ՀԵՏԱՊՆԴՈՒՄ՝ ՏԱՐԶԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազը 2023 թվականի հունվարի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Տարզան մականվամբ հայտնի Ա.Խ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը):

 

Դատախազությունից   հայտնում են, որ նախաքննության տվյալների համաձայն՝ Ա.Խ.-ն 2022 թվականին ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում: Միավորման նպատակն է հանցագործություն կատարելն ու դրան հովանավորելը, այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Ա.Խ.-ն, համաձայնություն է տվել իր հեղինակությունն օգտագործելու միջոցով լուծել իրեն դիմած Մ.Հ.-ի եւ Ա.Հ.-ի միջեւ եղած գումարային վեճը:

Մասնավորապես, Ա.Խ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 17-ից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման՝ ինքնությունները չպարզված 5-6 անձանց ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Ա.Հ.-ի  հետ, որի ժամանակ, օգտագործելով իր քրեական հեղինակությունը, Ա.Հ.-ի եւ նրա մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաեւ վերջիններիս գույքը վերցնելու սպառնալիքների միջոցով ասել է, որ Մ.Հ.-ի հետ ունեցած պարտքերն ինքն է լուծելու, որը, իր հաշվարկով, կազմում է 314 հազար ԱՄՆ դոլար, եւ որը պետք է վճարի Ա.Հ.-ն:

Այնուհետեւ պահանջել է իրեն տալ եկամուտ եւ մասնաբաժին Ա.Հ.-ի գազալցակայանների շահույթներից:  Այդ ամենն ուղեկցվել է Ա.Հ.-ի մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Մ.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավար, Տարզան մականվամբ Ա.Խ.-ին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով Ա.Հ.-ի հետ ունեցած գումարային վեճը լուծելու խնդրանքով:

2023 թվականի հունիսի 28-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

 

 

 

 

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՊԱՏՐՈՆ ԴԱՎՈՅԻՆ

Երեկ տեղի ունեցավ Գրիգորի Խաչատուրովի գործով նիստը։

 

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։ Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար, սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։

Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ: Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։

Սույն գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին:

Արշակյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասել էր, որ քրեական գործում առկա 18 միլիոն դրամի գրավ վերցնելու մասը նույնպես իրականությանը չի համապատասխանում. «Գլխավոր դատախազն Ազգային ժողովում ուղղակի զբաղված էր մանիպուլյացիաներով, որովհետեւ տվյալ գույքի համար երբեւիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել: 2016-ի օգոստոսի 12-ին Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձորում, այդ ժամանակ կքնվել է հիփոթեքային պայմանագիր, որի պայմաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Խաչատուրովին տրամադրվել է 18 միլիոն 484 հազար դրամի վարկային գիծ: Որոշ ժամանակ անց բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, նա էլ իր ընկերոջը՝ Էդգար Արշակայնին, խնդրել է լրացուցիչ գումարով օգնել. քանի որ Արշակյանն այդ տարածքը չի օգտագործել, որպես լրացուցիչ գրավ դա դրվել է բանկում, սակայն վարկային գիծը ոչ մի դրամով չի ավելացել», – նշել է պաշտպանը:

Փաստաբանը շեշտեց, որ Էդգար Արշակյանին մեղսագրվում է մի արարք, որն օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի. «Ասում են՝ Գրիգոր Խաչատուրովն է իրականում այդ տարածքը ձեռք բերել, որի համար որեւէ փաստական հիմք չկա, եւ Էդգար Արշակյանը հանդիսացել է, այսպես ասած, քողարկված անձ՝ Խաչատուրովի գործարքը թաքցնելու համար»: Ի դեպ, այս գործով մեղադրյալներ են Դավիթ Գալստյանը,ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, գործարար Դավիթ Գալստյանը, որի խափանման միջոցի հարցն էլ քննվում է այս պահին։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ՈՐՊԵՍ «ՄԱՀԱԿ Է ՊԱՀՈՒՄ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրաբար առեւանգման գործով նախաքննական մարմինը վերցրել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի մեքենան ու մեկ ամիս այն չի տրամադրել Գալեյաններին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունիսի 23-ին մեքենան ի պահ են հանձնել Գալեյաններին: Այսինքն՝ նրանք մեքենա չեն կարող վաճառել մինչեւ քրեական գործի ավարտը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրաբար առեւանգման գործը ուղարկվել է դատարան, եւ մեղադրյալի աթոռին է հայտնվել 44-օրյա պատերազմի հերոսի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որն ազատազրկման դատապարտվեց եւ պայմանական ազատ արձակվեց։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վարչապետի որդու գործով մաս կա անջատված, որով քննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռեւս շարունակվում է: Մեզ հայտնի դարձավ, որ անջատված մասը վերաբերում է մայիսի 17-ին՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման դեպքի օրը դատարանի բակում մյուս զինվորների ծնողների, մասնավորապես՝ Աստղիկ եւ Գարիկ Գալեյանների, Վահիկ Սահակյանի եւ մյուս ծնողների գործողություններին, թե նրանք ինչ են արել, երբ Աշոտ Փաշինյանին տեսել են Գայանե Հակոբյանի մեքենան նստելիս:

Ստացվում է, որ նախաքննական մարմինը, այս քրեական գործով քննությունը շարունակելով, այն որպես «մահակ է պահում» զոհված զինվորների ծնողների գլխին՝ հասկացնելով՝ եթե սխալ բան անեն, ապա Գայանե Հակոբյանի նման կհայտնվեն բանտերում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԿՈԿԱՅԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ

Ամբողջ աշխարհում այժմ ռեկորդային թվով մարդիկ կոկաին են օգտագործում, ինչի մասին ասվում է Միավորված ազգերի կազմակերպության զեկույցում:

Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գործակալության գնահատականների համաձայն՝ ավելի քան 22 միլիոն մարդ առնվազն մեկ անգամ օգտագործել է կոկաին 2021 թվականին: Բացի այդ, չորրորդ տարին անընդմեջ արձանագրվում է կոկաինի օգտագործման ծավալի ավելացում. գրում է Daily Mail-ը:

Ընդհանուր առմամբ, ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ 2021 թվականին 296 միլիոն մարդ թմրանյութ է օգտագործել, ինչը 23 տոկոսով ավելի է, քան մեկ տասնամյակ առաջ:

Նշվում է, որ ամբողջ աշխարհում նկատվում է կոկաինի առաջարկի եւ պահանջարկի «նկատելի աճ»:

Զեկույցում ասվում է, որ կոկաինի շուկայի մեծ մասը գտնվում է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, առաջատար արտադրողները Կոլումբիան, Պերուն եւ Բոլիվիան են: Վերջին ժամանակահատվածում մեծ շուկաներ են դարձել Արեւմտյան եւ Կենտրոնական Եվրոպան, Ավստրալիան եւս:

 




Լրահոս