ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԿԵՂԾ ԹԵԶԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի շրջանառած կեղծ թեզերի վերաբերյալ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ դրանում, մասնավորապես, ասված է, որ սեպտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության են նման:

«Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների եւ Հայաստանի դեմ ագրեսիայի քաղաքականության իրականացման գործում միջազգային հանրությանը «համապատասխանատու» կարգելու նպատակ ունի, ինչն անընդունելի է:

Վերոհիշյալ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդել են, թե Հայաստանի Հանրապետությունը մերժում է լարվածության թուլացմանն ուղղված բոլոր առաջարկները: Անհասկանալի է, թե ինչ առաջարկների մասին է խոսում Ադրբեջանը, եւ օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ տվյալ հարցը պարզաբանված չէ: Հարկ ենք համարում նշել, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում»,- տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որեւէ աղերս չունեն. «Հայաստանի Հանրապետության աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ, ինչի անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով: Հայաստանի Հանրապետությունը ողջունում է երկարատեւ դադարից հետո հումանիտար առաջին բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ եւ հույս ունի, որ այն շարունակական ու կայուն բնույթ կկրի:

Միեւնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ Լաչինի միջանցքի՝ 9 ամիս շարունակվող արգելափակումը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների կոպտագույն խախտում է:

Չէին լինի Հայաստանի, միջազգային գործընկերների, անգամ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, եթե ինքը՝ Ադրբեջանը, իր ապօրինի գործողություններով չստեղծեր հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում եւ չխոչընդոտեր ՄԱԿ կառույցների եւ այլ միջազգային գործընկերների մուտքը Լեռնային Ղարաբաղ»։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԱԳՆ-ից հայտնում են, որ, Լաչինի միջանցքի արգելափակմանը զուգահեռ, Ադրբեջանը խափանել է գազի եւ Էլեկտրականության մատակարարումները դեպի ԼՂ, ինչն ակնհայտ է դարձնում, որ միջանցքի արգելափակման ադրբեջանական խոսույթը կեղծ է. եթե Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացատրում է միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ զենք եւ ռազմամթերք տեղափոխելու մասին կեղծ լուրերով, անհասկանալի է, թե էլեկտրագծերով էլ ինչ է հնարավոր տեղափոխել, բացի էլեկտրական էներգիայից, եւ գազամուղով էլ ինչ է հնարավոր տեղափոխել, բացի բնական գազից:

«Ինչ վերաբերում է ԼՂ-ում ՀՀ բանակի առկայության վերաբերյալ ադրբեջանական պնդումներին, կրկին ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականապատում իրականացնելու կեղծ պնդումները հերքվել են Արդարադատության միջազգային դատարանի ս/թ փետրվարի 22-ի որոշումով:

Հարկ ենք համարում կրկին ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, ինչպես նաեւ 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի եւ 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին: Մտահոգությամբ ենք արձանագրում, որ պաշտոնական Բաքուն մինչեւ օրս հրապարակային կերպով չի հաստատել իր հավատարմությունը մասնավորապես 2023թ. մայիսի 14-ի բրյուսելյան պայմանավորվածություններին, ինչը տարածաշրջանում լարվածության առանցքային գործոն է:

Ադրբեջանի նկատառումները Հայաստանի ռազմական կարողությունների զարգացման մասին նույնպես անհասկանալի են: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ հարեւանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու որեւէ մտադրություն չունի, իսկ ռազմական ոլորտի բարեփոխումները սեփական տարածքային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն:

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, լարվածության թուլացման միջոցը տեսնում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը եւ հույս ունենք, որ տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված մեր միջազգային գործընկերները հավելյալ միջոցներ կձեռնարկեն նման երկխոսության հուսալի մեխանիզմներ ստեղծելու համար»:

 

 

 

ԱՐՑԱԽԻՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆ

Սեպտեմբերի 19-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառու ուղեկցողների հետ միասին անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշենք, որ «Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 6-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 67 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

 

 

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԼԱՐՎԱԾ Է

Արցախում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու եւ Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն։

Նշվում է, որ ընթացիկ գործունեությունների մասին տեղեկացված են ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը եւ Աղդամում գտնվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը։

«Գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվելու առաջնագծի երկայնքով, եւ խորքում շարքից հանվելու են հայկական զինված ուժերի դիրքերը, նրանց հեռահար կրակային կետերը, ռազմական միջոցները եւ ռազմական նշանակության օբյեկտները», – ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ՝ կեսօրից, Արցախում տագնապ էր, եւ կրակում էին Ստեփանակերտի ուղղությամբ։

 

 

 

ԱՐՁԱԳԱՆՔ՝ ԱՐՑԱԽԻՑ

«Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը»,- «Ժողովուրդ» օրաթերթին տված արձագանքում նշել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր եւ տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվել են ինտեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար:

Արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի եւ հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:

Ինչպես տեղյակ եք, վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, որ, իբր թե, արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը:

Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապես ծրագրավորված են եղել: Սա լրիվությամբ տեղավորվում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին հաղորդումներին:

Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը եւ քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:

Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,- նշվում է նախարարի արձագանքում:

 




Լրահոս