ԱԻՆ-ը 2022 թվականին ավելի շատ գումար է ծախսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում քննարկվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հավաստմամբ 2022 թվականին նախարարությանը հատկացվել է 14 մլրդ 205 մլն դրամ, փաստացի իրականացվել է 14 մլրդ 944 մլն դրամի ծախս, ինչը 2.3 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից՝ 2022 թվականի կատարողականը կազմել է 96.1 տոկոս:

Իրականացվել է 5 ծրագիր,17 միջոցառում:

Ըստ նախարարի՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է բնական եւ տեխնածին աղետների ռիսկերի նվազմանը, հնարավոր հետեւանքների կանխարգելմանն ու վերացմանը:

Իրականացվել է 8 վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստում է անցել 151 փրկարար ծառայող, որից 20-ը՝ արտերկրում:

Աշխատանքներ են իրականացվել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ՀՀ տարածքում տեղակայված հակաճառագայթային թաքստոցների եւ ապաստանների ստեղծման ուղղությամբ: Կազմվել է աշխատանքների իրականացման ժամանակացույց, որի համաձայն՝ ՀՀ տարածքում սկսել են հակաճառագայթային թաքստոցների եւ ապաստարանների տեղակայման ուսումնասիրություններ:

2022 թվականի սեպտեմբերին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը վերաորակավորվել է եւ ստացել հավաստագիր 5 տարի ժամկետով՝ երկարաձգելով ՄԱԿ-ի միջազգային քաղաքային որոնողափրկարարական խմբի անդամագրումը: Նախարարը հիշեցրել է՝ այս խումբը Սիրիայում եւ Թուրքիայում իրականացրել է փրկարարական աշխատանքներ:

Հաշվետու տարում ձեռք է բերվել ԱԻՆ ՓԾ կարիքների համար անհրաժեշտ երկու անօդաչու թռչող սարք: Փրկարար ծառայությունը համալրվել է 17 ԱԹՍ-ով, երկու ստորջրյա դրոնով, երկու գիշերային տեսանելիության սարքով, մեկ լազերային թեոդոլիտ սարքով, մեկ փրկարարական ժամանակակից ավտոմեքենայով, հրշեջ համազգեստով:

Ըստ Արմեն Փամբուխչյանի՝ ԱԹՍ-ներն արդեն կիրառվել են արտակարգ դեպքերի ժամանակ՝ օդային հետախուզություն իրականացնելու նպատակով:

Կառավարության որոշմամբ փրկարար ծառայությանը հատկացվել է 782 մլն դրամ: Ձեռք են բերվել ժամանակակից հրշեջ փրկարարական մեքենաներ:

Անտառային հրդեհների մարման նպատակով ձեռք են բերվել ուսակիր հրշեջ սրսկիչներ:

2022 թվականի ընթացքում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը, որի ընթացքում քննարկվել են ԱԱԾ-ի եւ պետական ռեզերվների բյուջետային ծրագրերի եւ ֆինանսական հատկացումների կատարողականները:




Լրահոս