ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

27-Ի ԱՌԵՂԾՎԱԾԸ
«1998-99թթ. դեպքերի մեջ ինձ համար ամենաառեղծվածայինն այն է, թե ինչպես Վազգեն Սարգսյանին մոլորեցրել, թյուրիմացության մեջ են գցել եւ ինչ միջոցներով են կարողացել նրան հեռացնել Լեւոն Տեր-Պետրոսյանից: Այդ առեղծվածն է, որ մինչ օրս չեմ կարողացել գոնե ինձ համար պարզել»,-հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 12 տարի անց քրեական գործով դատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասել է «Ա1+-ին»`  նշելով, որ հենց այս հարցի պատասխանն է, որ  լույս կսփռի գործի վրա:

ԿԶՐԿԵՆ ԵՐԹՈՒՂՈՒՑ
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ՄԻՊ աշխատակազմն Էջմիածին-Երեւան եւ Աբովյան-Երեւան երթուղիներով ուղեւորափոխադրումների դադարեցման մասին քաղաքացիներից ստացած ահազանգերի հիման վրա պաշտոնական գրություն է ուղարկել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարին: Ի պատասխան`  նախարարի կողմից հաստատվել է ուղեւորափոխադրումներ չիրականացվելու փաստը, որի հետեւանքով նախազգուշացվել են բոլոր փոխադրող կազմակերպությունները: Հավաստիացվել է, որ նախազգուշացումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում խախտումը չվերացնելու, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կզրկվի երթուղու սպասարկման իրավունքից:

ԼՈՒՅՍԸ ԿԿՏՐԵ՞Ն
Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ ՀՀ ՊԵԿ դիմումի հիման վրա քրգործ է հարուցվել: ՀԷՑ-ը մեղադրվում է 5 միլիոն դոլար հարկային թերավճարի համար: Այս տեղեկությունը հրապարակված է գերմանական Deutsche Welle հեռուստաալիքի կայքում, որտեղ մանրամասն կերպով ներկայացված է «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարներում հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ ռուսական սեփականատերը ցանկանում էր ՀԷՑ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը վաճառել ֆրանսիական մի ընկերության, ինչը, սակայն,  տեղի չունեցավ, քանի որ վերջին պահին ռուսները փոշմանեցին` գործարքի հետեւում նկատելով հայկական որոշ օլիգարխների «ականջներ»:

ԽԱՂԱՄՈԼ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
ՀՀ տարածքում շահագործվող շահումով խաղային էլեկտրոնային սարքավորումների միջոցով փողերի լվացումից, խարդախությունից կամ այլ տնտեսական հանցագործություններից խուսափելու  եւ  պատշաճ վերահսկողություն սահմանելու նպատակով  կառավարությունը որոշել է կանադական «Ամայա գեյմինգ գրուպ» ընկերության հետ պայմանագիր կնքել, որով ՀՀ տարածքում կիրականացվի շահումով խաղային սարքերի կենտրոնական հաշվետու համակարգի եւ ազգային վիճակախաղի ներդրումը: Նաեւ որոշվել է ՍՊԸ-ի հետ հիմնադրել 200 մլն դրամ կանոնադրական կապիտալով եւ երկու հասարակ բաժնետոմսով «Պետական լոտո» ՓԲԸ, որի 50 տոկոս բաժնեմասը 100 մլն դրամ արժեքով կպատկանի Հայաստանի Հանրապետությանը, իսկ մնացած 50 տոկոս բաժնեմասը 100 մլն դրամ արժեքով` «Ամայա-Արմենիա»-ին: Ակնկալվում է, որ վերը նշված պայմանագիրը ստորագրելու արդյունքում ՀՀ պետբյուջեի եկամուտը 2012թ. կավելանա երկու, իսկ 2013թ.` շուրջ յոթ միլիարդ դրամով:

ՔՆՆԱՐԿԵԼ Է
ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկել է Հայաստանի առաջիկա ընտրությունների հարցը: Հանդիպումների օրակարգում եղել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ: 




Լրահոս