ՈՎ Ո՞ՒՄ ՕԳՏԻՆ ԿՔՎԵԱՐԿԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններից հետո փակուղային իրավիճակ է ստեղծվել: Ընտրության արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ, սակայն նրանցից որեւէ մեկը 50 եւ ավելի տոկոս չի հավաքել, որպեսզի կարողանա միանձնյա քաղաքային իշխանություն ձեւավորել։ Արդեն մեկ շաբաթ է՝ Երեւանը քաղաքապետ չունի: Անհրաժեշտ է լինելու կոալիցիաներ կազմել, կամ պետք է նոր արտահերթ ընտրություններ լինեն: Ըստ նախնական հաշվարկների՝ Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Այն կվարի ավագանու անդամներից ամենատարեցը, եւ անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերը կընտրեն Երեւանի քաղաքապետ։

 

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն երեկ ամփոփել է Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ՝ մանդատները բաշխվել են հետեւալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-24 մանդատ,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն-14 մանդատ,

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ,

«Հանրապետություն» կուսակցություն-8 մանդատ,

«Հանրային ձայն» կուսակցություն-7 մանդատ:

«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Հայկ Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, ԿԸՀ-ն արդեն հրապարակել է ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ՝ ավագանի անցած ընդդիմադիր ուժերը միասին վերցրած ավելի շատ ձայներ ունեն, քան իշխանությունը, ուստի ընդդիմությունը կարող է քաղաքապետ ընտրել: Արդյոք այս հարցով սկսվե՞լ են բանակցությունները մյուս ուժերի հետ, ի՞նչ որոշում ունեք:

-Այդ բանակցությունները հրապարակային են եղել, ինչ-որ հատուկ քննարկում չի եղել, ամեն բան հրապարակային ֆորմատով է եղել։ Մենք մի բան հայտարարել ենք, նրանք արձագանքել են: Ներքին քննարկումներ չեն եղել: Մենք հավատարիմ ենք մնալու մեր առաջարկներին մինչեւ վերջ՝ չհամագործակցել ՔՊ-ի հետ, ընդհուպ մինչեւ երկրորդ տարբերակը՝ չգնալ ու ավագանու առաջին նիստին քվորում չապահովել:

-Ընդդիմադիր ուժերը, ի պատասխան Հայկ Մարությանի երկու առաջարկների (նորընտիր ավագանու առաջին նիստին գալ ու իրեն ձայն տալ կամ էլ գնալ արտահերթ ընտրությունների), նախապայմաններ էին առաջ բերել: Քննարկե՞լ եք դրանք, համաձա՞յն եք այդ նախապայմանների հետ:

-Մենք ասում ենք, որ ընտրության արդյունքներում առավել ձայն ստացած ընդդիմադիր ուժին գան ու ձայն տան, իրենք էլ նախապայմաններ են առաջադրում: Դրանց շուրջ քննարկում կլինի, եւ կարձագանքենք, բայց դա չի դարձնում կոալիցիա։ Նրանք, օրինակ, ասում են պաշտոններ. եթե նույնիսկ դրան էլ համաձայնենք, միեւնույնն է, չի դարձնում մեզ կոալիցիա:

-Հայկ Մարությանի հայտարարությունից հետո շատ քննադատություններ հնչեցին, որ իրավիճակը փակուղի եք մտցնում նման կատեգորիկ առաջարկներով, ինչի հետեւանքով ընդդիմությանը չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ, եւ հնարավորություն եք տալիս իշխանություններին:

-Փակուղային վիճակ չկա։ Մի ուժն ասել է, որ ձայն կտա մեր թեկնածուին, մյուս ուժն էլ ասել է՝ ձայն կտան, եթե վերահսկողական ապարատը տան իրենց. ուրիշ նախապայմանից ես տեղյակ չեմ: Մենք կատեգորիկ բան չենք ասում. ասում ենք, որ մեզ համար առաջնային է, որ չենք գնա համագործակցության ՔՊ-ի հետ: Եթե մենք թույլ տանք, որ ՔՊ-ն ընտրվի, դա էլ կլինի համագործակցություն: Մենք գտնում ենք, որ որեւէ ընդդիմադիր ուժ իր քայլով կամ անգործությամբ չպետք է հնարավորություն տա իշխող ուժին: Օրինակ՝ որ գնան ու ոչ մեկին ձայն չտան, այդպես էլ չպետք է լինի, որեւէ ընդդիմադիր ուժ իր անգործությամբ չպետք է նպաստի ՔՊ-ի ընտրվելուն:

-Այսինքն՝ հնարավո՞ր է զիջումների գնաք եւ ընդունեք ընդդիմադիր ուժերի նախապայմանները:

-Մենք որեւէ բան չենք ժխտել, մենք ուզում էինք հստակ իմանալ՝ որոնք են այդ վերահսկող գործառույթները: Դա հիմա քննարկում ենք ու առաջիկայում կարձագանքենք:

-Հոկտեմբերի 10-ին նոր ավագանին նիստ պետք է անի եւ քաղաքապետ ընտրի. կրկին առաջադրելո՞ւ եք Մարությանի թեկնածությունը:

-Այո՛, անպայման։

-Իսկ մյուս ուժերի հետ ի՞նչ համաձայնության եք եկել, պատրա՞ստ են գալ ու քվեարկել Հայկ Մարությանի թեկնածության օգտին:

-Որքանով ես տեղյակ եմ, «Մայր Հայաստանը» կգա եւ կքվեարկի, իսկ «Հանրային ձայնը» ձայն կտա մեր թեկնածուին, եթե վերահսկող գործառույթները տանք նրանց:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՈՒՂՂԱԹԻՌՈՎ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Ավելի քան երկու օր Լեռնային Ղարաբաղից Լաչինի միջանցքով Հայաստան են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Նրանց դիմավորում են Կոռնիձորում, որտեղ տեղակայված է վրանային կայան: Բնակիչներն այնտեղ ստանում են առաջին օգնություն, գրանցվում են, տեղի է ունենում առաջնային կարիքների գնահատում:

 

Այս ամենի հետեւանքով Կոռնիձոր-Գորիս ճանապարհահատվածը ծանրաբեռնված է, ոստիկաններն էլ ավտոշարասյուներն ուղեկցում են Գորիս:

Այնտեղ իր առաքելությունն է կատարում նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ որեւէ փոփոխություն չկա տվյալներում, լինելու դեպքում հրապարակավ կտեղեկացնեն քաղաքացիներին:

«Բոլոր նախարարությունների մասշտաբով կարգավորվում է իրավիճակը. միայն Առողջապահության նախարարությունը չի այս ամենի էպիկենտրոնում: Հնարավոր բոլոր ուժերով արվում է հնարավոր ու անհնարին ամեն ինչ այս պահի համար»:

Հարցին, թե արդյոք սանավիացիայով կատարվում են այս պահին աշխատանքներ, նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնից հայտնեցին, որ տեղյակ չեն եւ հավելյալ տեղեկության դեպքում անպայման կհայտնեն:

Չնայած քաղաքացիները բողոքում են դանդաղ իրականացվող աշխատանքներից նախարարության կողմից, այդուհանդերձ նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ շուրջօրյա մինչեւ այս պահը ամբողջ թիմով աշխատում են:

Հարցին, թե արդյոք բանակցություններ տարվում են, որպեսզի վիրավորները գոնե Քարվաճառի տարածքով տեղափոխվեն Հայաստան, քանի որ սեպտեմբերի 19-ից հետո վիրավորները անհամեմատ շատացել են, դրան էլ գումարվել է նաեւ բենզալցակայանի պայթյունը, սակայն նախարարությունից հայտնեցին, որ այդ ինֆորմացիային եւս չեն տիրապետում:

Հավելենք, որ րոպեներ առաջ ՀՀ ԱՆ հաղորդագրություն տարածեց, որում ասվում է.

«Ուղղաթիռով բժիշկների թիմը անհրաժեշտ դեղորայքով եւ բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։

«Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն»-ից նախապատրաստում են պացիենտների տեղափոխումը»։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ ՈՒՇԱՑՐԵԼ Է

ՀՀ առողջապահության նախարարությունը Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից չորս ժամ անց է միայն որոշել մտածել վիրավորներին Երեւան տեղափոխելու մասին։

Հայտնի է, որ ժամը յոթի սահմաններում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։

Եվ, ահա, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կողմից երկու անգամ սանավիացիայի մասին հարցը բարձրաձայնելուց հետո միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները օդային եւ ցամաքային ճանապարհով տուժածների տեղափոխումն ապահովելու համար. ցավոք, գիշերային եւ եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը։

Այսինքն՝ Անահիտ Ավանեսյանի գլխավորած կառույցը չորս ժամ սպասել եւ նոր միայն հասկացել է, որ չեն կարող վիրավորներին տեղափոխել։ Իսկ ո՞ւր էին նրանք մինչեւ դա։

 

 

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ՝ «ԳՄԲԵԹ 2»

ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ կազմակերպվում է «Գմբեթ 2» նախագիծը, որի շրջանակներում սահմանային գոտում կառուցվելու են փայտահողային պաշտպանական կետեր։ Մինչ այս եղել է «Գմբեթ 1»-ը, որի ընթացքում կառուցվել են երկարաժամկետ պաշտպանական կետեր։ Պաշտպանության առաջին գծի սարքավորմամբ զբաղվում է պետությունը, իսկ երկրորդ գծի ամրապնդմամբ զբաղվում է ՈՄԱ-ն իր «Գմբեթ 1»-ով եւ «Գմբեթ 2»-ով։ Այն կառույցները, որոնք պատրաստվում են դառնալ «Գմբեթ 2», արժեն 2 հազար 300 դոլար. 80 կրակակետ արդեն կառուցվել է, եւս 25-ը կառուցման փուլում է։ Այս նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է 92 հազար դոլար, որը փորձում են հավաքել տարբեր միջոցներով՝ նվիրատվությունից մինչեւ մակուլատուրա թղթերի հանձնում, որից կուտակված գումարը ուղղվելու է այս ծրագրի ֆինանսավորմանը։ Արցախում տեղի ունեցող իրավիճակից ելնելով՝ ավելացել են ՈՄԱ-ի «Գմբեթ 2»-ի աջակիցները՝ երգիչներ, բլոգերներ դերասաններ, ուսանողներ եւ պարզապես հասարակ մարդիկ, որոնք մտածում են պետության ամրության եւ ապահովության մասին։ Համացանցում այս նախագծի վերաբերյալ հանդիպում ենք եւ՛ լավ, եւ՛ վատ կարծիքների։ Շատերն ասում են, որ «Գմբեթ 2»-ի ժամանակը չէ, Արցախից մարդիկ են տեղահանվում, պետք է նրանց օգնել, տուն տալ, սնունդ, հագուստ։ Այժմ, սակայն, ամրաշինական աշխատանքները ամենաանհրաժեշտն են Հայաստանի ապագայի համար։ Հիմա, երբ Արցախը քայքայվում է, մեզ պետք են ամուր սահման եւ ուժեղ զինվոր, այնպես որ, պետք է աջակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, որքանով կարող ենք։ Նշենք, որ ՈՄԱ-ի այս նախագիծը նոր չէ, այն վաղուց է եղել։

 




Լրահոս