Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պաշտոնյային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԳ նախարարությունը։

«Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ։

Կասկածներ չունենք, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական փոփոխությունների հասնելու ցանկությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերն ասել էր, որ Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ «Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները [Ղարաբաղի նկատմամբ] համաներում քննարկելու մասին»,- նշել էր Միլլերը։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Բերձոր քաղաքում հայտարարել էր, որ «այսօր ոչ ոք չի խոսում Ղարաբաղի անկախության, ինքնավարության կամ որևէ այլ բանի մասին»:

«Վերջին ուղերձները, որ մենք ստանում ենք, հետևյալն են՝ ինչպիսի՞ն է լինելու նրանց «ղեկավարության» ճակատագիրը։ Արդյո՞ք նրանք համաներման իրավունք ունեն։ Իսկ ես ասում եմ՝ կտեսնենք», – ասել էր Ալիևը։




Լրահոս