ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր՝ Հայաստանում» միջազգային փառատոնը, որի շրջանակում ապրիլի 3-26-ը Երեւանում եւ Գյումրիում մի շարք համերգներ են կազմակերպվել, եզրափակվել է «Ասոնանս» անսամբլի համերգով: Փառատոնի ընթացքում հանդիսատեսը մեծ ջերմությամբ է ընդունել ութ համերգները, որոնք անցկացվել են «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, ՀԲԸՄ Հայաստան դահլիճում եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։ «Ուրախ ենք, որ ունկնդիրը ոգեւորությամբ եւ հետաքրքրությամբ ընդունեց փառատոնային համերգները: «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր եւ նշանակալից գործեր։

 

Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ այս տարի եւս իրականացվեցին մի շարք հայաստանյան եւ համաշխարհային պրեմիերաներ, ինչպես նաեւ նորարարական նախաձեռնություններ»,- նշում են փառատոնի նախաձեռնող «Քառորդ տոն» մշակութային ՀԿ-ից։ Փառատոնի բացման համերգը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. անկրկնելի ելույթ է ունեցել դաշնակահար եւ կոմպոզիտոր Իվ Էգոյանը (Կանադա)։ Նա հանդես է եկել նաեւ վարպետության դասով։

Ապրիլի 7-ին ՀԲԸՄ-ում անցկացվել է վարպետության դաս երաժշտագետ եւ ձայնային տեսաբան Գաշիա Ուզունյանի (Միացյալ Թագավորություն) մասնակցությամբ։ Ապրիլի 9-ին փառատոնային թիմն ուղեւորվել է Գյումրի. Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում Իվ Էգոյանը ներկայացրել է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ապրիլի 11-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Յուրի Կասպարովի (Ռուսաստանի Դաշնություն), Արամ Հովհաննիսյանի եւ երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի մասնակցությամբ։ Նույն օրը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ասոնանս» անսամբլը ներկայացրել է ժամանակակից երաժշտություն։ Յուրի Կասպարովը հանդես է եկել վարպետության դասով։ Ապրիլի 14-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հյուրընկալել է դաշնակահար Լորանս Մխիթարյանին (Բելգիա)։

Փառատոնը հարթակ է հանդիսացել նաեւ սկսնակ արվեստագետների համար. ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 17-ին ելույթ են ունեցել ԵՊԿ ուսանողներն ու շրջանավարտները։ Ապրիլի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մենահամերգով հանդես է եկել ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը, իսկ ՀԲԸՄ Հայաստան դահլիճում ապրիլի 22-ին ելույթով հանդես են եկել ջութակահար Կարեն Շահգալդյանը, թավջութակահար Դմիտրի Պրոկոֆեւը եւ դաշնակահար Նատալիա Սոկոլովսկայան։ Փառատոնն ապրիլի 26-ին ամփոփվել է «Ասոնանս» անսամբլի գեղեցիկ համերգով: «Խաչմերուկներ 2023» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, որտեղ ներառվում են համաշխարհային ժամանակակից ակադեմիական երաժշտության մեծաքանակ նոր եւ նշանակալից գործեր։

Դրանց զգալի մասն առաջին անգամ է կատարվում, այսինքն՝ փառատոնը բեմ է հանդիսանում դրանց հայաստանյան եւ համաշխարհային պրեմիերաների համար։ Փառատոնը մշտապես նպատակ ունի ապահովելու համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը եւ զարգացումը Հայաստանում։ Ծրագիրն ամեն տարի հնարավորություն է ստեղծում հայ երաժշտասեր հասարակության համար՝ մշտապես տեղեկացված լինելու արդի ժամանակակից դասական երաժշտության զարգացումներին եւ միտումներին, ինչպես նաեւ նպաստում է նոր ստեղծագործությունների ստեղծմանը։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության եւ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ։

 

 

 

 

 

1-ԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Մայիսի 2-ից մեկնարկել է 2022-23 ուստարում Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող երեխաների ընդունելության հայտագրմանն ընդառաջ տվյալների ստուգման գործընթացը:

 

Առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի համար պարտադիր է երեխայի տվյալների վավերականությունը ստուգել https://stugum.emis.am կայքում:

Եթե 1-ին դասարան ընդունվող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, ապա ստուգումն անցնելիս անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը եւ սեղմել «Ստուգել» սեղմակը։

Եթե 1-ին դասարան ընդունվող երեխան տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունի, ապա անհրաժեշտ է կատարել համապատասխան նշումը, բացված դաշտում լրացնել դպրոցում արդեն սովորող երեխայի հանրային ծառայության համարանիշը եւ սեղմել «Ստուգել» սեղմակը:

Եթե առաջին դասարան ընդունվող երեխայի ծննդյան վկայականը թվայնացված չէ, ապա պետք է երեխայի տվյալները լրացնել անհրաժեշտ դաշտերում եւ հարցում ուղարկել:

Գործընթացն առավել հեշտացնելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը պատրաստել է պատկերային ուղեցույց, որը կարող եք տեսնել այս հղմամբ` https://bit.ly/3AKl717:

Բուն հայտագրման գործընթացը նախատեսվում է հունիսից. հստակ օրվա մասին լրացուցիչ կհայտարարվի:

Համակարգի հետ կապված տեխնիկական հարցերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից, հեռ.`

(010) 578455, (011) 578455,  (010) 578453, (011) 578453:

 

 

 

 

ՇԵՐԸ ԲԱԺԱՆՎԵԼ Է

Անցյալ տարվա վերջին շշուկներ էին պտտվում Շերի նոր սիրավեպի մասին։ Նրա ընտրյալը 37-ամյա ռեփեր Ալեքսանդր Էդվարդսն էր (երգչուհին 76 տարեկան է, թեեւ ո՞ւմ են պետք այս թվերը)։ Երեկ հայտնի դարձավ, որ զույգն, ամեն դեպքում, բաժանվել է։ Թվում էր, թե ամեն ինչ շատ լուրջ է (ոմանք գրել են սիրահարների նշանադրության մասին)։

Շերն ու Ալեքսանդրը վեց ամիս հետո վերջ դրեցին իրենց հարաբերություններին. այս մասին հայտնում է TMZ-ն։ Ինչը հանգեցրեց բաժանման՝ անհայտ է։ Հաղորդվում է միայն, որ զույգը երբեք լուրջ հարաբերություններ չի ունեցել։

Շերն իր կյանքում շատ սիրավեպեր է ունեցել։ «Իմ կյանքում մի քանի տղամարդ պակաս է եղել, քան Կլեոպատրայի», – մի անգամ խոստովանել է աստղը Դեւիդ Լեթերմանի շոուի եթերում: 16 տարեկանում նա հանդիպել է պրոդյուսեր Սոնի Բոնոյին (նրանց հարաբերությունները արագ վերածվեցին սիրո)։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցան դուստր՝ Չեստիտիին, բայց շուտով զույգը բաժանվեց։ Արդեն 1975 թվականին նա ծանոթանում է երաժիշտ Գրեգ Ալմանի հետ։ Նույն տարում նրանք ամուսնացան, սակայն 9 օր անց երգչուհին  ամուսնալուծության հայց ներկայացրեց՝ որպես պատճառ նշելով ամուսնու՝ ալկոհոլից ու թմրանյութերից կախվածությունը։ Մեկ տարի անց նա որդի ունեցավ։ Այդ ժամանակվանից ի վեր նա չի ամուսնացել։

 

 

 

 

ՄՆԱՑԵԼ Է 8 ՕՐ

2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական եւ 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի եւ մասնագիտության ընտրության եւ ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական եւ ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը սկսվել է:

Ապրիլի 15-ից մինչեւ մայիսի 10-ը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը պետք է մուտքագրվեն Գնահատման եւ թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում։

Շրջանավարտը (դիմորդը) բուհը եւ մասնագիտությունը նշելու եւ նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունները մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար եւ մինչեւ մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման եւ թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Յուրաքանչյուր քննության համար դիմորդը պետք  է վճարի 1500 դրամ:

 

 

 

 

 




Լրահոս