս գործարքին հետևեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի աննախադեպ կոշտ և սպառնալից արձագանքը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց. «Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում Նարեկ Նալբանդյանը փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ Նարեկ Նալբանդյանը կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները»։
Թեև Նալբանդյանն անմիջապես հանդես եկավ պաշտոնական հերքմամբ՝ վստահեցնելով, որ որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունի ոչ ներկա, ոչ նախկին իշխանությունների հետ, փաստերը վկայում են այլ բանի մասին։ ArmLur.am-ը ներկայացնում է ծավալուն հետաքննական ակնարկ՝ հասկանալու համար, թե ով է իրականում Նարեկ Նալբանդյանը, որտեղից է սկսվում նրա բիզնես գործունեությունը և ինչպես նա դարձավ հետհեղափոխական Հայաստանի ամենախոշոր սեփականատերերից մեկը։
Ավազի հանքից մինչև թռչնաֆաբրիկա. Ո՞վ էր Նալբանդյանը մինչև 2018-ը
Ո՞վ է հանրությանն անհայտ այս մեծահարուստ գործարարը, որ բացի ցեմենտի, համակցված կերերի, շինանայութի ու էլի մի քանի ապրաքների ներկրմամբ զբաղվելը, նաև «Շիրակ» թռչնաֆաբրիկան է փաստացի տնօրինում։ Մարդ, ում անունը հանրությանը հայտնի դարձավ միայն հեղափոխությունից հետո։
Հայրենի Կոտայքի մարզի Արգել (Լուսակերտ) գյուղում Նարեկ Նալբանդյանին հիշում են որպես սովորական, ոչնչով աչքի չընկնող երիտասարդի։ 80-ականների վերջերին նա աշխատում էր Չարենցավանի ավազի հանքում, որտեղ հանքի վարիչն իր հայրն էր։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ Նարեկ Նալբանղյանը նախկին ոստիկան է, նախկին քննիչ, որ բանեցնելով երբեմնի մասնագիտական հմտությունները՝ շուկայի մյուս խաղացողներին կարողանում է խեղճացնել։ Հավկիթ արտադրող ընկերություններն, օրինակ, ձվի շուկայում նկատվող գնանկումը, որ հետագայում արհեստական գնաճի ու մոնոպոլ դիրքերի ամրապնդմանն է բերելու, հենց նրա հետ են կապում։ Այդ գործելաոճի հետևանքով փակվեց «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան: Մեր տեղեկություններով՝ Նալբանդյանը հեղափոխական, կոռուպցիան մերժող իշխանության կոնկրետ շրջանակների հետ է մտերմություն անում, նրանց միջոցով էլ կարողանում է իր հարցերը լուծել ու գնալով նորօրյա «օլիգարխի» է վերածվում։
2018-ից հետո՝ «Գոլդեն Փելեսից» սկսվող պատմություն
Նարեկ Նալբանդյանի անունը հանրային դաշտում առավել հաճախ սկսել է շրջանառվել այն բանից հետո, երբ նրա ընկերությունը ձեռք բերեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը։
Հյուրանոցը նախկինում պատկանել էր Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին։ 2019 թվականին այն պետությանը փոխանցվելուց հետո պետությունը որոշեց գույքը վաճառել։ Սկզբնական շրջանում հյուրանոցը աճուրդի էր հանվել 7.5 միլիարդ դրամով, սակայն կրկնաճուրդների արդյունքում գինը նվազել էր։ Հետագայում որոշվեց այն վաճառել մրցույթի միջոցով։ 2022 թվականին հայտարարվեց, որ հյուրանոցը տարաժամկետ վճարման պայմանով ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է։
Գործարքի արժեքը կազմել էր 5 միլիարդ դրամ։ Պայմանավորվածության համաձայն՝ վճարումը պետք է կատարվեր փուլերով։ Սակայն 2023 թվականին պարզվել էր, որ ընկերությունը ժամանակին չէր կատարել հերթական՝ 1 միլիարդ դրամի վճարումը և պետությունից լրացուցիչ ժամանակ էր խնդրել։
Հետագայում իրավիճակը փոխվեց։ 2024 թվականի հունիսին Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնել էր, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստը» վճարել է հյուրանոցի գնման ամբողջ գումարը և կատարել խոստացված ներդրումները։ Ըստ հրապարակված տվյալների՝ այդ պահին դեռ վճարման ենթակա էր շուրջ 3 միլիարդ դրամ, որը, ըստ Կոմիտեի, վճարվել էր նույն ամսին։
Հյուրանոցը հետագայում վերաբրենդավորվեց և դարձավ Eighty Eight Hotel & Spa։ 2024 թվականի փետրվարին դրա բացմանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով, Նալբանդյանի բիզնես պատմության առաջին խոշոր էջերից մեկը պետական սեփականություն դարձած և այնուհետև վաճառքի հանված խոշոր հյուրանոցային ակտիվն էր։

Հովիկ Աբրահամյանի առանձնատունը՝ 2.5 միլիարդ դրամանոց գործարք
Նալբանդյանի անունը շուտով հայտնվեց նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող առանձնատան գործարքի համատեքստում։
Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում էր Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին։ 2022 թվականին այն վաճառվել էր Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։ Գործարքի հայտարարված արժեքը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը վճարվել էր որպես կանխավճար, իսկ մնացած 2 միլիարդ 452 միլիոն դրամը պետք է վճարվեր ավելի ուշ։
Այս գործարքի ուշագրավ հանգամանքն այն էր, որ գույքը կապված էր քրեական վարույթի հետ։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ 2022 թվականի մարտին առանձնատան հողամասը ճանաչվել էր իրեղեն ապացույց և հանձնվել էր Լիլիթ Պետրոսյանի պատասխանատու պահպանությանը՝ այն չօտարելու պարտավորությամբ։
Այնուամենայնիվ, հետագայում գործարքը տեղի էր ունեցել, իսկ 2023 թվականի փետրվարին առուվաճառքի պայմանագրում փոփոխություն էր կատարվել։ Հիմնական գումարի վճարման ժամկետը երկարաձգվել էր մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
Այս գործարքն էլ Նալբանդյանի անունը կապեց նախկին իշխանության ամենահայտնի դեմքերից մեկի՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ։

2021 թվական․ 6 միլիոն դոլար գնահատված «Հայրապետ» հյուրանոցը՝ 360 հազար դոլարով
Նալբանդյանի մեկ այլ խոշոր գործարք վերաբերում է Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրին։
2021 թվականի ապրիլի 1-ին «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն սնանկության դատարանի թույլտվությամբ աճուրդային կարգով ձեռք էր բերել Ծովազարդի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը։
Համալիրը ժամանակին գնահատվել էր 6 միլիոն 640 հազար դոլար, իսկ դրա լիկվիդացիոն արժեքը կազմել էր 4.3 միլիոն դոլար։ Սակայն աճուրդում այն վաճառվել էր 191 միլիոն դրամով՝ մոտ 360 հազար դոլարով։ Այսինքն՝ հրապարակված գնահատականի համեմատ գինը շուրջ 18 անգամ ցածր էր։
Գործարքի մեկ այլ ուշագրավ հանգամանք էր այն, որ գույքը կապված էր նախկինում տեղի ունեցած աղմկահարույց օֆշորային պատմության և քրեական վարույթի հետ։ Հյուրանոցային համալիրը նախկինում պատկանել էր գործարար Փայլակ Հայրապետյանին։
Հյուրանոցը ձեռք բերելուց հետո Նալբանդյանի ընկերությունը նաև Սևանա լճի ափամերձ պետական հողատարածք էր վարձակալել՝ 15 հեկտար տարածքով, 25 տարի ժամկետով և տարեկան 3 միլիոն դրամ վճարով։
Նալբանդյանը «Հետք»-ին իր գրավոր պատասխանում նշել էր, որ գույքերի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել էր դրանց շահավետ լինելու պատճառով և որ գործարքները համարում է օրինական։

2023-2024․ հյուրանոցներից դեպի հանքարդյունաբերություն
2024 թվականին Նալբանդյանը մտավ մեկ այլ՝ ավելի ռազմավարական ոլորտ՝ հանքարդյունաբերություն։
2024 թվականի հոկտեմբերի 17-ին նա դարձել էր Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33 տոկոսի բաժնետեր։
Մյուս բաժնետերերի թվում հայտնվեցին Նարեկ Մարգարյանը և Նալբանդյանի գործընկեր Արտեմ Սահակյանը։ Նալբանդյանն ու Սահակյանը նույն ժամանակահատվածում հիմնել էին նաև «Հանքագործ» ՍՊԸ-ն՝ հավասար բաժնեմասերով։
Այսպիսով, Նալբանդյանի բիզնեսների ոլորտային քարտեզում արդեն հայտնվում էր ոչ միայն անշարժ գույքը կամ հյուրանոցային բիզնեսը, այլև հանքարդյունաբերությունը։

2024․ «Օազիս» սուպերմարկետների ցանցը
Մանրածախ առևտրի ոլորտ Նալբանդյանը ևս մտել էր խոշոր գործարքով։
2024 թվականի սկզբին հայտնի էր դարձել, որ նա ձեռք է բերել «Օազիս» սուպերմարկետների ցանցը։ Գործարքի արժեքը կազմել էր 300 միլիոն դրամ։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին պետք է փոխանցվեր չորս սուպերմարկետների շարժական գույքը՝ այդ թվում դարակաշարերն ու սառնարանները։
Սակայն հետագայում այս գործարքի շուրջ առաջացավ նաև ֆինանսական վեճ։ Հրապարակված տվյալների համաձայն՝ Նալբանդյանի ընկերությունը վճարել էր 240 միլիոն դրամ, սակայն մնացած 60 միլիոն դրամը չէր վճարել։ «Օազիս մարկետը» դիմել էր դատարան, և դատարանը բավարարել էր ընկերության պահանջը, թեև որոշումը հրապարակման պահին դեռ ուժի մեջ չէր մտել։
Այսինքն՝ նույնիսկ մանրածախ առևտրի շուկա մտնելու փուլում նրա անունը հայտնվեց խոշոր գործարքի հետ կապված դատական վեճում։
2025․ «Շողակն» ադամանդի գործարանը
2025 թվականին Նալբանդյանի բիզնեսների աշխարհագրությունն ընդլայնվեց դեպի Նոր Հաճն։
2025 թվականի մայիսին նա ձեռք բերեց Նոր Հաճնի «Շողակն» ադամանդի գործարանը։ Գործարքի արժեքը կազմել էր 3 միլիոն դոլար, իսկ ֆինանսավորումն իրականացվել էր «Ամերիաբանկի» կողմից։ Նալբանդյանը հայտարարել էր, որ նախատեսում է վերականգնել գործարանի աշխատանքը, ներմուծել նոր հոսքագծեր և զարգացնել ադամանդագործությունը։
Գործարքից հետո «Գոլդ ընդ դայմոնդ» ՍՊԸ-ի բաժնետերերի կազմում հայտնվել էին Նարեկ Նալբանդյանը, Արտեմ Սահակյանը և Նարեկ Մարգարյանը՝ յուրաքանչյուրն ունենալով 33.3 տոկոս բաժնեմաս։
Այս գործարքն ուշագրավ է նրանով, որ Նալբանդյանի բիզնեսները սկսեցին միաժամանակ ընդգրկել ինչպես հանքարդյունաբերությունը, այնպես էլ ադամանդի մշակումը։

2025․ «Ծիրան»՝ ևս 22 սուպերմարկետ
2025 թվականի փետրվարին Նարեկ Նալբանդյանը ձեռք բերեց «Ծիրան» սուպերմարկետների ցանցը։ «Հետք»-ի հրապարակման համաձայն՝ այդ ժամանակ «Ծիրան» ապրանքանիշի ներքո գործում էր 22 սուպերմարկետ, իսկ Նալբանդյանին արդեն պատկանում էր նաև «88» սուպերմարկետների ցանցը։
Նալբանդյանի խոսքով՝ երկու ցանցերը պետք է զարգանային առանձին։ Նրա ներկայացրած տվյալներով՝ «Ծիրան»-ի 22 խանութներին գումարվում էր «88»-ի 17 խանութը՝ ընդհանուր 39 սուպերմարկետ։
Այսպիսով, Նալբանդյանի բիզնես կայսրության մեջ արդեն ձևավորվել էր մանրածախ առևտրի առանձին ուղղություն։
2025-ի վերջ․ Հովիկ Աբրահամյանի գրավի 25 միլիոն դրամը
Նալբանդյանի և Աբրահամյանների անունները կրկին հայտնվեցին նույն պատմության մեջ 2025 թվականի վերջին։
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Հովիկ Աբրահամյանի նկատմամբ տնային կալանքը փոխարինել էր 25 միլիոն դրամ գրավով։ Այդ ամբողջ գումարը վճարել էր Նարեկ Նալբանդյանը։ Նալբանդյանի փաստաբանը չէր հերքել այդ տեղեկությունը։
Փաստաբանը նշել էր, որ Նալբանդյանն ու Արգամ Աբրահամյանը դեռ ուսանողական տարիներից ընկերական հարաբերություններ ունեն, և այդ հանգամանքով էր պայմանավորված Հովիկ Աբրահամյանի գրավի գումարը վճարելու որոշումը։
Այս փաստը հատկապես ուշագրավ դարձավ այն պատճառով, որ Նալբանդյանի կնոջ կողմից Աբրահամյանի ընտանիքից առանձնատուն գնելու գործարքը նույնպես նախկինում լայնորեն քննարկվել էր։
Հրազդանի ցեմենտի գործարան․ նոր խոշոր գործարք՝ 11.1 միլիարդ դրամով
2026 թվականի սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը։
Գործարանը նախկինում շահագործող ընկերության սնանկ ճանաչվելուց հետո դարձել էր «ԱՄԻՕ» բանկի սեփականությունը։ Բանկը գործարանը վաճառքի էր հանել աճուրդով։
Աճուրդում 44 առանձին գույք ներկայացվել էր մեկ միասնական լոտով։ Դրանց ընդհանուր գնահատված արժեքը կազմել էր մոտ 15 միլիարդ 228 միլիոն դրամ։ Աճուրդի հաղթող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն, որը կապվում է Նարեկ Նալբանդյանի հետ, ամբողջ լոտը ձեռք է բերել 11 միլիարդ 101 միլիոն դրամով։
Այսինքն՝ գործարքը կատարվել է գնահատված արժեքից մոտ 4 միլիարդ դրամ ցածր գնով։
Հրազդանի ցեմենտի գործարանը նախկինում արտադրական ակտիվ փուլում ունեցել է շուրջ 1500 աշխատակից, սակայն վերջին տարիներին չի գործել։ Գործարանի նախկին սեփականատերը գործարար Վիտալի Գրիգորյանցն էր, որին պատկանում էր նաև նախկին «Հայբիզնեսբանկը», որը հետագայում դարձավ «ԱՄԻՕ» բանկ։
Գործարքը տեղի է ունենում նաև Հայաստանի ցեմենտի շուկայում առանձնահատուկ ժամանակահատվածում։ Միաժամանակ պետությունը ստանձնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» կառավարման գործընթացը։

Եվ հենց այստեղ է առաջանում քաղաքական ամենամեծ հարցը
Նալբանդյանի բիզնես ընդլայնման ֆոնին նրա անունը տարիներ շարունակ կապվել է իշխանության հետ հնարավոր կապերի վերաբերյալ հրապարակային շահարկումների հետ։
Սակայն ինքը Նարեկ Նալբանդյանը բազմիցս հերքել է նման կապերը։
Վերջին պաշտոնական հերքումներից մեկում նա հայտարարել էր, որ չունի անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր Նիկոլ Փաշինյանի,Աննա Հակոբյանի և նրա ընտանիքի, նախկին իշխանությունների կամ որևէ քաղաքական ուժի հետ։ Նա նշել էր, որ իր բիզնես որոշումների պատասխանատվությունը կրում է անձամբ, իսկ ներդրումներն իրականացվում են իր միջոցներով և թիմի աշխատանքով։
Նալբանդյանը նաև պնդել է, որ իր գործունեության նպատակը Հայաստանում ներդրումներ իրականացնելը, արտադրությունները վերականգնելն ու նոր աշխատատեղեր ստեղծելն է։
Այս հայտարարությունները կարևոր են հատկապես այն պատճառով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին, անդրադառնալով Նալբանդյանի անունը իշխանության ընտանիքի հետ կապող հրապարակումներին, կտրականապես հերքել է այդ կապերը։
Փաշինյան․ «Նարեկ Նալբանդյանը կարժանանա ավելի դաժան ճակատագրի»
Սեպտեմբերի 3-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Նալբանդյանն իր «սրտի օլիգարխ» չէ և հայտարարել է, որ Նալբանդյանի անունը վարչապետի ընտանիքի հետ կապող հրապարակումները իշխանությանը խիստ անհանգստացնում են։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ իրավապահներին հանձնարարել է ուսումնասիրել այդ հարցերը և, եթե ապացույցներ լինեն, որ գործարարը փորձում է տպավորություն ստեղծել իշխանության ընտանիքի հետ կապ ունենալու մասին, իշխանության արձագանքը լինելու է շատ կոշտ։
Վարչապետը միաժամանակ պնդել է, որ իր ընտանիքը որևէ բիզնեսում ներգրավված չէ՝ ո՛չ ֆորմալ, ո՛չ ոչ ֆորմալ մասնակցությամբ, և հայտարարել է, որ իրենք Հայաստանի Հանրապետությունում կամ դրա սահմաններից դուրս գործարար հետաքրքրություններ չունեն։
Ամփոփելով, մի բան, սակայն, արդեն ակնհայտ է․ Նարեկ Նալբանդյանի անունը վերջին տարիներին հայտնվել է Հայաստանի ամենատարբեր և խոշոր տնտեսական ակտիվների շուրջ՝ հյուրանոցներից ու հողերից մինչև հանքեր, ադամանդի գործարան, սուպերմարկետների տասնյակ մասնաճյուղեր և այժմ՝ Հրազդանի ցեմենտի գործարան։
Սոնա Գրիգորյան
























































































