ԱՀ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել ԱԺ հատուկ նիստում: Ելույթում նա ասել է.
«Նախքան շնորհավորանքներս՝ մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելույթներին և տեսակետներին: Պարզապես չէի կարող անտարբեր լինել և անմասն մնալ:
Գիտեք՝ սպորտում կա «քաշային կարգ» հասկացություն: Ես կարծում եմ՝ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա «քաշային կարգ» հասկացությունը: Այս առումով, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա խորությամբ ընկալի այդ հասկացությունը: Երբ որ խոսում ենք տեսակետների, որոշումների մասին, պետք է հստակ կարողանանք ամրագրել և արձանագրել՝ որ մեկն է տեսակետ, որ մեկն է որոշում: Երբ որ խոսում ենք այս կարգի քաղաքական տերմինների մասին, նաև պետք է կարողանանք տարբերակել ռազմավարությունը և մարտավարությունը: Եվ մեզանից յուրաքանչյուրն իր մեջ պետք է ունենա ռազմավարական մտածելակերպ, ինչու չէ՝ նաև մարտավարական համապատասխան մոտեցումներով: Նաև կա նպատակի, միջոցի հասկացություն:
Ես ուզում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը առաջնորդվի հենց այդ մոտեցումներով և կարողանա զանազանել՝ որն է նպատակը, որը` միջոցը: Կարծում եմ՝ այս բոլոր ձևակերպումներն ու թեզերը օգտակար կլինեն նորընտիր նախագահին:
Ուզում եմ առիթից օգտվել՝ շնորհավորելու նաև մեր ժողովրդի անունից, բոլորիս անունից: Բոլորս գիտակցում ենք, թե ինչպիսի ծանր, պատասխանատու շրջանում և ինչպիսի ծանր որոշում է կայացրել հենց ինքը` Սամվել Սերգեյի Շահրամանյանը: Եվ այդ որոշումը կրելու պատասխանատվությունը, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրինն է՝ թե´ կողմ և թե´ դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած, և նաև մեր հասարակությանը, որովհետև մեր այսօրվա վիճակը այնպիսին է, որ յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր ժամ կարող է մեզ համար ճակատագրական լինել:
Ես կարծում եմ՝ այսօր մենք մեր առաքելությունը ավարտեցինք այս ճակատագրական պահին ճակատագրական որոշումով:
Մեկ անգամ ևս շնորհավորանքներ, Սամվե´լ Սերգեյի:
Հույս ունենք, որ Ձեր աշխատանքը կլինի բեղմնավոր, ինչպես Դուք եք նշել՝ ի շահ Արցախի Հանրապետության, ի շահ Արցախի և հայ ժողովրդի:
Շնորհավորում եմ»: