ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՌԴ-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը եւ ԱՄՆ-ն սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կանցկացնեն «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

 

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջեւ կայունացման գործողություններ։

Ի՞նչ կտան հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, արդյոք դրանք կնպաստե՞ն երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությանը. այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ:

-Խոսքը խաղաղապահ զորքերի զորավարժության մասին է, այսինքն՝ այն տիպի սցենարներ, որոնք բնորոշ են, օրինակ, ոստիկանության զորքերին՝ որեւէ ոստիկանական օպերացիա կազմակերպելու համար: Այսինքն՝ եթե նույնիսկ ոմանք քարոզում են սա որպես ինչ-որ հայ-ամերիկյան լայնածավալ ռազմական համագործակցության ավետաբեր զորավարժություն, դա այդպես չէ: Նախկինում էլ են եղել զորավարժություններ, վարժանքներ, որոնց մասնակցել են մեր խաղաղապահները:

-Շատերը նաեւ սա հակադրում են ՀԱՊԿ զորավարժություններին՝ ասելով, որ, տեսե՛ք, հայերը հրաժարվում են մասնակցել այս զորավարժություններին, բայց, դրա փոխարեն, Միացյալ Նահանգների հետ են համատեղ զորավարժություններ անում: Այս մասին ի՞նչ կասեք:

-Դա մոտավորապես նման է նրան, որ, օրինակ, վարունգը համեմատեք տաբուրետի հետ: Այսինքն՝ մեկը խաղաղապահ զորքերի զորավարժություն է, մյուսը՝ լրիվ այլ բան: ՀԱՊԿ-ը ենթադրաբար պետք է ապահովեր ընդհանրապես անվտանգային համակարգը Հայաստանի, իսկ Միացյալ Նահանգները նման պարտավորություններ չունի, եւ, ավելին, դրա մասին բացահայտում են՝ ասելով, որ Հայաստանը իր անվտանգային հարցերը պետք է լուծի՝ բանակցելով Թուրքիայի հետ:

-Ի՞նչ եք կարծում, այս զորավարժությունները որեւէ կերպ կազդե՞ն Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա, ինչ-որ դժգոհություններ ռուսական կողմից կա՞ն կամ կլինե՞ն:

-Խնդիրն այն է, որ ցուցադրաբար գործողություններ են արվում. նախկինում Հայաստանը ե՛ւ ՆԱՏՕ-ի հետ է զորավարժություններ արել, եւ՛ առանձին ամերիկյան համատեղ ինչ-որ  գործողություններ են եղել, բայց այդ ամենը չի արվել ցուցադրաբար՝ ի հակադրումն Ռուսաստանի: Այժմ ամեն ինչ հենց այդպես է արվում, օրինակ՝ նույն Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու ֆոնին:

-Իսկ սա որեւէ կերպ կնպաստի՞ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը, թե՞ առանձնապես նշանակություն չի ունենա. ի՞նչ եք կարծում:

-Սա բավական փոքր բան է. կարելի է խոսել հայ-ամերիկյան համագործակցության մասին, եթե լինեին ինչ-որ երկարաժամկետ պլաններ, իմանայինք, որ այդպիսի պլաններ կան, թե չէ հիմա նման փոքր բաները որպես մեծ համագործակցություն են ներկայացվում:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՍԿԱՆԴԱԼ՝ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն առանց միջադեպերի չի անցնում:

Երեկ իշխող ուժը քարոզարշավ էր իրականացնում Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակում: «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսել է, թե ինչպես է քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը փորձում մոտենալ «կարկառուն» ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին, սակայն աշխատակիցներն անմիջապես հեռացնում են քաղաքացուն. հավանաբար վախենում են, որ քաղաքացին կվնասի Սարգսյանին:

Ըստ տեղեկությունների՝ մինչեւ այդ քաղաքացու ու Սարգսյանի միջեւ լեզվակռիվ է եղել, եւ վերջինս փորձել է Սարգսյանի հետ «առանձնանալ», ինչը նկատել են ՔՊ-ականները ու «լիկվիդացրել են» քաղաքացուն:

Նշենք, որ Գարիկ Սարգսյանն ամենասկանդալային ՔՊ-ականներից է, որը մտադիր էր Արարատ մարզում կոկորդիլոս բուծելու ծրագիր իրականացնել ու պարբերաբար հպարտանում էր դրանով:

Թե ինչով են պայմանավորված իշխանության այսչափ վախերը, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ՔՊ-ականները շատ անհանգստություններ ունեն:

Ուշագրավ է, որ ՔՊ-ի քարոզարշավները գրեթե ամեն օր բազմաթիվ միջադեպերով են ուղեկցվում. իշխանականները հաճախ են տարբեր վարչական շրջաններում երեւանցիների բացասական եւ կոպիտ վերաբերմունքին արժանանում: Երեկ անգամ քաղաքացիներից մեկը ջուր էր շփել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վրա:

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «ԱԶԵՐԹԱՋ» գործակալությանը եւ հունգարական Magyar Demokrata պարբերականին տված հարցազրույցում հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին, ընդ որում՝ դա մատուցել է խաղաղության հաստատման պատրաստակամության անվան տակ։

Միեւնույն ժամանակ, Բայրամովը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «հողի վրա սադրանքներ կատարելու» համար։ Նրա խոսքով՝ «տարածաշրջանում լարվածության եւ պայթյունավտանգության լուրջ աղբյուր է Ադրբեջանի տարածքում հայկական զինված կազմավորումների (մոտ 10 հազար մարդ) ցայսօր պահպանվող ներկայությունը»։ Բայրամովը հայտարարել է, որ այդ ուժերին պահում է Հայաստանը, որը ֆինանսավորում է նրանց իր պետական բյուջեից։

«Այդ կազմավորումների անձնակազմի մի մասը Հայաստանի Զինված ուժերի զինվորական անձնակազմն է։ Կան սա հաստատող բազմաթիվ ապացույցներ»,- հավաստիացրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

 

 

 

Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի Աժ բոլոր խմբակցությունները, բացառությամբ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ի, ԱՀ նախագահի պաշտոնում առաջադրել են նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Միասնական հայրենիք»-ը կտրուկ դեմ է արտահայտվել Սամվել Շահրամանյանի թեկնածությանը, քանի որ մտադիր են Սամվել Բաբայանի թեկնածությունն առաջադրել:

Ավելին՝ «Միասնական հայրենիքը» հորդորել է բոյկոտել նախագահի ընտրության հարցով ԱԺ նիստը, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 8-ին: Հավելենք, որ, ըստ ԱՀ Սահմանադրության, նախագահը խորհրդարանում ընտրվում է պատգամավորների 2/3 ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

 

 

 

ՀԱՐԿԵՐԸ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ

Azdarar.am կայքից տեղեկանում ենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրացուցակը գլխավորող, քարոզարշավին, իսկ դրանից առաջ բեմերում օրինականությունից եւ կոռուպցիայից խոսող Հայկ Մարությանի ներկայիս թիմակիցները պարբերաբար թաքցրել կամ չեն վճարել հարկերը։ Ընդ որում՝ այդ ամենն արել են նաեւ այն ժամանակ, երբ Երեւանի քաղաքապետը Մարությանն էր։ Արդյունքում նրանք տուգանվել են ՊԵԿ-ի կողմից: Օրինակ՝ ավագանու ընտրացուցակի 10-րդ հորիզոնականում տեղավորված Արամ Թորոսյանը, որ «ԱՍԴԳ» ՍՊԸ տնօրենն է, 2020թ. տուգանվել է այն բանի համար, որ դրան նախորդած տարում չի վճարել 915 հազար դրամի չափով հարկեր։ Մեկ այլ դեպքում էլ 2021թ. հունվարին նա ծանուցվել է 1 մլն 882 հազար դրամի չկատարված հարկային պարտավորություններ ունենալու մասին։ Ընդ որում՝ նա չի վճարել ոչ միայն ԱԱՀ եւ ոչ ռեզիդենտի շահութահարկ, այլեւ սոցիալական վճարներ։ Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ 2021թ. ընկերությունն ունեցել է հետեւյալ պարտավորությունները՝

l ԱԱՀ -55971 դրամ, ապառք` 55860 դրամ, տույժ՝ 111 դրամ, որն առաջացել է 2020թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկից,

l Ոչ ռեզիդենտի շահութահարկ-12101 դրամ, ապառք` 12077 դրամ, տույժ՝ 24 դրամ, որն առաջացել է 2020թ. շահութահարկի 4-րդ եռամսյակային կանխավճարից,

l Սոցիալական վճար-191156 դրամ, ապառք` 190775 դրամ, տույժ՝ 381 դրամ, որն առաջացել է 2020թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկից,

l Եկամտային հարկ-1623438 դրամ, ապառք` 1620198 դրամ, տույժ՝ 3240 դրամ, որն առաջացել է 2020թ. դեկտեմբեր ամսվա հաշվարկից։

Նշենք, որ այս ընկերությունը զբաղվում է ֆիլմարտադրությամբ։

 

 




Լրահոս