Հայտնի են «Օսկար 2024» մրցանակի հավակնորդները. հայկական «Ամերիկացին» ցուցակում չի ընդգրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության ոսկե արձանիկի հավակնորդներին, այդ մասին տեղեկացնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը։

Ինչպես և սպասվում էր, Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» (Oppenheimer) ֆիլմը գլխավորում է մրցանակի հավակնորդների ցուցակը՝ 13 անվանակարգերով։ Յորգոս Լանտիմոսի «Խեղճուկրակները» (Poor Things) ֆանտաստիկ ֆիլմը 11 անվանակարգում է նոմինացվել, Մարտին Սկորսեզեի «Ծաղկային Լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon) դրաման ստացել է 10 անվանակարգ, «Բարբի» (Barbie) ամառային բլոկբաստերը՝ ութ անվանակարգ։

«Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակի համար կպայքարեն «Ամերիկյան ֆիքշն» (American Fiction), «Անկման անատոմիա» (Anatomy of a Fall), «Բարբի» (Barbie), «Լքվածները» (The Holdovers), «Ծաղկային Լուսնի սպանողները» (Killers of the Flower Moon),«Մաեստրո» (Maestro), «Օպենհայմեր» (Oppenheimer), «Անցյալի կյանքեր» (Past Lives), «Խեղճուկրակները» (Poor Things), «Հետաքրքրության գոտի» (The Zone of Interest) ժապավենները։

«Լավագույն դերասան» անվանակարգում հաղթանակի են հավակնում Բրեդլի Կուպերը («Մաեստրո», Maestro), Քոլման Դոմինգոն («Ռաստին», Rustin), Փոլ Ջիամատտին («Լքվածները», The Holdovers), Կիլիան Մերֆին («Օպենհայմեր», Oppenheimer), Ջեֆրի Ռայթը («Ամերիկյան ֆիքշն», American Fiction):

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրված են Անետ Բենինգը («Նայեդ», Nyad), Լիլի Գլադստոնը («Ծաղկային Լուսնի սպանողները», Killers of the Flower Moon), Սանդրա Հյուլերը («Անկման անատոմիա», Anatomy of a Fall), Քերի Մալիգանը («Մաեստրո», Maestro), Էմմա Սթոունը («Խեղճուկրակները» Poor Things):

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթանակի համար կպայքարեն Ջոնաթան Գլեյզերը («Հետաքրքրության գոտի», The Zone of Interest), Յորգոս Լանտիմոսը («Խեղճուկրակները», Poor Things), Քրիստոֆեր Նոլանը («Օպենհայմեր», Oppenheimer), Մարտին Սկորսեզեն («Ծաղկային Լուսնի սպանողները», Killers of the Flower Moon), Ժուսթին Տրիեն («Անկման անատոմիա», Anatomy of a Fall):

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հայկական «Ամերիկացի» ֆիլմը չի ընգրկվել: Այս անվանակարգում իրենց տեղն են գտել Իտալիայից, Ճապոնիայից, Իսպանիայից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից ներկայացված ֆիլմերը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 10-ին։ Հավակնորդների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։




Լրահոս