Լուսանկարն արվել է Երեւանում
«Կոչումը կին՝ ոսկե կոդ» համահայկական մրցանակաբաշխության հատուկ մրցանակը՝ Գրան պրին, շնորհվել է «Մուլտի ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանին։ Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը նախ ներկայացվել է նրա գործունեության վերաբերյալ փոքրիկ ֆիլմ, այնուհետեւ ելույթ է ունեցել նաեւ ինքը՝ Ռոզա Ծառուկյանը. «Հոգաչափ շնորհակալ եմ։ Առ այսօր ինչպես աշխատել եմ, խոստանում եմ ուժերիս ներածին չափ լինել այն, ինչ եղել եմ առ այսօր։ Խաղաղություն եմ ցանկանում»։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ արդյոք պետք է անշարժ գույքի պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմումները ներկայացվեն այն սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ, որի սպասարկման տարածքում գտնվում է դիմումի առարկա անշարժ գույքը:
Մետաքսյա Արիստակեսյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման դիմումները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակ կամ օպերատորի մասնաճյուղ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Նույնը վերաբերում է նաեւ ներկայացված դիմումի հիման վրա կազմված փաստաթղթերի ստացմանը, որոնք կրկին կարելի է ստանալ ինչպես դիմումը ընդունած, այնպես էլ ցանկացած այլ սպասարկման գրասենյակից կամ օպերատորի մասնաճյուղից:
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու համար դիմողներին տրամադրվող ստացականում նշվում է դիմումի մուտքագրման համարը, որը միաժամանակ հանդիսանում է նաեւ ծածկագիր, որի օգնությամբ դիմողը հնարավորություն կունենա ՀՀ կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով հետեւել իր դիմումի քննարկման ընթացքին:
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ երբ է իրականացվում հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը:
Լիպարիտ Դանիելյան (64 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Դանիելյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում՝ անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:
Անձին հաշմանդամություն սահմանելու նպատակով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը եւ տարածքային բժշկասոցիալական փորձաքննական բաժինները։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության՝ ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր: