ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան առաջարկել է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանամերձ տեղամասում։

 

«Մենք ցավակցում ենք Սոթք գյուղում հայ զինծառայողների առիթով եւ կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք սրում են էսկալացիան, լարվածությունը եւ, առավել եւս, հանգեցնում են մարդկային զոհերի։ Այս ողբերգական միջադեպը մեկ անգամ եւս հաստատեց Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելության ոչ բարձր արդյունավետությունը»,- ասել է Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մշտական ռիթմիկ աշխատանքի կատարմանը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գծով՝ ռուսական խորհրդատվական աջակցությամբ, վստահության ամրապնդման համալիր միջոցառումների միաժամանակյա իրականացմամբ. «Մենք նաեւ կողմ ենք սահմանամերձ շրջանում ՀԱՊԿ առաքելության տեղակայմանը, եւ այստեղ, իհարկե, գնդակն արդեն Երեւանի դաշտում է։ Կազմակերպության մնացած անդամները նման քայլի պատրաստակամություն են հայտնել»։

«Ռուսական կողմը՝ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, այլ գերատեսչությունների գծով մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ եւ քայլեր է ձեռնարկում Արցախում հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար»,- հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններ կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը այդ հարցը մանրամասն քննարկել է օրերս Երեւան կատարած իր այցի ընթացքում, իսկ այժմ քննարկումներ է ունենում Ադրբեջանում։

«Մենք գործում ենք՝ 2020-2022 թթ. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բոլոր հայտարարությունների համաձայն։ Մենք հանդես ենք գալիս Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անխոչընդոտ մուտքի թույլատրման օգտին ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով, եւ կոչ ենք անում խուսափել տվյալ հարցի անտեղի քաղաքականացումից»,- ասել է Զախարովան։

Մարիա Զախարովան, հրաժարվելով մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին, նշել է, որ «Հայաստանի վարչապետը վերջին օրերին քիչ բան չի ասել»։

«Պարզապես ամփոփելով այդ բոլոր հայտարարությունները՝ ուզում եմ ասել, որ պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել եւ դա անել անընդհատ, ամեն առիթով։ Պետք է պատասխանատվություն կրել, սեփական պատասխանատվությունը, այլ ոչ թե ուրիշի ուսերին բարդել, եթե նրանք դա մեղք են համարում կամ, չգիտեմ, այդ սեփական պատասխանատվությունը դնել էլի ինչ-որ մեկի վրա։ Սրանով է քաղաքական գործիչը, պետական գործիչը տարբերվում պատահական մարդուց, որը չի մտածում իր երկրի ազգային շահերի մասին։ Եվս մեկ անգամ նշեմ. պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլապես դա մի քիչ նման է պարողի պարագային»,- ասել է Զախարովան։

 

 

 

ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է ՀՀ առողջապահության փոխնախարար։

Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է սեպտեմբերի 5-ին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

 

 

 

ԱՐՑԱԽԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

Երեկ Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու ուղեկցողների հետ միասին անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են  ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

«Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 7-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 90 հիվանդ, 3 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 1-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

 

 

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆԵՐ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի  հրամանագրով՝ մի շարք երկրներում ՀՀ նոր դեսպաններ են նշանակվել։

Մասնավորապես, Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան։

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայի Հանրապետությունում եւ Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից եւ նշանակվել Լեհաստանում ՀՀ դեսպան։

Աննա Աղաջանյանն էլ նշանակվել է Շվեդիայում ՀՀ դեսպան։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս գրել էր, որ Միսակ Բալասանյանի նշանակման որոշումը կայացվել է։

 

 

 

ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Սեպտեմբերի 5-ին մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրումը:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են, որ ԳԹԿ անձնական համարները դիմորդները պետք է ստանան այն բուհերից, որտեղ դիմում են:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱՅՐԱՄՈՎԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հունգարիա կատարած այցի շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բուդապեշտում հանդիպել է Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության գծով հանձնակատար Օլիվեր Վարհելիին։

Նշվել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները, այդ թվում՝ ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում։

«Ջեյհուն Բայրամովը, նշելով Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության բազմակողմ օրակարգի առկայությունը, գոհունակությամբ տեղեկացրել է, որ այդ կոնկրետ ոլորտում կան մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, առեւտրային, տրանսպորտային, էներգետիկ անվտանգության եւ այլն։ Նշվել է, որ նոր համակողմանի համաձայնագրի նախագիծը, որը նախատեսվում է ստորագրել Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ, կարող է կարեւոր դեր խաղալ կապերի հետագա զարգացման գործում։ Ընդգծվել է Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կարեւորությունը. այն նախատեսում է համատեղ գործունեություն էներգետիկ անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների զարգացում։ Խոսելով «Միջին միջանցք – Տրանսկասպիյսկ» միջազգային տրանսպորտային երթուղու պոտենցիալի ընդլայնման ոլորտում Ադրբեջանի առաջադրած նախաձեռնությունների մասին՝ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի բացումը, կարող է զգալի ավանդ ներդնել այդ գործընթացում»,- մեջբերել է ԶԼՄ-ն։

 

 

 

ՉԵՆ ՀԵՌԱՆԱ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Պեսկովն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե տեսնում են, որ Ռուսաստանը իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում Հարավային Կովկասի տարածաշրջանից։

«Մենք խորը հարգանք ենք տածում վարչապետ Փաշինյանի նկատմամբ, գնահատում ենք նրա եւ նախագահ Պուտինի աշխատանքային եւ շատ կառուցողական հարաբերությունները, բայց այդ թեզերի հետ չենք կարող համաձայնել։ Ռուսաստանը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ։ Ռուսաստանը շարունակում է հետեւողական, շատ կարեւոր դեր խաղալ իրավիճակի կայունացման եւ հակամարտության վերացման գործում։ Այս համատեքստում կարեւոր է տարածաշրջանի բոլոր պետությունների հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարություններին։ Նոր իրադարձություններ են եղել, որոնք որոշակիորեն փոխել են իրավիճակը, սակայն դա չի նշանակում, թե Ռուսաստանը ինչ-որ կերպ շեղվում է իր գործունեությունից»,- ասել է նա։




Լրահոս