ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Պրոդյուսեր Արման Նշանյանի ֆիլմը կներկայացվի «Օսկար» մրցանակաբաշխությանը․ բացառիկ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ շուտով Արման Նշանյանի պրոդյուսերական՝ «People of Ar Production»-ի և Անի Ոսկանյանի՝ «Ava Production»-ի համատեղ ստեղծած ֆիլմը՝ «Ամերիկացի»-ն, կներկայացնի Հայաստանը «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Ֆիլմի ռեժիսորը «Էմմի» և «Ոսկե գլոբուս»-ի արժանացած Մայքլ Գուրջյանն է։

ArmLur.am-ը զրուցել է ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանի հետ՝ ֆիլմի ստեղծման, բարձրացրած թեմայի և այլնի մասին․

«Սկսեմ նրանից, որ վերջին տարիներին ես և իմ գործընկեր Անի Ոսկանյանը շատ լավ ֆիլմեր ենք ներկայացրել Հայաստանը միջազգային հարթակներում․ դրանցից են «Սողոմոնի երգերը» , «Երբ քամին կանգնի» և Իննա Սահակյանի «Aurora’s Sunrise» ֆիլմերը։

Վերջին չորս տարիների ընթացքում մեր կողմից նկարահանածերեք ֆիլմերն են ներկայացրել Հայաստանը «Օսկար» մրցանակաբաշխությանը:

Ի տարբերություն մեր նոր՝ «Ամերիակցի» ֆիլմի՝ «Սողոմոնի երգերը» և «Երբ քամին կանգնի»-ն ավելի շատ ունեն Ցեղասպանության կամ Արցախյան դեպքերի հետ կապված խիստ քաղաքական ուղղվածություն։ Իսկ ահա «Ամերիակցի»-ն բարձրացնում է ավելի շատ համամարդկային թեմա, որը կարող է պատահել ցանկացած երկրում ցանկացած ազգի հետ։ Հենց սրա արդյունքում, կարծում եմ, այն ավելի մեծ շանսեր ունի «Օսկար» մրցանակաբաշխությանը աչքի ընկնելու համար, քանի որ նման մրցանակաբաշխությունները չեն սիրում, երբ երկրներն իրենց քաղաքական հերցերն են փորձում լուծել իրենց հարթակում»,- նշեց Արման Նշանյանը։

Խոսելով «Ամերիկացի» ֆիմի որակի մասին, պրոդյուսերը նկատեց, որ ֆիլմի որակը, թեման և բուն ասելիքը նույնիսկ չեն քննարկվում։ «Մենք ունենք մեծ, հզոր թիմ, որի աշխատանքի շնորհիվ ֆիլմն այսօր Ամերիկայի ավելի քան 50 երկրներում ցուցադրվում է։ Մեր մեծ թիմի արդյունքում է, որ «Ամերիկացի» ֆիլմն արդեն 14-ից ավել լուրջ մրցանակներ ունի աշխարհի տարբեր կինոփառատոններում։ Այս ամենի շնորհիվ է, որ ֆիլմն աչքի է ընկել «Օսկար»-ի անձնակազմի մոտ և այսօր հավակնում է «Օսկար»-ի մրցանակի»։

«Ամերիկացի» ֆիմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհն էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը:

Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման: Իրավիճակի ամբողջ լրջությունն ու սարսափը գիտակցելու հետ մեկտեղ, Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի հետևանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մոտակա շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ՝ Տիգրանն ու Ռուզանը: Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետևել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն:

Հավելենք, որ «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին, իսկ անվանակարգերը կհայտարարվեն 2024 թվականի հունվարի 23-ին։

Մարիամ Ղազարյան




Լրահոս