«Համարձակ տղու» ունեցվածքը. ինչ է հայտարարագրել զինվորի հորը կալանքի տարած դատավոր Արտուշ Գաբրիելյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը պաշտոնի նշանակվել է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին։ Գաբրիելյանը հայտարարագրել է մեկ հիփոթեկով բնակարան Երևանում, որի մայր գումարի մնացորդը կազմել է 17 մլն 487 հազար դրամ։

Նա հայտարարագրել է 2 մեքենա՝ 2002 թվականի Vaz մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել հենց 2002 թվականին և 2014 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա 2014 թվականի արտադրության։
Դատավորի հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 7 մլն 407 հազար դրամ, որը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունից է։

Գաբրիելյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 15 մլն 55 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 088 հազար դրամ, որից 12 մլն 77 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից։ Նա ստացել է նաև 2 մլն 10 հազար դրամ Պետեկամուտների կոմիտեից որպես եկամտահարկի վերադարձ՝ հիփոթեքի մայր գումարը վճարելու համար։

Արտուշ Գաբրիելյանի կինը՝ Լիլիթ Գաբրիելյանը, հայտարարագրել է 2017 թվականին գնված 2 մեքենա՝ 2007 թվականի արտադրության Lexus մակնիշի և 2006 թվականի Mercedes Benz մակնիշի մեքենաներ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 27 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 33 մլն դրամ և 4,5 հազար դոլար։ Կնոջ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 794 հազար դրամ «ԷԴԳԱՐ-92» ընկերությունից, որի տնօրենն է Լիլիթ Գաբրիելյանը։

Դատավորի դուստրը՝ Լիանա Գաբրիելյանը, ըստ երևույթին, հայրիկի շնորհիվ է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ է աշխատում։ Նա գրեթե ոչինչ չի հայտարարագրել բացի բանկային դրամական հաշիվներից, որոնք կազմել են 100 դոլար, 100 եվրո և 309 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ։

Արտուշ Գաբրիելյանի որդու՝ Դավիթ Գաբրիելյանի, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 780 հազար դրամ, որը «ԷԴԻԿ ԵՎ ԼԻԱՆՆԱ» կազմակերպությունից է։

Գաբրիելյանի մյուս որդին՝ Էդիկ Գաբրիելյանը, ևս քննիչ է ՀՀ Քննչական կոմիտեում, որը հայտարարագրել է 2014 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա, որը գնել է 2018 թվականին։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 668 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 12 մլն և 24 հազար դոլար։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 2 մլն 156 հազար դրամ, որը ՀՀ Քննչական կոմիտեից է ստացել, որպես աշխատանքի վարձատրություն։

Ուշագրավն այն է, որ ընտանիքի անդամներն անշարժ գույք չեն հայտարարագրել:
Հիշեցնենք նաև, որ Արտուշ Գաբրիելյանը, որը «Սասնա ծռերի» գործով դատավորն էր, համարձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մասով որոշում կայացնել, նրա խափանման միջոցը ընտրել կալանավորումը: Նրա այս քայլի համար Գաբրիելյանին դատական համակարգում որակեցին «համարձակ տղա»:

Հավելենք, որ Գաբրիելյանը իշխանությունների սրտի դատավորն է, ով կատարում է յուրաքանչյուր հրաման, որը գալիս է վերևներից։ Նա նաև քննում է հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը։ Իչպես արդեն գրել էինք, սա քաղաքական հետապնդում է, որի հանցակիցն է նաև Գաբրիելյանը։

Նշենք, որ Գարիկ Գալեյանը երեկ 2 ամսով կալանավորվեց:

Էմմա Միքայելյան




Լրահոս